ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջնական փուլ է հասցրել Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկները: Ցանցի ներդրմամբ նախատեսում են լուծել տրանսպորտի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
«Մենք պետք է իմանանք, թե ամենավերջին բնակավայրից մինչ մարզկենտրոն, մարզի մի քաղաքից մյուսը և մարզից Երևան օրական քանի ուղևորափոխադրում է իրականացվում, և քանի ուղևոր է փոխադրվում: Դա պետք է իմանանք՝ հասկանալու, թե ինչ տարողությամբ մեքենաներ են պետք յուրաքանչյուր մարզի համար, որ կարողանանք տեխնիկական առաջադրանքը տալ և արդյունքը հայտարարել: Այսինքն՝ մրցույթին մասնակցող տնտեսվարողը պիտի հասկանա, որ պետք է ձեռք բերի համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ՝ պահանջվող քանակով: Մենք հիմա գտնվում ենք վերջնական հաշվարկների փուլում»,-ասաց նախարար Հակոբյանը:
Ցանցը ներառելու է բոլոր բնակավայրերը՝ ներառյալ բոլոր կտրված գյուղերը: Որոշ գյուղերի դեպքում խնդիրը կապված է նաև ճանապարհի հետ: Նախարարը նկատեց՝ տրանսպորտի բնագավառում շատ բացեր կան: Ներկայում ունենք միջմարզային ուղևորափոխադրում իրականացնող 75 և 27 միջպետական տնտեսվարողներ: «Մենք որդեգրել ենք միասնական երթուղային ցանց ստեղծելու գաղափարը: Դա բոլոր հարցերին լուծում կտա: Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն իրեն ձեռնտու երթուղիները, այլ ողջ մարզը՝ ներառյալ նախկինում չսպասարկվող բնակավայրերը, կլուծի խնդիրը»,-նշեց նախարարը:
Հակոբյանը հավաստիացրեց՝ միասնական ցանցի ներդրմամբ դաշտի մենաշնորհացում չի լինի: Նման խնդիր կլիներ, եթե Հայաստանի ողջ ցանցը վաճառեին մեկ օպերատորի, իսկ նախարարությունը դրան հակված չէ: