ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 23-ին անցկացվելու են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինական, թափանցիկ եւ արդար: Ավելին` կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարել էր. «Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որեւէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի եւ արդյունավետ անելիքի ժամանակը»:

Իր հերթին լրագրողների հետ զրույցում էլ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ նշել էր. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ»:
Եւ ահա, ոստիկանությունը սկսել է ընտրացուցակների ճշգրտման գործընթաց: Երեկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը եւ անդրադարձավ նաեւ ավագանու արտահերթ ընտրություններին:
Մասնավորապես Օսիպյանը հայտնել է, որ արդեն իսկ ստուգվել է Երեւան քաղաքում հաշվառված, ընտրելու իրավունք ունեցող 400 հազար անձի հետ կապված տվյալներ: Նշենք, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երեւան քաղաքի ընտրողների թիվը: Եվ այժմ այն կազմում է 853 հազար 390, այսինքն` մոտ կեսն արդեն ստուգված է: Ընդգծենք, որ 2017 թվականին ընտրողների թիվը 841 հազար 973 էր: Ասել է, թե այս մեկ տարվա ընթացքում ընտրողների թիվը Երեւանում ավելացել է, անգամ ոստիկանական ճշտումներից հետո:
Ասուլիսի ժամանակ Օսիպյանը բացեց փակագծեր եւ առանց թվեր հայտնելու նշեց, թե ընտրացուցակներում հայտնաբերվել են լուրջ անճշտություններ, այդ թվում մահացած մարդիկ, որոնք գրանցված են տարբեր հասցեներում: Միեւնույն ժամանակ նա խոստացավ, որ ընտրություններին բոլոր ցուցակները ճշգրտված են լինելու:
«Հանձնարարական ունեմ վարչապետի կողմից եւ մեր պարտականություններից մեկն այն է, որ ապահովենք այդ ցուցակների ճշգրիտ լինելը։ Բացի անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթից, կա նաեւ իմ հանձնարարականը, որը սկսել ենք դեռեւս երկու շաբաթ առաջ: Փորձում ենք նվազեցնել, մինիմումի հասցնել մեր բացթողումները: Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք մահացած մարդիկ, որոնք գրանցված են հասցեներում, եւ Երեւան քաղաքի մասով արդեն 400 հազար անձ ստուգվել է: Այդ գործընթացը շարունակական է լինելու, եւ մենք կհասցնենք ընտրություններին ունենալ ճշգրտված ցուցակներ» – ասաց Օսիպյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը Օսիպյանից հետաքրքրվեց` ի վերջո, Երեւանի ավագանու հերթական ընտրություններից հետո ընդամենը մեկ տարի է անցել, եւ արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ այդպիսի խնդրահարույց ընտրացուցակներով են եղել նախկինում ընտրությունները: «Ես կասեի` կարճ ժամանակ չէ: Ցուցակների անճշտությունների համար սա կարճ ժամանանակ չէ, միլիոնանոց քաղաք է, շարժ է տեղի ունենում, եւ այդ ամենը ծախսատար, ժամանակատար գործընթաց է»,- նշեց նա։
Տեղեկացնենք, որ ընտրացուցակներում առկա անճշտությունների եւ հատկապես մահացած մարդկանց` գրանցումից չհանելու մասին խոսել են մշտապես, խոսել են ընդդիմության ներկայացուցիչները, սակայն ինչպես ասում են` «իրավիճակ է փոխվել» արտահայտությունն ակտուալ է նաեւ այս պարագայում: Էլ չենք խոսում ընտրակաշառքի մասին բազմաթիվ բարձրաձայնումների հետ կապված, երբ ոստիկանության ներկայացուցիչները ընթացք չէին տալիս, իսկ նախկին իշխանության, այսինքն` ՀՀԿ-ի ներկայացուցիչներն էլ փորձում էին ամեն կերպ հերքել դրանք: Բայց պարզվում է` թավշյա հեղափոխությունից հետո արդեն ընտրացուցակների ճշգրտման արդյունքում բավականին լուրջ բացթողումներ են հայտնաբերվում, ինչը նախկինում չէր հայտնաբերվում, կամ հայտնաբերվելու դեպքում թաքցվում էր` ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու համար: Ինչ խոսք, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները լուրջ փորձաքար կլինեն նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԱԽԵՑԱԾ ԷԺԱՆԱՑՐԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտագավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը եւս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմակ»-ի, ինչպես նաեւ «Լեժանկա» կոչվող առեւտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են: «Լեժանկա»-ի առեւտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը` 60 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ: Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ եւ այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին:

