ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ:
2018 թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 17։35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ բռնության հետքերով, կտրած-ծակած վնասվածքներով։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը. տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1990 թվականի ծնված կնոջ դի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, մատնահետքեր, երկու դանակ, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է արնանման նյութի հետք:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ շրջանի քննչական բաժնում նույն օրը՝ օգոստոսի 30-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Աբովյան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1980 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատակենսաբանական փորձաքննություններ: