Իրավապահ համակարգն անցնում է կոնկրետ քայլերի. ստուգումներ քրեակատարողական հիմնարկներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո մի շարք դատապարտյալներ, կալանավորներ բարձրաձայնում են իրենց առաջադրված մեղադրանքների կամ պատիժների մասին` պահանջելով արդար լուծում: Ու մինչ իրավապահ մարմինները կփորձեին քայլեր իրականացնել, քրեակատարողական հիմնարկներում կասկածելի մահվան դեպքերը հաջորդեցին մեկը մյուսին:

Այսպես` օգոստոսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել էր ցմահ դատապարտյալ Արտաշես Հովհաննիսյանը, որը, ըստ ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների, մահացել էր սրտի կաթվածից:

Դեռեւս 2015 թվականին Արտաշես Հովհաննիսյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ միասին հացադուլ էր հայտարարել` պահանջելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն, սակայն, ըստ էության, բողոքը տեղ չէր հասել:
Այս դեպքից կարճ ժամանակ անց «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական աղմկալի դեպքերը հաջորդեցին միմյանց: Օգոստոսի 11-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի` պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: Այսքանով ամեն ինչ չավարտվեց. օգոստոսի 12-ի առավոտյան ինքնասպան էր եղել «Արմավիր» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը` Համլետ անունով: Նա խցում միայնակ չի պահվել: Բայց երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից: Մնալով խցում մենակ` Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից:

Այս դեպքից հետո` օգոստոսի 24-ին, կասկածելի հանգամանքներում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Արարատ Նիկողոսյանը մահացավ: Նիկողոսյանը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով գտնվում էր կալանքի տակ:

Այս իրավիճակը ըստ էության մտահոգություն է առաջացրել իրավապահ համակարգի մոտ, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները սկսել են կոնկրետ քայլեր իրականացնել` քրեակատարողական հիմնարկներում հնարավոր սարսափելի դեպքերը կանխելու համար:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ են գնում դատախազության աշխատակիցները եւ հիմնարկի ղեկավար կազմից պահանջում են տրամադրել այն բոլոր կալանավորների եւ դատապարտյալների ցանկը, որոնք դիմումներ են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը՝ պահանջելով հանդիպում իրենց գործով դատախազի կամ ՔԿ հիմնարկի համապատասխան վերահսկողություն իրականացնող դատախազի հետ` իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերով լուծում տալու համար:

Արդյունքում` ՔԿ հիմնարկների ղեկավարները դատախազությանն են ներկայացրել այդ դիմումները: Ըստ էության իրավապահ համակարգը կոնկրետ քայլեր է անում, որպեսզի դատապարտյալները կամ կալանավորները տեսնեն, որ իրենց գործերով զբաղվողներ կան, եւ ինքնավնասման չգնան:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ որն է իրենց այս քայլի նպատակը: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «2018թ. հունիսի 14-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել է հանձնարարություն` ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում պարբերաբար կազմակերպել դրանցում պահվող անձանց ընդունելություն` նրանց բարձրացրած իրավական բնույթի հարցերին, խնդիրներին ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում եւ հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտության դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Այս հանձնարարականի կատարման շրջանակներում նմանատիպ ընդունելություններ, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ դատախազների մասնակցությամբ, արդեն իսկ կազմակերպվել են «Կոշ», «Վանաձոր» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներում: Գործընթացը կրում է շարունակական բնույթ, ընդունելություններ են կազմակերպվելու նաեւ մյուս ՔԿՀ-ներում:

Այս շրջանակներում ընդունելությունների նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար նախապես ՔԿՀ-ներից պահանջվում եւ ստացվում են ընդունելությանը մասնակցելու ցանկություն հայտնած եւ դիմած դատապարտյալների, կալանավորների տվյալները, ինչը բնական, աշխատանքային գործընթաց է»:

Քնար Մանուկյան




Լրահոս