Նոր մանրամասներ ավագ լեյտենանտի մահվան գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ 2018թ. օգոստոսի 29-ին` ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Հովհաննիսյանը` կզակի եւ գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Արդյունքում` դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ավագ լեյտենանտի մահվան գործով: Եվ այսպես` պարզեցինք, որ Կարեն Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ ռազմական ոստիկանության Մեղրիի մասնաճյուղի հերթապահ մասում եւ դեպքի օրն էլ եղել է հերթապահության մեջ: Վերջինիս ընտանիքն ապրում է Կապան քաղաքում: Ըստ նախնական տեղեկությունների` Կարեն Հովհաննիսյանը ինքն է իրեն կրակել, իսկ թե ինչու, պատասխանը դեռեւս որեւէ մեկին հայտնի չէ: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ավագ լեյտենանտի հետ կատարվածի մասով զրուցեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու պետք է ռազմական ոստիկանության ավագ լեյտենանտն ինքնասպան լիներ, թե, այնուամենայնիվ, նրան սպանել են:

«Ցանկացած զոհ, կապ չունի` լինի ոստիկանության կամ այլ ոլորտի, դա մեզ համար չեպե է, շատ ցավալի ենք տանում, կրկնում եմ` ցանկացած զոհ, ավտովթար կլինի կամ այլ դեպք, աշխատում ենք այդ ուղղություններով բոլոր մարմինների հետ համագործակցված, որ նման դեպքերը բացառենք: Այս դեպքի մասին ոչինչ ասել չեմ կարող, քննիչներն են հիմա դեպքով զբաղվում, եւ իրավասու չեմ որեւէ բան հայտնել: Միայն կարծում եմ, որ այդ դեպքով որեւէ մեկ այլ անձի մեղադրանք չի առաջադրվի, որովհետեւ հերթապահ մասը շատ հանգիստ աշխատանք է, բացառված է, որ իրենց մոտ որեւէ ճնշումներ լինեն կամ այլ դրսեւորումներ, նման բանը բացառում եմ, մնացածը քննությունը ցույց կտա»,- ասաց նա:

Իսկ թե ինչն է դրդել ավագ լեյտենանտին գնալու այդ քայլին, հուսանք` կպարզի տարվող քննությունը, սակայն փաստ է մեկ բան, որ նա այդ քայլին գնացել է հենց հերթապահության ժամանակ, ինչը կասկածների տեղիք է տալիս:

Քնար Մանուկյան




Լրահոս