ՀԱՊԿ-ին անդամակցելու Ադրբեջանի նկրտումները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել ՀԱՊԿ-ին անդամակցելու Ադրբեջանի նկրտումների մասին: Հարցը լայնորեն արծարծվեց նախ ադրբեջանական մամուլում, ապա գործին միացան ռուսական քաղաքագիտական շրջանակները: Իրավիճակը թերեւս այնքան լրջացավ, որ Հայաստանը պաշտոնապես սպառնաց վետո կիրառել, եթե Ադրբեջանը գործնական քայլ կատարի այս ուղղությամբ:

Ադրբեջանի համար ՀԱՊԿ-ի դերակատարությունը, որպես միջազգային կազմակերպության, երբեք նշանակալից չի եղել: Դա վկայող փաստ է այն, որ 1994-1999թթ. անդամությունից հետո Ադրբեջանը դուրս եկավ կազմակերպությունից` մասնակցելով ՎՈՒԱՄ-ի հիմնադրմանը: Այսօր Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ունի անսասան բարեկամներ, հանձին Բելառուսի ու Ղազախստանի, ուստի կարծես կարիք չունի ուղղակիորեն ներկա գտնվելու ՆԱՏՕ-ին հակակշիռ ինքնահորջորջվող կառույցում: Ըստ էության, Ադրբեջանը ՀԱՊԿ-ում լիուլի կարողանում է երաշխավորել իր շահերի անձեռնմխելիությունը` հաջողությամբ չեզոքացնելով Հայաստանից եկող հնարավոր վտանգները եւ նույնիսկ նշյալ պետությունների միջոցով խնդիրներ հարուցելով Հայաստանի համար: Ադրբեջանի հետաքրքրությունները ՀԱՊԿ-ում միաժամանակ այնքան էլ հստակ չեն` հաշվի առնելով գոնե այն հանգամանքը, որ Թուրքիան` որպես Ադրեբջանի եղբայրական պետություն, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Ի վերջո, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները, զարմանալի չէ, որ Ադրբեջանը չի ցանկանա ավելորդ անգամ հայտնվել այդ հակասությունների կենտրոնում: Այս տեսանկյունից Ադրբեջանը կարծես շահագրգռվածություն չպետք է ունենա ՀԱՊԿ-ին միանալու հարցում: Սակայն հատկանշական է, որ անդամակցության մասին լուրերը տարածվեցին առաջին հերթին ադրբեջանական մամուլում, եւ դրանից հետո` ռուսական պալատական վերլուծաբաններն ու լրատվականները:

Ուշագրավ է, որ ռուսական պաշտոնական շրջանակներն առայժմ լռություն են պահպանում այս հարցում, թեեւ Ռուսաստանն է ամենից շահագրգռվածը, որպեսզի Ադրբեջանը միանա ռուսական նախաձեռնություններին: Ադրբեջանի ներկայությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի բնական ցանկությունն է անընդհատ ընդլայնվելու, տարածաշրջանային խոշոր խաղացողներին սեփական ազդեցության գոտում տեղավորելու ձգտումով: Այդպես Խորհրդային Ռուսաստանը 1920թ. ներխուժեց Անդրկովկաս, եւ զարմանալի չէ, որ առաջինը խորհրդայնացվեց հենց Ադրբեջանը: Վերջինիս աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական դերակատարությունը հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում այդ երկիրն ինքնաբերաբար դարձնում են Ռուսաստանի համար ամենագրավիչ գործընկերը տարածաշրջանում: Եվ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ փորձել է Ադրբեջանին դարձնել իր անառարկելի գերակայությամբ ստեղծված կազմակերպությունների անդամ: Սակայն դա նրան չի հաջողվել նախ եւ առաջ ադրբեջանական վերնախավի ինքնուրույնության շնորհիվ: Օրինակ` 2013թ., երբ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Ադրբեջանը հեշտությամբ խուսափեց թակարդից հենց առաջին հերթին ՌԴ քաղաքական վերանախավից կախվածություն չունենալու պատճառով: Այսօր, թվում է, նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է Ադրբեջանին, իսկ ռուսական պալատական շրջանակներն ընդամենը վերցրել եւ ինքնամոռաց շրջանառում են այդ թեզը:

Հիմնավոր է կարծել, որ դա արվում է Հայաստանի դեմ: Նման կարծիքի հիմքում, ըստ էության, երկու խիստ էական հանգամանք կա: Նախ` հայ-ռուսական հարաբերություններն այլեւս նախկինի նման վասալային մակարդակի վրա չեն, ապա` ԼՂ-ի հարցով բանակցություններ, որպես այդպիսին, չկան: Մի դեպքում շահառուն Ռուսաստանն է, մյուս դեպքում` Ադրբեջանը: Հաշվարկն էլ բարդ չէր` ՀԱՊԿ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկության խաղաքարտի օգտագործումը կարող էր որոշակիորեն ճնշիչ գործոն լինել Հայաստանի իշխանությունների համար, որպեսզի վերջիններս ամբողջության մեջ ընկալեին Ռուսաստանի անփոխարինելիությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Միաժամանակ, այդպիսի հայտի եւ անդամ-պետությունների դրական վերաբերմունքի առկայությամբ Հայաստանի իշխանություններին կարելի էր հակել ԼՂ բանակցությունները շուտափույթ սկսելուն, ինչն էլ արդեն պայմանավորված էր ադրբեջանական շահով։

Այս ամենի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի անդամակցության հայտը չեզոքացվելու է վետոյի միջոցով: Այս քայլով ՀՀ իշխանությունները թերեւս բաց տեքստով հրաժարվեցին շարունակել ռուս-ադրբեջանական խաղը: Սակայն որքանո՞վ էր արդարացված այդպիսի շտապողականությունը: Անշուշտ, հայտարարությունը զերծ էր անորոշություններից ու բնույթով խիստ էր, սակայն միջազգային հարաբերություններում այդ զենքից կարող են օգտվել գերտերությունները` այն էլ հազվադեպ: Արդյո՞ք Հայաստանի համար ավելի ձեռնատու չէր լինի վետոյի իրավունքը կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ Ռուսաստանի հետ բանակցային բոլոր ուղիները փակված կլինեին:

Կարելի է ենթադրել, որ սա ՀՀ իշխանությունների` արդեն երրորդ վրիպումն էր միջազգային ասպարեզում բրյուսելյան չհասկացվածությունից ու Յ. Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու ոչ պրոֆեսիոնալ գործելակերպից հետո: Հայաստանի իշխանությունները կարծես մտադիր չեն հաշվի նստելու այն անառարկելի իրողության հետ, որ Ռուսաստանը թշնամաբար է ընդունում ցանկացած հատու գործողություն եւ առավել եւս այդպես պիտի ընկալի շուրջ 20 տարի իր ֆորպոստը համարված պետության նմանօրինակ պահվածքը: Ի վերջո, Հայաստանն արդյո՞ք իր համար հստակեցրել է, թե ո՞ր Ադրբեջանն է ավելի ցանկալի հակառակորդ` ՀԱՊԿ-ից դուրս եւ ըստ այդմ` ռուս-թուրքական խաղի շահառո՞ւ, թե՞ ՀԱՊԿ անդամ եւ Ռուսաստանից էականորեն կախված:

Ն. Հովսեփյան




Լրահոս