Երեկ ավարտվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, եւ ըստ այդմ սեպտեմբերի 23-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու է 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 9 կուսակցություն:
Դրանք են՝ «Իմ քայլը» դաշինք, «Ժառանգություն» կուսակցություն, «Լույս» դաշինք, «Երեւանի հանրություն» դաշինք, ԲՀԿ, «Հայկազունիներ» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, ՕԵԿ, ՀՅԴ կուսակցություններ եւ «Երեւանցիներ» դաշինք:
Թերեւս ամենամեծ անակնկալներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ այլ դաշինքով այդ ընտրություններին մասնակցելու հանգամանքն էր: Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ այդ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում են «Առաքելություն» կուսակցությունը եւ տարբեր անհատներ, ովքեր բոլորն էլ ակտիվ են եղել թավշյա հեղափոխության օրերին, այլ կերպ ասած` քայլել են նրա հետ: Դեռեւս շաբաթներ առաջ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ չի բացառվում՝ ՔՊ-ն ընտրություններին մասնակցի դաշինքով, սակայն դա չլինի «Ելք» դաշինքը: Սակայն դրանից հետո այս թեման կարծես երկրորդ պլան մղվեց:
Հիմա, փաստորեն, պարզվում է՝ ՔՊ-ն դաշինք է կազմել միայն մեկ կուսակցության հետ: Հետաքրքիր է փաստը, որ «Առաքելություն» կուսակցությունը 2017թ. ԱԺ ընտրություններում էլ ԲՀԿ-ի հետ էր համագործակցում, «Ծառուկյան» դաշինքի անդամներից էր, ավելին` այդ կուսակցության քաղխորհրդի անդամներից Մանուկ Սուքիասյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր: Թավշյա հեղափոխության ժամանակ, սակայն, «Առաքելություն»-ը Փաշինյանի կողքին էր, եւ այդ կուսակցության հիմնադիրներից տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը հիմա վարչապետի խորհրդականն է:
Նկատենք, որ ՔՊ-ի եւ «Առաքելություն» կուսակցությունների դաշինքն անակնկալ չէ այն ուժերի համար, որոնց հետ ՔՊ-ն ԱԺ-ում դեռ դաշինքային հարաբերությունների մեջ է: «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նշեց, թե այդպիսի նախանշաններ եղել են քննարկումների ժամանակ, եւ այս որոշումն անակնկալ չէր: Իսկ, օրինակ, ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը, ով այժմ նորաստեղծ «Լույս» դաշինքի ավագանու թեկնածուների թվում է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց ՝ ասելով, թե անարդար է առաջնորդվել միայն «ով մեզ հետ քայլել է» սկզբունքով՝ կարծիք հայտնելով, որ դա հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ հենց վարչապետի համար:
Ինչեւէ, ներկայացնենք, թե ուժերից մի քանիսն ինչ ցուցակներով կմասնակցեն ընտրություններին: Նախ նշենք, որ, օրինակ, «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքների, ինչպես նաեւ ԲՀԿ-ի ցուցակն անցնում է 100-ից:
Երեկ հրապարակվեց «Իմ քայլը» դաշինքի առաջին 50 հոգու անուննեւրը: Ինչպես եւ սպասելի էր, այս ցուցակում ընդգրկված են հեղափոխության օրերին ամենաակտիվ երիտասարդները: Առաջին հորիզոնականում, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, երկրորդը՝ ՔՊ անդամ Սրբուհի Ղազարյանը, ով վարչությունում առաջադրված էր եղել որպես քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրության օրն ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ ահա եռյակը եզրափակում է Սերգեյ Սարգսյանը, ով մանկաբույժ է:
Այս դաշինքի ցանկում կան թե՛ ՔՊ-ականներ, թե՛ «Առաքելություն» կուսակցության անդամներ, թե՛ ՀԱԿ համակիրներ (հիշեցնենք՝ ՀԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցի ավագանու ընտրություններին եւ կսատարի Փաշինյանի ղեկավարած ուժին), անկուսակցականներ: Օրինակ` ցուցակի վեցերորդ համարում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն, ով նախկինում մշտապես աչքի էր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, 9-րդ հորիզոնականում փաստաբան Իզաբելա Աբգարյանն է, 13-րդը՝ Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, 38-ում երգահան Արթուր Իսպիրյանն է, 24-ում՝ օպերային երգչուհի Լիլիթ Պիպոյանը, մեծ թվով ակտիվիստ երիտասարդներ, ՀԱԿ-ի համակիրներ՝ Եվա Թովմասյան, Սոնա Ղազարյան: Այսինքն` այս ցանկը կազմված է զուտ թավշյա հեղափոխության մոտիվներով, եւ հենց այդպես բացատրեցին ՔՊ անդամները ոչ «Ելք» դաշինքով մասնակցելը:
Քաղաքապետի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով:
Ինչպես հայտնի է` ցուցակը գլխավորում է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդում «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն է, երրորդում՝ քաղաքագետ Արման Աբովյանը: ԲՀԿ-ի ցանկը բազմազան է, օրինակ` վեցերորդում ծանրորդ Նազիկ Ավդալյանն է, 8-ում` պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական Արմեն Այվազյանը, 9-ում` Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը, 11-ում` ՎՍԴՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այս ցանկում բոլորը հիմնականում այս կամ այն վարչական շրջանի կուսակցության ղեկավարներն են:
Բոլորին ծանոթ ցանկ թերեւս ներկայացրել է միայն «Լույս» դաշինքը: Առաջին տասնյակում բոլորը գործող ավագանիներ են, օրինակ՝ Դավիթ Խաժակյան, Անի Խաչատրյան, Անի Սամսոնյան, Թեհմինա Վարդանյան, Անահիտ Բախշյան, Տիգրան Տեր-Մարգարյան: Ընդ որում, առաջին 20-ում միայն երկուսն են անկուսակցական՝ Անդրանիկ Հակոբյանն ու Վարդան Մառաշլյան, մյուսները հանդիսանում են կամ ԼՀ, կամ «Հանրապետություն» կուսակցության անդամներ:
Ինչպես արդեն նշեցինք` ընտրություններին կմասնակցի 13 ուժ. դաշինքներին «Լույս»-ի եւ «Իմ քայլ»-ի ընդգրկվածությունը պարզ է, իսկ ահա մյուս երկուսն անծանոթ են. օրինակ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում հանդես են գալու «Երեւանցիներ» դաշինքով: Դաշինքի ցուցակը գլխավորում է ՀՀՇ կուսակցության նախագահ, պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականում են նրա կուսակից, Կենտրոնի նախկին փոխթաղապետ Դավիթ Առաքելյանը եւ Գագիկ Գյանջումյանը: Ցուցակի չորրորդ տեղում «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանն է:
Իսկ ահա «Երեւանի հանրություն» դաշինքը ստեղծվել է «Երեւանի հանրություն», նախաձեռնության հիման վրա, որի ստեղծման որոշումն ընդունվել է 2018 թվականի հուլիսի 21-ին։ Հուլիսի 29-ին նախաձեռնությանն է միացել նաեւ Գյումրիում գործող «Գաղափարակից լիբերալների ալյանս – ԳԱԼԱ» կուսակցությունը», իսկ օգոստոսի 21-ին նախաձեռնությանն է միացել նաեւ Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը, եւ «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը վերափոխվել է «Երեւանի հանրություն» դաշինքի։ Այս դաշինքի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Եվ չնայած քարոզարշավը տեւելու է 11 օր, սակայն իրավմամբ հետաքրքիր պայքար է սպասվում, բայց եւ շատ կանխատեսելի ելքով:
Նաիրա Հովհաննիսյան