 

 

ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐՈՎ ՊԵՏԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանի կինը, չնայած զրոյական եկամուտին, անցած տարում թանկարժեք զարդ է գնել: «ժողովուրդ» օրաթերթը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ Ռուզաննա Քյարամյանը անցած տարում 10 հազար դոլարով գնել է ոսկյա, ադամանդե եւ այլ թանկարժեք քարերից պատրաստված զարդ: Նրա դրամական միջոցները կազմել են 26 հազար դրամ եւ 46 հազար դոլար: Իսկ փոխառությունը տարեվերջին կազմել է 4000 դոլար: Պարզվում է` նախորդ տարում գնումներով զբաղված է եղել նաեւ դատախազ ամուսինը` Արգիշտի Քյարամյանը, ով 1.5 մլն դրամով ձեռք է բերել «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները նախորդ տարում կազմել են 32 մլն դրամ, 48 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որն ամսական կազմել է 389 հազար դրամ: Անցած տարեվերջին փոխառության գումարը կազմել է 6000 դոլար: Բայց սա դեռ ամենը չէ. պաշտոնը ստանձնելիս Քյարամյանը նշել է, որ ունի անհատական բնակելի 2 տուն, 4 հողամաս, հողին ամրակցված այլ անշարժ գույք, մեկ ավտոտնակ: Քյամարյանը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդ: Նշենք, որ Քյարամյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի մեղադրող դատախազն էր: Մեկ փաստ էլ. հետաքրքիր է` 27-ամյա Քյարամյանն ինչպե՞ս է հասցրել այդքան ունեցվածք կուտակել, եթե չի եղել բիզնեսմեն, այլ մշտապես պետական պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում` աշխատելով քննիչ, դատախազ:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին որոշում է ստորագրել, համաձայն որի` նշված պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաեւ այցի ծրագրով նախատեսված արարողակարգային եւ այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

ՀԱԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՔՊ-ԻՆ
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ հետ զրույցում հայտարարել է, թե սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները լուծում են մեկ խնդիր՝ Երեւանի ավագանին հանել հանրապետականների վերահսկողությունից։ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ընտրությունները ոչ մի կապ չունեն Երեւանի կառավարման հետ, այս ընտրությունները խնդիր չեն լուծում Երեւանի կառավարման հարցում, այս ընտրությունները ակնհայտաբար լուծում են մի խնդիր՝ Երեւանի ավագանին հանել հանրապետականների վերահսկողությունից, եւ դա նպաստելու է հեղափոխության դիրքերի ուժեղացմանը, դա ստեղծելու է եւս մի կարեւոր պայման Ազգային ժողովի ընտրություններն իսկապես ազատ եւ արդար անցկացնելու համար,- ասել է նա եւ հավելել,- Մենք շատ լավ հասկանում ենք, որ նպատակը դա է, շատ լավ հասկանում ենք, որ նաեւ քանի որ Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է այս ծրագիրն իրականացնող ուժը, բնականաբար, պետք է թողնել, որ նա իրականացնի, եւ ժողովրդի մեծամասնությունն էլ էդ մտադրությամբ է գնալու եւ իր ձայնը տալու իշխող քաղաքական ուժի թեկնածուին»։

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ` ՌԴ-ՈՒՄ
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի եւ «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են նաեւ հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները: Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության՝ «Ալմազ-Անթեյի» փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմն ընկերության հետ համագործակցության լավ փորձ ունի եւ այժմ էլ հետաքրքրված է առանձին արտադրատեսակներով:

 

 

ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ հայտարարել է, թե իր կարծիքով Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, շուտով կլինի իրենց տեսադաշտում: Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան մի քանի դրվագով մեղադրանք է առաջադրվել:

 

 

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ` ՀՀ-ՈՒՄ
Բելգիայի թագավոր Ֆիլիպը եւ նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասել է Նաղդալյանը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:




Լրահոս