Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Մարտի 1֊ի զոհերի հարազատների հետ։ Քննարկման որոշ մանրամասների եւ ակնկալվող արդյունքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։
֊Պարո՛ն Քլոյան, Ձեզ գոհացրե՞ց վարչապետի հետ հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան։
֊Կարող եմ ասել, որ շատ լավ տպավորություն ստացա այն իմաստով, որ գործընթացը գնում է նորմալ հունով։ Մենք չենք շտապում։ ՀՔԾ-ին մենք վստահում ենք այն առումով, որ նա լիարժեք կբացահայտի Մարտի 1֊ը։ Փաշինյանը մեզ ասաց. համբերությամբ սպասեք, գործը երկար է տեւելու։ Այս գործով մի մարդ չի հարցաքննվելու, տասը մարդ չի հարցաքննվելու, այլ հարյուրից ավելի մարդիկ։ Վարչապետն ասաց՝ գործընթացը շարունակվելու է, տասը տարի սպասել եք, մի քիչ էլ սպասեք, ամեն ինչ լավ կլինի։
֊Այսինքն` վստահո՞ւմ եք վարչապետին։
֊Այո՛, այո՛, միանշանակ։
֊Այն, որ 2008֊ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, հետո ազատ արձակվեց, Ձեր դիտարկմամբ՝ ճի՞շտ որոշում էր։
֊Արդեն գործը մտել է Վճռաբեկ դատարան։ Եվ հիմա մենք՝ զոհերի իրավահաջորդներս՝ փաստաբան Վահե Գրիգորյանի գլխավորությամբ, փորձելու է շաբաթվա վերջին մտնել Վճռաբեկ դատարան։ Մենք առանձին ենք մտնելու, դատախազությունն՝ առանձին։ Եվ տեսնենք, թե ինչ շարունակություն կունենա։
֊Քաղաքական մասով, ըստ Ձեզ՝ ովքեր պետք է պատասխանատվություն կրեն։
֊Դե, բնական է՝ առաջին հերթին 2008-ին պաշտոնավարած գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռոբերտ Քոչարյանը, նա առաջին պատասխանատուն է, բնական է՝ Սերժ Սարգսյանը, գլխավոր դատախազը, Պաշտպանության նախարարը, Ներքին զորքերի հրամանատարը, ոստիկանապետը, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, շտաբի պետերը եւ, իհարկե, վերջում ձգան քաշողը։ Բոլորը պատասխանատվության պետք է ենթարկվեն։
֊Սպասո՞ւմ էիք, որ գործը կվերաբացվի։
֊Եղել է իշխանափոխություն։ Մենք երկար տարիներ սպասել ենք իշխանափոխությանը։ Եկավ թավշյա հեղափոխությունը, մեր չարչարանքը ջուրը չընկավ եւ արդարությունը, ճշմարտությունը ճիշտ են ասում՝ հիվանդանում է, բայց չի մահանում։ 2008֊ին տուժածներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։ Վստահ ենք, որ ամեն ինչ նորմալ կընթանա, որովհետեւ իշխանությունը մերն է։
֊Ի՞նչ եք կարծում՝ 2008֊ին կարիք կա՞ր արտակարգ դրություն հայտարարելու երկրում։
֊Ես մասնագետներից տեղեկացել եմ, որ արտակարգ դրություն հայտարարում են այն ժամանակ, երբ աղետ է լինում, ջրհեղեղ, երկրաշարժ, անտառներ են այրվում եւ այլն։ Բայց եթե զորք է մտնում Երեւան քաղաք, դա անվանում են ռազմական դրություն։ Իսկ մեզ մոտ ռազմական դրություն չի եղել. արտակարգ դրություն է եղել։ Իսկ այդ ժամանակ չի կարելի զինված զորքը մտնի Երեւանի կենտրոն։ Իսկ ցուցարարները խաղաղ են եղել։ Ազգային ժողովում փետրվարի 23֊ի լսումների ժամանակ Սամվել Նիկոյանը հայտնեց, որ ոչ մի ոստիկան, ոչ մի զինվոր հրազենային վնասվածք չի ստացել։ Իսկ եթե չի ստացել, ուրեմն ընդդիմության ձեռքին զենք չի եղել։
Մերի Մարտիրոսյան