Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասնեյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, թե երկրորդ նախագահը մի քանի օրով մեկնում է Հայաստանից: Այս հայտարարությունից հետո իրավաբանները բաժանվեցին երկու խմբի. մի մասն ասում է` նա չի կարող Հայաստանից դուրս գալ, մյուս մասն ասում է` կարող է: ArmLur.am-ը փորձեց Հովհաննես Խուդոյանից պարզել` Քոչարյանն իրավունք ունի՞ երկրից դուրս գալ, թե ոչ:
Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, թե դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրյալի կարգավիճակում պահելն ապօրինի է և նա ազատորեն կարող է ցանկացած պահի երկրից դուրս գալ: Նրա խոսքով, եթե որևէ մեկը փորձի նրան արգելել, դա ապօրինություն կդիտվի:
«Նրա հանդեպ որևէ խոչընդոտ չի կարող լինել: Իսկ, եթե լինեն ցանկացած ձևի խոչընդոտներ` նույնիսկ տեխնիկական պատճառաբանություններով, կարող եմ հաստատ ասել, որ դա միանշանակ լինելու է ապօրինի», – նշեց փաստաբանը:
Նրա խոսքով, Քոչարյանն ունի անձեռնմխելիություն և դրանից ելնելով էլ այլևս չպետք է մեղադրյալ համարվի: «Հիմա նա ունի կարգավիճակ, բայց չպետք է ունենար: Նրա կարգավիճակը շարունակել պահելն ապօրինի է: Քանի որ Վերաքննիչ դատարանը որոշել է, որ նա անձենմխելի է, ապա նա չի կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ», – հավելեց նա: