Առևտրականների բարձրացրած դժգոհությունն այդպես էլ անարձագա՞նք կմնա. կառավարությունը չի ցանկանում զիջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վաճառականները ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել: Պատճառը ներկրված ապրանքների մաքսատուրքերի բարձրացումն է:

Նրանց խոսքերով` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սահմանած մաքսային դրույքաչափերի արդյունքում իրենք այլեւս չեն կարող առեւտրով զբաղվել: Բանն այն է, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս մաքսատներին կից կարգոներով տեղափոխելով` 1 կգ-ի համար 6-7 դոլար էին վճարում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը պետք է մաքս վճարեն: Այս փոփոխությունը խիստ մտահոգել է առեւտրականներին, որովհետեւ այս դեպքում իրենք չեն կարող ապրանքը վաճառել տոնավաճառներում: Այս խնդրի իրական պատճառներն այլ են. փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ապրանքների տեղափոխումը եւ մաքսազերծումը իրականացնում էր «Նորֆոլկ» ընկերությունը: Եւ քանի որ «Նորֆոլկ»-ը այլեւս չի գործում, բոլոր տնտեսվարողները պետք է ինքնուրույն հայտարարագրեն մաքսային մարմիններում, թե ինչ ապրանք են ներմուծում, եւ պետք է կատարեն համապատասխան վճարումներ:

Նկատենք, որ այս խնդիրը համատարած է: Մեր հանրապետության առեւտրականների գերակշիռ մասը բախվել է այս խնդրին: Իրականում, այո, կա խնդիր, որովհետեւ hայաստանյան այս նոր իրողություններում կիլոգրամով ապրանքների մաքսազերծման գինը բավական բարձրացել է եւ բարդություններ առաջացրել շատերի մոտ: Սա դժգոհության ալիք է ստեղծել ե՛ւ թուրքական, ե՛ւ չինական արտադրության ապրանքներ ներկրող ու վաճառող առեւտրականների համար: Ի դեպ, այս խնդրին են բախվում նաեւ եվրոպական երկրներից հագուստ ներմուծող առեւտրականները: Բայց ըստ մասնագետների` մաքսային արժեքի այս բարձրացումը ունի իր օբյեկտիվ պատճառները. նախ` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որով խթանվում է տեղական արտադրությունը, այլ ոչ թե ներկրումը: Սա իսկապես անհրաժեշտ է, քանի որ խթանելով տեղական արտադրությանը` նախ` արդյունաբերության աճ կարելի է ակնկալել, բացի այդ` ստեղծվում են աշխատատեղեր ու, վերջապես, կարող ենք ունենալ հայկական բրենդներ, առավել եւս, երբ ժամանակին Հայաստանում տեքստիլի արտադրությունը արդյունաբերության ամենազարգացած ճյուղերից է եղել:

Մյուս կողմից` տեղական արտադրողները պնդում են, որ իրենց ներկրած հումքը, որը դեռ պետք է վերածվի արտադրանքի, արդեն համարժեք է ներկրածի գնին: Ստացվում է, որ տեղական արտադրողները խնդիրներ են ունենում եւ կանգնում են իրենց արտադրանքը իրացնելու խնդրի առաջ: Ասել է թե` մրցակցությանը չեն դիմանում: Հիմա կառավարությունը որոշել է խթանել տեղական արտադրությունը` բարձրացնելով մաքսային գները: Բայց այս որոշումն էլ անհանգստացրել է առեւտրականներին:

Ըստ որոշ տեղեկությունների` չի բացառվում, որ առեւտրականների բարձրացրած դժգոհությունը այդպես էլ անարձագանք մնա, քանի որ կառավարությունը մարտական է տրամադրված եւ չի զիջելու, որպեսզի ներքին շուկան չողողվի այլ` թուրքական եւ չինական արտադրության ապրանքներով:




Լրահոս