«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ է հասունացել: Սակայն չնայած դրան` Բակո Սահակյանն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ ցանկանում է շարունակել պաշտոնավարումը մինչեւ 2020 թվական, երբ տեղի կունենան նախագահի ընտրություններ: Նա հայտարարել է, թե այդ ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը:
Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե Արցախում իսկապես առկա է Բակո Սահակյանի հրաժարականի քաղաքական եւ հասարակական պահանջ: «Քաղաքական ուժերի մեջ էլ կան նման կարծիքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ Արցախում միշտ էլ եղել է, պարզապես Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի են ոգեշնչել: Իսկ ահա Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում պնդել է՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ ոչ մի կողմից չի տեսնում, ընդամենը 1-2 հոգի է այդ թեման շահարկում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: