Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նման տրամադրություններ են տիրում նաեւ Արցախում: Մասնավորապես, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ է հասունացել: Սակայն չնայած դրան` Բակո Սահակյանն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ հակառակը, ցանկանում է շարունակել պաշտոնավարել մինչեւ 2020 թվական, երբ տեղի կունենան նախագահի ընտրություններ: Նա հայտարարել է, թե այդ ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը:
Արցախում տիրող տրամադրությունների ակունքները եւս թաքնված են սահմանադրական փոփոխությունների հետեւում: Այդ ժամանակ հնարավոր եղավ Բակո Սահակյանի լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020 թվականը, եւ կիսանախագահական համակարգից անցում կատարեց նախագահական համակարգի:
Եվ ահա Հայաստանից ոգեշնչված` Արցախում եւս ցանկանում են հասնել իշխանափոխության, իսկ հիմնական դերակատարները Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը եւ ներկայիս պատգամավոր Հայկ Խանումյանն են: Օրինակ` Վահան Բադասյանը հարցի լուծման երկու տարբերակ էր առաջարկում:
«Բակո Սահակյանը հրաժարական է տալիս, եւ քաղաքական հարթակի առկա քաղաքական ուժերը ներկայացնում են համաձայնեցված նախագահի թեկնածու, որից հետո ԱԺ-ն ընտրում է նախագահ։ Նորընտիր նախագահը կազմավորում է ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպում արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ՝ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության հակասական և թերի դրույթների փոփոխմամբ։ Երկրորդը` Բակո Սահակյանի հրաժարական չտալու դեպքում Նախաձեռնող խումբը ձեռնամուխ է լինում այցելել ԱՀ-ի բոլոր բնակավայրեր եւ հարցը ներկայացնելով հանրությանը` ստանալ աջակցություն, ապա ճնշումներով հասնել հրաժարականին»։
Հենց այս նախաձեռնող խմբի անդամ է նաեւ հանդիսանում Հայկ Խանումյանը, ով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արցախում իսկապես առկա է Բակո Սահակյանի հրաժարականի քաղաքական եւ հասարակական պահանջ: «Մենք ամեն օր շրջաններում ենք լինում, այսօր էլ ենք եղել, և ակնհայտ է դժգոհությունը, բոլորը հասկանում են, որ ապօրինի նախագահ է Բակո Սահակյանը, որովհետեւ Սահմանադրությամբ նույն անձը երկու անգամ կարող է լինել նախագահի պաշտոնում, իսկ ինքը երրորդ անգամ է: Մարդիկ հասկանում են, որ պետական բյուջեն հիմնականում անարդյունավետ է ծախսվում, հաճախ մսխվում է եւ որ պետական բյուջեն պտտվում է Բակո Սահակյանի, իր մերձավորների եւ մյուսների մեջ, կամ տարբեր ձեւերով պետական բյուջեից լավություններ են անում Բակո Սահակյանի շրջապատին», – նշեց Սահակյանը:
Խանումյանի խոսքով` հրաժարականի պահանջ առկա է նաեւ քաղաքական ուժերի մոտ: «Քաղաքական ուժերի մեջ էլ կան նման կարծիքներ` վերջին խոսակցությունները հաշվի առնելով նաեւ, որ Սահակյանը թույլ, ապաշնորհ նախագահ է, սակայն որոշակի հանգամանքներից ելնելով` նրանք հրապարակային հրաժարվում են քննարկել նրա հրաժարականի պահանջը կամ ինչ-որ ձեւով ենթադրում են, որ անցումային փուլը կավարտվի, եւ նոր ընտրություններով ամեն ինչ կշտկվի: Սակայն մենք կարծում ենք, որ Բակո Սահակյանի մնալը բերելու է նոր չարիքներ Արցախի ժողովրդի գլխին եւ Արցախի գլխին», – եզրափակեց Խանումյանը:
Ընդ որում, պատգամավորի խոսքով` Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ Արցախում միշտ էլ եղել են, պարզապես Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի են ոգեշնչել: Հայաստանի նախադեպը ցույց է տվել, որ ամեն ինչ հավերժական չէ: Մի ժամանակ լուրջ ապատիա կար ժողովրդի մոտ, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժական է լինելու, եւ այդ ապատիան ոչնչացրելը, որ հաջողվեց Հայաստանի հասարակությանը, լուրջ ակնկալիքներ է առաջացել նաեւ Արցախում», – նկատեց նա:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ, ընդհակառակը, Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ ոչ մի կողմից չի տեսնում: «Կան մարդիկ` 1-2 հոգի, ոչ շատ, որոնք անընդհատ այդ թեման շահարկում են, բայց չկա ո՛չ լայն զանգված, ո՛չ քաղաքական կամ այլ տիպի պահանջ նման հարցադրման համար: Նոր ընտրություններին մնացել է մեկ տարի 2-3 ամիս, եւ գործող նախագահը հատուկ հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը որպես նախագահ: Այսինքն` իմաստը որն է, որոշ մարդիկ իրենց շահերից ելնելով` անընդհատ այդպիսի շահարկումներ են անում» – նշեց Բաբայանը: Վերջինիս խոսքով` այդ մի քանի հոգին փորձել են զանգվածային ցույցեր կազմակերպել, բայց դրանց ժամանակ ընդամենը 20-30 հոգի է եղել` ներառյալ կազմակերպիչները: Նույնիսկ դեպքեր է եղել, որ մարդ չի հավաքվել: Սա խոսւոմ է նրա մասին, որ ժողովուրդն այդպիսի պահանջ չի ընդունում», – հավելեց Բաբայանը:
Միեւնույն ժամանակ Դավիթ Բաբայանը կարծում է, թե Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ ամեն ինչ կապելը եւս այդ քաղաքական շրջանակներին է ձեռնտու: «Որոշ մարդիկ դա ուզում են փոխկապակցել Հայաստանի հետ, ի՞նչ կապ ունի դա: Արցախի քաղաքական համակարգն ուրիշ է, այո, Հայաստանում տեղի ունեցավ, իսկ այստեղ տաս քսան հոգի են» , – հավելեց Բաբայանը:
Եվ չնայած Բաբայանը հիմքեր չի տեսնում, սակայն ընդդիմությունն իր այցերը շարունակում է` փորձելով մարդկանց ոտքի հանել:
Նաիրա Հովհաննիսյան