Օգոստոսի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժին մի կին ահազանգեց։ Նրան կողոպտել էին։ Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումում մի երիտասարդ պարանոցից պոկել էր ոսկե շղթան ու փախել։ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով պարզեցին երիտասարդի ինքնությունը։ Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը Մալաթիա-Սեբաստիայում ապրող 32-ամյա Վիգեն Ավետիսյանն էր։
Նախնական տվյալներով՝ Ավետիսյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում 9 կողոպուտ էր արել, այդ թվում՝ Մալաթիայում։ Հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել, սակայն խուսափել էր քննությունից, ուստի հայտարարվել էր հետախուզում։ Հետախուզման մեջ գտնվելու ընթացքում դարձյալ կողոպուտ կատարեց։ Խոսքը Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումում տեղի ունեցածի մասին է։
Նրա հայտնածով՝ Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումում ինքն է ոստիկանություն դիմած կնոջը կողոպտել, նաև մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հետախուզման մեջ գտնվելու ընթացքում կատարել է 10-ից ավելի կողոպուտ։
Տուժած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 1-02։
Վիգեն Ավետիսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։