Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կան նաեւ ՀԱԿ համակիրներ։ Ու սա այն դեպքում, երբ ՀԱԿ֊ը ՔՊ֊ի հետ դաշինքով չի մասնակցում ընտրություններին։ Փոխարենը ՔՊ֊ի հետ դաշինք է կազմել «Առաքելություն» կուսակցությունը՝ մարդ-կուսակցություն, որի ներկայացուցիչներից մեկ-երկու հոգու կարելի է ճանաչել: Իսկ թե ինչպես է ստացվել, որ ՀԱԿ ներկայացուցիչները «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում են, բայց ՀԱԿ-ը դաշինք չի կազմել ՔՊ-ի հետ, այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի հետ։
֊Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս ստացվեց, որ ՀԱԿ համակիրները տեղ գտան «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։
֊Մեզ մոտ ազատ է այդ հարցը, եւ մեր անդամները կաշկանդված չեն այդպիսի բաներով։
֊ՀԱԿ֊ից քանի՞ անձ է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։
֊Տեղյակ չեմ։ Գիտեմ մեկ անձի մասին, մյուսների մասին տեղյակ չեմ։
֊Ինչո՞ւ ՀԱԿ֊ը դաշինք չկազմեց ՔՊ֊ի հետ, ինչպես դա եղավ «Առաքելություն» կուսակցության պարագայում։
֊Մեր կուսակցությունը սկզբունքորեն որոշել է, որ չի մասնակցելու այս ընտրություններին։ Եվ, բնականաբար, եթե մենք չենք մասնակցում, որեւէ մեկի հետ դաշինք կազմելու շուրջ բանակցություն չենք կարող վարել։ Մենք համարում ենք, որ այս ընտրություններով Երեւանի կառավարման խնդիրը չի լուծվում։ Գլխավոր խնդիրը դա չէ։ Այլ կարեւոր խնդիրներ կան. այս ընտրություններից հետո Երեւանում նույնպես հաստատվի անհրաժեշտ ժողովրդավարական միջավայր՝ արդեն ԱԺ ընտրությունների համար, եւ հեղափոխությամբ իշխանության եկած ուժն այս ընտրություններում պետք է ստանա քվե, որը պետք է դիտել որպես ժողովրդի կողմից վստահության քվե այս իշխանությանը, որ նա իրականացնի Մարտի 1֊ի բացահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության հաստատումը։ .
զրուցեց Մերի Մարտիրոսյանը