Արթուր Խաչատրյանը կհետևի՞ Սերգո Կարապետյանի օրինակին. նախարարը` արտերն օրհնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թե՛ թռչնամսի, թե՛ խոզի եւ թե՛ տավարի մսի առումով ինքնաբավ չէ, դեֆիցիտ կա: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքերով` «ուզենք, թե չուզենք, պետք է միս ներմուծենք«: Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անցած տարվա ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Մտահոգվա՞ծ եք այս թվերով: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Մենք հիմա կոռեցիայի փուլում ենք գտնվում, որպեսզի հասկանանք` եղել է, այսքան է մնացել, թե ինչումն է խնդիրը: Լեռնային եւ բարձր լեռնային գոտիներում, որտեղ անձրեւոտ է, այդ տարածքներում հնարավոր է հացահատիկ ցանել: Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիր, որը հավանության է արժանացել նրա կողմից: Պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումը եւ տարածքային անհամամասնությունների մեղմումն է: Այս փորձնական ծրագիրը, եթե հաջողվի, կձգտենք մեկ հեկտարի գնով որոշակի գումար տրամադրել գյուղացիական տնտեսություններին, որպեսզի ցանքատարածությունները մեծանան:

-Նույն իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում. վերջին մի քանի տարիներին Հայաստանում նվազել է կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ` եթե 2016 թվականին կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, ուղիղ 58 հազար 900 տոննայով պակաս: Հայաստանը սկսել է ոչ միայն ցորեն, այլեւ մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել: Արդյունքում մարդիկ չեն ցանկանում հող մշակել, որովհետեւ իրացման խնդրի առաջ են կանգնում…

-Դա առնվազն թյուր կարծիք է: Ցորեն եւ ալյուր ներկրվում է մոտ 60 տոկոս: Հայաստանը կարտոֆիլ ավելի շատ արտահանում է, քան ներկրում: Իհարկե, չեն ցանկանում հող մշակել, քանի որ գտնում են, որ հողով զբաղվելու եկամտաբերությունը ցածր է: Իսկ դա մեծապես պայմանավորված է նրանով, որ ցանքաշրջանառությունը ճիշտ չի կատարվում, տեխնիկան հնամաշ է, մարդկանց մեծ մասի հողի մշակման կառավարման գիտելիքները շատ ցածր է: Դրա լուծման համար ուղղություններն են ճիշտ հասցեական սուբսիդավորումները, ճիշտ խորհրդատվությունը, հիմնական միջոցների ճիշտ տրամադրումը եւ ենթակառուցվածքային եւ տեխնիկական` թե՛ տրակտոր, թե՛ ցանց:

-Պարո՛ն Խաչատրյան, ներքին շուկայում մեծ քանակությամբ բելառուսական ծագման մսամթերք է հայտնվել, որը վաճառվում է ավելի ցածր գնով, քան տեղականը: Արդյոք այս ամենի արդյունքում տեղական արտադրողները վնասներ կկրեն: Չէ՞ որ արտադրատեսակի ինքնարժեքը բարձր է, քանի որ անսանակերը բավական թանկ է:

-Մենք թե՛ թռչնամսի, թե՛ խոզի եւ թե՛ տավարի մսի առումով մենք ինքնաբավ չենք, դեֆիցիտ ունենք: Այսինքն մենք ուզենք, թե չուզենք, պետք է միս ներմուծենք: Եւ երկրորդը` կա տեղական եւ սառեցված խոզի միս, դրանք շուկայական տարբեր սեգմենտներ են: Այսինքն նա, ով փող ունի, տեղականն է գնում, ով չունի, ստիպված գնում է սառեցվածը: Չի վնասի, որովհետեւ մեր տեղական արտադրողների կարողությունները չեն բավարարում, որպեսզի պահանջարկի ծավալը փակենք: Որիշ խնդիր է, որ մենք որպես պետություն պետք է խթանենք, որպեսզի միսը ավելի շատ արտադրվի: Ինչը լուծելու ուղղությամբ ԳՆ-ն ծրագիր ունի, եւ որոշակի գումարով պետք է սուբսիդավորվենք թե՛ մսատու, թե՛ կաթնատու տոհմային կենդանիների ներմուծումը: Մի քիչ ավելի ամբիցիոզ ծրագիր ունենք նաեւ թռչնամսի զարգացման ուղղությամբ, որովհետեւ թռչնամսի մասով մենք նույնիսկ 1/3-ով ինքնաբավ չենք: Ձվով ինքնաբավ ենք, թռչնամսով` ոչ: Բացի այս, մեր երկրում 4 անգամ ավելի քիչ ոչխար ունենք, քան եղել է խորհրդային տարիներին: Նաեւ եթե մեկ հեկտարին ընկնող սուբսիդավորումը կարողանանք ճիշտ կիրառել, ապա կերային բազայի հարցը կլուծվի, որովհետեւ տեղ կա, որտեղ պետք է միայն խոտ ցանվի:

-ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարներից Սերգո Կարապետյանը լավ բերք ստանալու համար դաշտերը տերունական աղոթքով օրհնելու կողմնակից էր: Հնարավո՞ր է` Դուք էլ այս հարցով դիմեք հոգեւորականներին:

-Ես խաղողօրհնեքի արարողությանը եղել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բայց ոչ… ես նման բան չեմ անի, որովհետեւ եթե արած լինեի, ապա շուտ կանեի: Կխնդրեի Աստծուց` հիմա ես նոր եմ եկել` մայիսին, խնդրում եմ, Աստված, մի հինգ ավելի շատ ջանք թափենք, որ գարնանացանը, որը վերաջացել էր մայիսի 1-ին, եւս երկու ամիս տեւի: Բայց, ոչ, չեմ անի: Անգամ չեմ դիմել հոգեւորականին` իմ բնակարանը օհնի, բայց ես էլ, երեխաներս էլ մկրտված են:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս