Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին նա հայտնել է «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում:

Նա դեռ վաղ է համարել խոսել, թե ինչ ձևաչափով ու քաղաքական թիմով է մասնակցելու ընտրություններին՝ նշելով, թե դեռ երկար ժամանակ կա, իսկ իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։ «Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, և այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը»,- ասել է նա։

Քոչարյանը չի բացառել, որ կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։ «Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա։ Որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ընդգծել է նա՝ չցանկանալով, սակայն, անուններ հնչեցնել հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերի վերաբերյալ։

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ իր քաղաքական հենարանը համարում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները։




Լրահոս