Որ ընտրախախտման համար ինչ պատիժ է սպասվում. ընտրակաշառք տվողն ու ստացողը կդատապարտվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը քրեականացնում է ե՛ւ ընտրակաշառք տալը, ե՛ւ վերցնելը: Կառավարության երեկվա նիստում ՀՀ քրեական օրենսգրքում այդ նպատակով առաջարկված փոփոխությունները բավական մանրամասն քննարկվեցին, եւ առաջիկայում այն կներկայացվի խորհրդարանի դատին:

Այս փոփոխությամբ մասնավորապես նախատեսվում է խստացնել ընտրակաշառքի համար պատասխանատվությունը, եւ դրա համար արդեն կնախատեսվի ոչ միայն տուգանքի ձեւով պատիժ, այլեւ որոշակի ժամկետով ազատազրկում:

Ընտրակաշառք չի դիտվի նախընտրական շրջանակում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ, կրակայրիչներ եւ այլն: Նույնիսկ առաջարկվում էր այդ նպատակով սահմանել տրվող քարոզչական նյութի որոշակի արժեքային շեմ՝ 3 հազար դրամ: Սակայն այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու եւ կուսակցության նշանով բաժանելու համար: Ձեւակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը»:

Այս հարցը երկար քննարկվեց կառավարությունում, մի շարք անհամաձայնություններ եղան, որի վերաբերյալ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, թե կուսումնասիրեն եւ այնպես կներկայացնեն խորհրդարանին, որ տարընթերցումների տեղիք չտա: Հատկանշական է, որ այս փոփոխությունները կատարվում են Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ եւ շատ կարեւոր կլինեն նաեւ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին:

Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Մասնավորապես խմբագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածը եւ առաջարկվում է այն ձեւակերպել հետեւյալ կերպ. «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»։ Դեռեւս գործող Քրեական օրենսգրքում ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մասին խոսք չկա, եւ այս առումով խորհրդարանում երկար ժամանակ բուռն քննարկումներ տիրեց, երբ ԲՀԿ-ն դա համարում էր քայլ` ուղղված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ: Գործող օրենսդրական կարգավորումներով բարեգործության անվան տակ ընտրողներին ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ տալու համար ընդամենը վարչական պատասխանատվության էին ենթարկում։

Այսպես, ըստ նախագծի` թեկնածուներից, կուսակցություններից կամ դաշինքներից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ կամ լինելու է տուգանք 500-700 հազար դրամի սահմաններում, կամ կալանք:

Հոդվածը նաեւ առաջարկվում է ընդլանել, եւ եթե գործող Քրեական օրենսգրքում այն ունի 3 մաս, ապա առաջարկվում է դրանք դարձնել 5-ը։
Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` 3-ից 5 տարի ժամկետով:

Առաջարկվում է նաեւ մեկ այլ բան, որը նորություն է. մասնավորապես. ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքների կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների տալը, ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-ից 6 տարի ժամկետով:

Ինչպես գործող Քրեական օրենսգրքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններով՝ կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Նկատենք, սակայն, մեկ կարեւոր փաստ. անկախ օրենսդրական այս խստացումներից, եթե իշխանություններն ուզեն անցկացնել իրապես ազատ եւ արդար ընտրություններ, եթե ուզեն բացառել ընտրակաշառքը, ապա այդպես կլինի, որովհետեւ ՀՀԿ օրոք գումարը բաժանողն ու այդ արատավոր երեւույթի դեմ պայքարողը նույն իշխանությունն էր, որը չուներ հասարակության աջակցությունը եւ վախենում էր՝ քվեարկության արդյունքում ստիպված լինի հեռանալ պետական լծակներից: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, Փաշինյանի կառավարությունը վայելում է ժողովրդի վստահությունը եւ իրապես պատրաստվում է վերջ դնել ընտրակեղծիքներին` անցկացնելով ազատ եւ արդար ընտրություններ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս