Իրենց աչքի գերանը թողած, ուրիշի փշից են խոսում. Հայկ Մարությանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ ելույթի պատճառով:

«Հայաստանում այսօր շատ պարզ իրավիճակ է. կան սպիտակ ուժեր եւ սեւ ուժեր: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություններ ունենանք, սեւ ուժերն են: Մեր դեմը խաղ չկա» -ասել էր Հայկ Մարությանը: Հենց նրա այս արտահայտությունն էլ քննադատությունների տեղիք էր տվել:

Նրան սկսեցին քննադատել քաղաքական տարբեր ուժեր, նաեւ մարդիկ սոցիալական ցանցերում: Քննադատողների թվում էին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում գտնվող ուժերը, որ մասնակցում են այս ընտրություններին: Օրինակ` ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Այս նախադասությունը լսել ենք վաղւոց եւ հենց այդ նախադասությունն էր, որ թե՛ երկիրը, թե՛ այդ գործիչներին տարավ ուղղակի կործանման»: Իսկ ահա ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն ասել է. «Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանը լավ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն ու իմաստը»:


Հայկ Մարությանն ավելի ուշ պարզաբանել էր, թե. «Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է»: Ասել է թե` թեկնածուն գիտակցել է իր սխալն ու փորձում է պարզաբանել ասածների իմաստը:
Բայց հատկանշական է, որ նրան առաջին պատասխանողը եղավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը: Նա նշել էր. «Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես»:

Ինչ խոսք, Հայկ Մարությանն այնքան էլ գեղեցիկ չի արտահայտվել եւ վստահաբար դրա համար նկատողություն ստացել է նաեւ հարազատ կուսակցությունից: Սա պետք է դաս լինի, որպեսզի ամեն խոսքից առաջ յուրաքանչյուր արտահատվող մտածի, եւ հատկապես խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թիմին, որպեսզի չստվերեն հեղափոխության արժեքը: Ի վերջո, Վիգեն Սարգսյանի նմաններն են փորձելու օգտվել առիթից, ովքեր իրենց սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փշից են խոսում` մոռացած իրենց քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի` «խիյարը թարս է բուսնում», «ինչքան ուզես, էնքան խփեմ», «եկել ես ստեղ, որ ինչ անես» արտահայտությունները: Չնայած եթե անկեղծ, Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարությունները ինչ-որ առումով կարելի է առաջընթաց որակել. նախարար աշխատած ժամանակ նա սոցիալական ցանցում քաղաքացուն վիրավորել էր՝ գրելով. «Բոշան դու ես»: Հիմա «բոշա» արտահայտության համեմատ գավառական ծաղրածուն գրագետ է հնչում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս