ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Սպայկա» ընկերությունն արդեն շահագործում է ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսություն: Նշենք, որ ջերմոցային տնտեսությունը հագեցած է ամենավերջին տեխնոլոգիաներով, բույսերի սնուցումը, ջերմաստիճանի ու խոնավության կառավարումը, պարարտացման չափաքանակներն այստեղ ավտոմատ եղանակով են կառավարվում: Իսկ ահա բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը: Ըստ «Սպայկա»-ի` օգտագործվում են բացառապես բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՙՍպայկա՚ ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաեւ Եվրամիության երկրներ, մասնավորապես` Ֆրանսիա:
Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքերով, այսօր ընկերությունում 1 մ2-ից կարող են ստանալ մինչեւ 120 կգ վարունգ եւ 80 կգ լոլիկ, ինչն աշխարհի ամենաբարձր ցուցանիշներից է: Ընդհանուր առմամբ, ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 35 հազար տոննա լոլիկ եւ վարունգ: Ի դեպ, ընկերության առաջիկա ծրագրերի թվում է Երեւանի Նորագավիթ թաղամասում 50 հա ջերմոցի կառուցումը: Ավելին ավարտին է մոտենում բորբոսով պանրի գործարանի շինարարությունը: Նշենք, որ այս դեպքում ապահովվելու է մոտ 70 աշխատատեղ եւ տեխնոլոգիապես բարձր հագեցած գործարան է լինելու: Ըստ ընկերության` նման գործարան տարածաշրջանում չկա: