Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով ՔԿՀ-ներում մահացությունների դեպքերին, որ կալանավորները, դատապարտյալները նախընտրում են ՔԿՀ-ներում մնալու փոխարեն ինքնասպանություն գործել, ասաց. «Այս տարի երկու ինքնասպանության դեպք է գրանցվել: Իմ ձեռքի տակ կան մեզ պես համադրելի երկրների ցուցանիշները, իհարկե, համամետելի չէ, մահացությունները ցածր են, բայց դա ոգեւորության առիթ չէ: Անկախ նրանից, թե անձն ինչի համար է դատապարտված, ինչի մեջ է մեղադրվել, ինչ հանցանք է կատարել, մենք պիտի ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի անձը չդիմի նման քայլի»:
Ավելին` վերջինս հայտնեց, որ վերացվել է բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձումը: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարի հետ զրուցեց ՔԿՀ-ներում տիրող իրավիճակների մասին:
-Պարո՛ն նախարար, Դուք ամփոփելով Ձեր պաշտոնավարման հարյուր օրը` նշեցիք, որ վերացվել են բանտախցի եւ մահճակալի համար գումարի գանձման գործընթացը կամ, առհասարակ, կալանավորներին թղթախաղի մեջ պարտադրված ներքաշելու գործընթացը: Սակայն բոլոր այն մարդիկ, որոնք որ ՔԿՀ-ներում դատապարտյալ հարազատներ ունեն, կարող են հավաստիացնել, որ ՔԿՀ-ներում պտտվում են «սեւ փողեր»: Մարդիկ սնանկանում են` ամեն ինչ վաճառելով, միայն թե ՔԿՀ-ից կենդանի դուրս գան: Դուք տիրապետո՞ւմ եք իրավիճակին եւ ի՞նչ քայլեր եք արել` այս երեւույթը կանխելու համար:
-Ես արդեն ասացի, որ պարտադրված խաղեր այլեւս չկան, կենտրոնացված, համակարգված խաղեր չկան, բայց մենք չենք բացառում, որ դատապարտյալները կարող են հեռուստացույցով որեւէ, ասենք, խաղ նայելիս խաղադրույքներ անել: Իրենք կազմակերպեն տոտոներ, վիվարոներ, մենք չենք կարող դա բացառել: Խմորից կարող են պատրաստել զառեր, խմորից կարող են պատրաստել քարեր եւ ցանկացած խաղ խաղալ շահույթով խաղադրույքով:
-Ինչո՞ւ պետք է նրանց մոտ լինի ինտերնետային կապ կամ, առհասարակ, հեռախոս, իրավիճակը ցույց է տվել, որ քրեակատարողական հիմնարկներից նրանք այդ կապի միջոցով այլ հանցագործություններ են կատարում:
-Եթե Դուք խոսեք իրավապաշտպանների հետ, կարող է` պրոբլեմ ունենաք` նման հարցադրում անելով, քանի որ իրավապաշտպանները կարծում են, որ դատապարտյալները պետք է ունենան կապի միջոց, հեռախոս:
-Էլի ունենան, բայց դա բերում է նոր հանցագործությունների, մասնավորապես շատ են խարդախությունները: Ինչպե՞ս լուծել խնդիրը:
-Հանցագործություն հեռախոսի միջոցով կատարում են նաեւ ազատության մեջ գտնվող անձինք, դա արգելված իր է, եւ մենք պարբերաբար խուզարկություններ ենք իրականացնում, սակայն քրեակատարողական համակարգում ձեւավորված են կոռուպցիոն ռիսկեր, քրեակատարողական ծառայողի աշխատավարձը չափազանց ցածր, եւ դա ինքնին կոռուպցիոն ռիսկ է, քանի որ մեկ հեռախոս հանձնելու դիմաց քրեակատարողական ծառայողը կարող է այնպիսի շահույթ ստանալ, որ համեմատելի լինի իր աշխատավարձի հետ, հետեւաբար մենք համակարգային խնդիրներ ունեք այստեղ լուծելու:
-Ի՞նչ եք անում Դուք` որպես նախարար, զոն նայողների ինստիտուտը ՔԿՀ-ներում վերացնելու համար:
-Դուք այդպիսի փաստ չունեք, Դուք ուղղակի իներցիայով եք այդ հարցը տալիս:
-Փաստը կալանավորներն են, նրանք են բարձրաձայնում այդ մասին:
-Բոլորը չեն խոսում, հիմա քրեակատարողական հիմնարկներում չկան արտոնյալներ, չկան այնպիսի խցեր, որոնք չեն խուզարկվում` անկախ նրանց ստատուսից, չկան քրեական աշխարհում տիտղոսների հնչեղություններ, որպեսզի նրանց համար լինեն բացառություններ, բոլոր խցերը ստուգվում են, եւ այն կարգավիճակն ու դերը, որ ունեցել են այդ տիտղոսավորները, նրանք այլեւս չունեն:
-Չե՞ք վախենում, որ այս տարիների ընթացքում արմատացած խնդիրները լուծելու համար լրացուցիչ պրոբլեմներ կունենաք:
-Դուք ինձ կպաշտպանեք:
-Համաներման մասին շատ խոսվեց, սակայն այդպես էլ չեղավ: Դուք ի՞նչ տեղեկություն ունեք` համաներում լինելո՞ւ է, կամ ընդհանրապես դրա անհրաժեշտությունը կա՞:
-Համաներման, եթե ընդհանրապես նման նախագիծ լինի, դա պատրաստվելու է արդարադատության նախարարությունում, իմ ղեկավարությամբ, եթե այդպիսին լինի, այսինքն` տեղեկատվության աղբյուրը լինելու է արդարադատության նախարարությունը: Իսկ համաներման մասին չեն խոսում մինչեւ համաներումը:
-Գոնե կասեք` Դուք անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:
-Դուք կգնահատեք այդ անհրաժեշտությունը, մենք այն կա՛մ կիրականացնենք` օգտվելով մեր լիազորություններից, կա՛մ ավելի ուշ կիրականացնենք:
-Դատավորներին զենք տրամադրելու համար արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, ինչո՞ւ որոշեցիք դատավորներին զենք տալ, իրենք են եկե՞լ, սրտնեղե՞լ, որ իրենց անվտանգությունը ապահովելու համար զենք տրամադրեք, Դուք էլ որոշեցիք նախագիծ մշակել:
-Դրանք միջազգայնորեն հղկված մեխանիզմներ են, այդտեղ կա կամավորության էլեմենտ, եւ պետությունը պարտավոր է ապահովել դրա հնարավորությունները:
-Վարչապետը նախկին իշխանությունների հետ կապի մեջ գտնվողներին հորդորեց` «խելքները գլուխները հավաքեն», Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:
-Դատավորներին խորհուրդ կտամ գործել օրենքի հիման վրա, արդարության սկզբունքով, խղճով եւ ներքին համոզմամբ` հաշվի առնելով սահմանադրական սկզբունքները եւ իրավունքի գերակայությունը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՎՃՌԱԲԵԿՈՒՄ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռեւս չի որոշվել` ՀՀ վճռաբեկ դատարանի որ դատավորին է մակագրվելու այս գործը: Փոխարենը մեզ հայտնի դարձավ, որ չնայած գործը մակագրվելու է մեկ դատավորի, սակայն բողոքի քննարկմանն այն վարույթ ընդունել կամ չընդունելու հարցին մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների օգնականները եւ փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել` դատավորը, որ քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկություններ է տրամադրելու ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի վերջիններս ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը: Կա տեսակետ, որ սա այն դեպքն է, երբ բոլորը պետք է մասնակցեն եւ քրեական պալատի բոլոր դատավորների կարծիքն էլ պետք է հաշվի առնել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս պրակտիկան հիմնականում կիրառվել է հնչեղություն ստացած գործերում, եւ հիմա նույնը սպասվում է մարտի 1-ի գործով, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությանը:
Չնայած նրան, որ դեռեւս գործը հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել, սակայն մեզ հազած լուրերի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանում արդեն քննարկում են, որ գործը դատավորին մակագրվելուց եւ զեկուցելուց հետո թեժ բանավեճ է սպասվում, քանի որ պալատում դատավորներից շատերի կարծիքները արդեն այս փուլում հակասում են իրար:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: ՀՔԾ պետը` Սասուն Խաչատրյանը, ապօրինի որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու` Վերաքննիչ դատարանի ու մասնավորապես գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը: Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ
ArmLur.am-ը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանն իրականացրեց արդարադատությո՞ւն, թե՞ սա պաշտոնի հատուցում էր Ռոբերտ Քոչարյանին: Ի պատասխան` արդարադատության նախարարն ասաց. «Ես արդարադատության նախարար եմ եւ այդ հարցին իրավունք չունեմ պատասխանելու. դա միջամտություն է արդարադատության նկատմամբ: Ես իրավաբան եմ, ես իրավապաշտպան եմ, ունեմ իմ տեսակետը, այս պահին չեմ կարող ներկայացնել տեսակետս, եւ այդպիսի հարցին պատասխանելը կլինի խախտում»:
ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏՎԵՑ
ArmLur.am-ի տեղեկություններով` դատարանը երեկ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Գրավի չափ է սահմանվել 20 միլիոն դրամը: Գրավն արդեն վճարված է: Հիշեցնենք, որ Ծառուկյանի թիկնազորի պետը մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Վերջինս, սակայն, հայտարարում է, թե իրեն չեն հարվածել, այլ ինքն ընկել է:
ԱՅՑԵԼԵԼ Է ՇԱՆԹԻՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեղի է ունեցել առանձնազրույց: Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում` կապված ազատ արձակման հետ: Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ
2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով եւ 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները: Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 51 594 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 23 120 տոննայով կամ շուրջ 81.2%-ով: Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը կազմել է շուրջ 114603 տոննա կամ 94.5 %, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Հոնկոնգ, Իրաք, ԱՄԷ, ԻԻՀ, Բելգիա, Ռումինիա, Մակեդոնիա, Քուվեյթ, Քաթար եւ ԱՄՆ: