Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են: Ինչպես հայտնի է` Խաչատրյանի երկու որդիների` Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանների բանակից ազատման հիմքերի մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով: Տիգրան Խաչատրյանին առաջադրվել է մեղադրանք, ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Իսկ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը, եւ այս օրերին Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն էր անցնում հոգեբուժարաններից մեկում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ փորձաքննության եզրակացությունը ստացվել է, եւ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը զինվորական քննչական ծառայությանը հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ ամառային զորակոչը ավարտվել է, Տրդատ Խաչատրյանի առողջական խնդիրների հետ կապված հարցին կարող են անդրադառնալ միայն ձմեռային զորակոչի ընթացքում, ուստի այս փուլում նրա մասով որեւէ գործողություն չեն կարող անել: