Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի: Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ճշգրտել ընտրացուցակները: «Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցեներում, եւ Երեւան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, եւ մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ»,- ասել է նա: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր իրողություն պարզեց. մեկ տարվա ընթացքում ավելացել է Երեւանի ընտրողների թիվը: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ է ներկայացրել Երեւան քաղաքի ընտրողների թիվը. այժմ այն կազմում է 853 հազար 390: Մինչդեռ մեկ տարի առաջ` Երեւանի ավագանու ընտրություններին, ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երեւանում ավելացել է 11 հազար 417-ով: Ոստիկանությունը մինչեւ հիմա հասցրել է ուսումնասիրել ընտրացուցակներում ընդգրկված անձանց մոտ կեսը, եւ չի բացառվում` ամբողջությամբ ստուգելուց հետո իրոք ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը նվազի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատավորներին ուղղված կոչը «խելքները գլուխները հավաքելու» մասին, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Հիմա ՀՀԿ-ականները փորձում են սա ներկայացնել որպես ճնշում, որպես ոտնձգություն դատական համակարգի նկատմամբ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճնշում է դատավորների վրա. «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինքն ինչ է պատրաստվում անել: «Դատավորներին խորհուրդ կտամ գործել օրենքի հիման վրա, արդարության սկզբունքով, խղճով եւ ներքին համոզմամբ` հաշվի առնելով սահմանադրական սկզբունքները եւ իրավունքի գերակայությունը»,- ասաց երկրի արդարադատության դե ֆակտո թիվ մեկ պատասխանատուն:
Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ են հարցաքննության, կամ ինքն ասելիք չունի՞ իրավապահներին: «Բազմաթիվ մարդիկ, որոնք լռում էին, պետական պաշտոնյաներ, որոնք մասնակից են եղել այս կամ այն գործընթացին, հիմա ՀՔԾ-ում ցուցմունք են տալիս մեկը մյուսի վրա, ամեն ինչ հստակ ներկայացնում են: Ես ինչ-որ բան ասելու այդտեղ չունեմ, արտառոց որեւէ բան, որին մասնակից եմ եղել: Մենք խաղաղ ցույցեր ենք արել, բռնաճնշման ենք ենթարկվել, զանգվածային հարձակում է եղել պատկան մարմինների կողմից Ազատության հրապարակում, հետո` կրակոցներ, սպանություններ»,- մեկնաբանեց նա:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ 2018թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 535 մլն 523 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է բերվել 442 մլն 487 հազար դոլար: Հատկանշական է, սակայն, փաստը, որ գումարի հիմնական արտահոսքը եղել է ոչ թե թավշյա հեղափոխության ամիսներին, այլ դրանից ավելի վաղ` ՀՀԿ իշխանության օրոք: Ըստ պաշտոնական աղբյուրների` 99 մլն 178 հազար դոլարի արտահոսք եղել է փետրվար, 99 մլն 890 հազար դոլարի արտահոսք` մարտ ամիսներին, իսկ ահա ապրիլին, երբ արդեն սկսվել էր հեղափոխությունը, գումարի արտահոսքը կազմել է 93 մլն 726 հազար դոլար: Մեկ փաստ էլ. հունիս ամսին, մայիսի համեմատ, արտահոսքը նվազել է. մայիսին այդ թիվը կազմել է 92 մլն 360 հազար դոլար, հունիսին` 76 մլն 20 հազար դոլար:
ԶԳՈՒՇԱՑԻՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Վիճակագրական կոմիտեն նախօրեին հրապարակեց այս տարվա հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բոլոր ոլորտներում աճ ենք արձանագրել, այն էլ` նկատելի տեմպերով: Սա կարեւոր փաստ է, եթե հաշվի առնենք գարնան ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները: Նաեւ այդ պատճառով է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վիճակագրական ցուցանիշների մասին խոսելիս ընդգծում են` թավշյա հեղափոխությունը ոչ միայն բացասաբար չանդրադարձավ երկրի տնտեսության վրա, այլեւ, ընդհակառակը, աճ է արձանագրվել: Վարչապետի ոգեւորությունը հասկանալի է: Միաժամանակ, սակայն, նկատենք` վիճակագրական ցուցանիշները «վարվեցողության հատուկ կանոններ են պահանջում». այդ թվերը հիշատակելիս պետք է շատ զգույշ լինել:
Հասարակությունը վաղուց ի վեր կորցրել է հավատը պաշտոնական վիճակագրության հանդեպ նախկին իշխանությունների պատճառով: Հիշում եք` ՀՀԿ իշխանությունները տարիներ շարունակ փորձել են հասարակությանը «կերակրել» ուռճացված ցուցանիշներով, երբ մարդկանց փորձում էին համոզել, թե այլեւս լավ են ապրում` որպես ապացույց մատնանշելով ԱՎԾ արձանագրած «աննախադեպ աճը»: Ու հիմա հասարակության մի ստվար զանգված հակված չէ հավատալու նաեւ այս իշխանության թվերին եւ կառավարության գործելաոճը գնահատելու սեփական չափանիշներն ունի` արդյո՞ք այս ընթացքում բարելավվել է իր կենսամակարդակը, արդյո՞ք ավելացան եկամուտները եւ այսպես շարունակ: Ի դեպ, վարչապետ Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, թե «տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում»:
Կա մեկ ուրիշ խնդիր եւս. այս ընթացքում չի փոխվել Վիճակագրական կոմիտեի` սոցիալ-տնտեսական ցուցանիշներ հավաքագրելու մեթոդաբանությունը: Սա նշանակում է, որ Վիճակագրական կոմիտեն այսօր էլ շարունակում է աշխատել այնպես, ինչպես ժամանակին աշխատում էր ԱՎԾ-ն: Գործելաոճ, որը ժամանակին կոշտ քննադատության է արժանացել Նիկոլ Փաշինյանի կողմից. հիշում ենք` Փաշինյանը եւ իր թիմի անդամները նախկինում մշտապես կասկածի տակ էին դրում ԱՎԾ ցուցանիշները` համարելով դրանք ուռճացված, նկարված: Էլ չենք ասում ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանի հասցեին քննադատությունների տարափը, որ եղել է մշտապես: