ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու կայանատեղիները կդառնան վճարովի: Ծրագիրը դրվել է հանրային քննարկման, սակայն անհաջողությամբ է պսակվել: Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հայտարարել է, որ համապատասխան իրազեկում չի եղել, եւ հարցի քննարկումը միակողմանի է:

Նկատենք` Գյումրու ավտոկայանման ռազմավարությունն ու գործողությունների պլան-նախագիծը կառավարվում է Գյումրու համայնքապետարանի կողմից եւ ֆինանսավորվում Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կողմից: Խորհրդատվական ծառայություններն իրականացվել են «ՌՕՄ թրանսփորթեյշն էնջինիրինգ» ՍՊԸ-ի եւ «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ համատեղ ձեռնարկության կողմից՝ սկսած 2018 թվականի հունվարից:
Նախագծով առաջարկվում է ստեղծել վճարովի ավտոկայանատեղիներ ու այդ կերպ բացառել անօրինականությունները: Համաձայն ծրագրի` գոտիավորված ավտոկայանատեղիում մեքնենան կայանելու համար վարորդը մեկ օրը 300 դրամ կվճարի, ամսական կանգնելու համար վարորդը կվճարի 1500 դրամ, իսկ մեկ տարվա համար 7500 դրամ: Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Սակայն նախագիծը դեռ երկար է քննարկվելու, քանի որ բողոքի ձայն են բարձրացրել հատկապես տաքսիների վարորդները. «30 հազար դրամ թոշակ եմ ստանում, ոնց եմ վճարելու այդքան գումար, նախագիծը մշակողները մտածո՞ւմ են մեր գրպանների մասին»,-ասել է բողոքող վարոդներից մեկը: Եւ իսկապես, եթե հաշվի առնենք Գյումրիի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, նաեւ փաստը, որ Շիրակի մարզն ամենաաղքատն է համարվում, վճարովի ավտոկայանատեղիները, մեղմ ասած, արդարացված չեն, իսկ առաջարկվող գումարը մեծ է: Ու սպասվում է, որ այս հարցը կարող է բողոքի ալիք բարձրացնել:
Մյուս կողմից, սակայն, սա հնարավորություն է համայնքային բյուջե գումարներ մուտքագրելու համար: Առավել եւս, երբ որոշ վարորդներ այսպես, թե այնպես վճարում են ավտոկայանատեղիների համար: Ուստի ճիշտ է, երբ գումարները հոսում են ոչ թե կոնկրետ անձանց գրպան, այլ բյուջե:
Մինչ այդ, նկատենք, որ այս խնդիրն առավել խորն արմատներ ունի: Դեռ 2016թ. քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու քննարկման դրեց ավտոկայանատեղիները անվճար դարձնելու մասին որոշման նախագիծը: Սա արվեց նաեւ քարոզչական նպատակներով. 2016թ. աշնանը Գյումրիում ՏԻՄ ընտրություններ էին, եւ Սամվել Բալասանյանը գլխավորում էր ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի կազմած «Բալասանյան» դաշինքը: Ուստի պետք էր նման ժողովրդահաճո որոշումներով փորձել շահել մարդկանց համակրանքը: Ավագանին հաստատեց, սակայն ավտոկայանատեղիներում կանգնած հսկիչները չենթարկվեցին որոշմանն ու շարունակեցին վարորդներից գումար պահանջել: Բալասանյանն այլեւս դադարեց պայքարել:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարիներ առաջ էլ համայնքային բյուջեով նախատեսվել է 14 միլիոն դրամ հավաքագրել Գյումրու ավտոկայանատեղիներից, սակայն ոչ մի կերպ իրագործել չի հաջողվել, քանի որ նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն իր պաշտոնավարման տարիներին այդ հողատարածքները 99 տարի վարձակալությամբ տրամադրել է Տարոն Գասպարյան անուն-ազգանվամբ մի անձի, վերջինս էլ, շրջանառվող լուրերի համաձայն, տեղական տուրքը հավաքում ու իր գրպանն է դնում: Ըստ շրջանառվող լուրերի` Տարոն Գասպարյանի թիկունքում Վարդան Ղուկասյանն էր:
Սամվել Բալասանյանի օրոք քաղաքապետարանը պայմանագիրը լուծարելու հայց էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ կնքված պայմանագրով համայնքային բյուջե շատ քիչ գումար է փոխանցվում։
Ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանները հօգուտ քաղաքապետարանի են որոշում կայացրել, մինչդեռ Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ պայմանագիրը չպետք է լուծարվի։ Գյումրու իշխանությունները վճիռն անհիմն էին որակում։
Այժմ դատական վեճի առիթ դարձած հողամասն անցել է համայնքին՝ դատական բոլոր ատյաններից անցնելուց հետո, այդ մասին հաստատեցին համայնքապետարանից: Սակայն միեւնույնն է` նույն անձինք շարունակում են շահագործել ավտոկայանատեղիներն ու գումարը չեն մուտքագրում համայնքային բյուջե: Միգուցե հենց սա է պատճառը, որը համայնքը նման ծրագրով է հանդես գալիս: Բայց ամեն դեպքում պետք է չանտեսել նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ԴԺԳՈՀ ԵՆ
Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչները խիստ դժգոհ են «Տավուշ» ՋՕԸ-ի կողմից ոռոգման ջրի մատակարարումից: Այդ մասին օգոստոսի 10-ին Բագրատաշենի բնակիչները Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում բողոքեցին Տավուշի մարզ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը լսեց «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի բացատրությունը: Վերջինս արդարացավ, թե ոռոգման ջրամատակարարումը նորմալ է, իրենք ըստ ժամանակացույցի ջուր են մատակարարում: Սակայն Բագրատաշենի բնակիչներն առարկեցին, նրանք ասացին, որ ջուր օգտագործողների միության աշխատողներն առավոտյան ոռոգման պոմպը ուշ են միացնում, երեկոյան շուտ անջատում, այդ պատճառով ամռան տապին այգիները եւ ցանքատարածությունները նորմալ չեն ոռոգվում: Իսկ նման ռեժիմով ջրամատակարարումը բացասաբար է ազդում սպասվող բերքի վրա: Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ոռոգման ջուրը նույնիսկ գիշերային ժամերին մատակարարել, քանի որ Դեբեդի ջուրը չօգտագործվելով` հոսում, հեռանում է Հայաստանի տարածքից: Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը Յուրա Որսկանյանի քրոջ որդի Միքայել Մակինյանն է, Յուրա Որսկանյանի աշխատանքից բազում դժգոհություններ կան, սակայն նա շարունակում է պաշտոնավարել:

 

 

ԳՈՆԵ ՄԱՍԱՄԲ ՆՈՐՈԳԵՆ
Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղը 2017թ. նոյեմբերի 5-ից մաս է կազմում խոշորացված Բերդ համայնքի: Այդ գյուղում վերջին 25 տարում ոչ մի համերգ, թատերական ներկայացում, մշակութային միջոցառում չի եղել: Այդ գյուղի երեխաները կարոտ են իրենց բնակավայրում որեւէ մշակութային հանդեսի: Վերին Ծաղկավանի մշակույթի տան շենքը 1990-ական թվականների առաջին կեսին ադրբեջանական հրետակոծությունից քանդվել է: Վերին Ծաղկավանի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից օգնություն խնդրեց մշակույթի տան շենքի գոնե մի հատվածը վերականգնելու համար: Ա. Ղազարյանը հայտնեց, որ մշակույթի տունը մասնակի նորոգելու համար կան հենասալեր, գյուղացիները պատրաստ են իրենց աշխատանքը ներդնել այդ գործում: Աղասի Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Վերին Ծաղկավանը Բերդի տարածաշրջանի միակ գյուղն է, ուր մշակույթի տուն չի գործում: Վ. Ծաղկավանի վարչական ղեկավարն ակնկալում է, որ պետական բյուջեից ֆինանսական որոշակի աջակցություն կցուցաբերվի ցեմենտ գնելու, մշակույթի տան շենքը մասամբ վերանորոգելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԿՏՈՒԳԱՆՎԻ՞ 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում հնարավոր է որոշում կայացնի «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու մասին: Իսկ ընկերությանը տուգանելու պատճառ է դարձել «Օրբելիապարտ Հոթել» ընկերության` ՀԾԿՀ-ին մայիսի 14-ին ուղղված դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ապրիլի 19-ին դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին եւ տեղեկացրել, որ ավարտել է վերջինիս կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա Երեւանի Բաղրամյան 65/2 հասցեում ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքները` կցելով հիմնավորող փաստաթղթերը: Բայց ըստ «Օրբելիապարտ Հոթել»-ի`«Վելոիա ջրի» կողմից պատասխան չի ստացել:

Բացի այս` քաղաքացի Սուսաննա Ղարիբյանը եւս դիմել է ՀԾԿՀ. նա հայտնել է, որ անցած տարվա նոյեմբերի 23-ին դիմել է «Վեոլիա ջուր»-ին` տեղեկացնելով, որ ավարտել է տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա Արարատի մարզի Նոր Խարբերդի 3-րդ փողոցի 12 տան ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքները: Բայց ընկերությունից դեկտեմբերի 22-ի պատասխան գրությամբ մերժել են` փաստաթղթերը թերի ներկայացնելու հիմքով:
Եւ հուլիսի 9-ից Հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսի 6-ին գրությամբ դիմել է ՀԾԿՀ եւ պարզաբանում ներկայացրել: Ըստ որի` ընկերության կողմից 2017 թվականի 4-րդ եւ 2018 թվականի 1-ին եռամսյակների ընթացքում վերը նշված կանոններով սահմանված ժամկետների խախտման հիմնական պատճառ են հանդիսացել կապալառու կազմակերպությունների հետ աշխատանքում թերացումները եւ դիմող անձի տարածքում հայտնաբերված ապօրինի ջրամիացումների առկայությունը: Իսկ Արարատի մարզի Նոր Խարբերդի 12 փողոցի 19 տան եւ Երեւանի Բաղրամյան 65/2 հասցեներում ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների ավարտին առնչվող փաստաթղթերը ներկայացվել են թերի, որի վերաբերյալ դիմող անձինք տեղեկացվել են համապատասխանաբար 2017 թվականի դեկտեմբերի 22-ի եւ 2018 թվականի մայիսի 18-ի գրություններով: Բայց ըստ հանձնաժողովի` ընկերությունը 2017 թվականի 4-րդ եւ 2018 թվականի 1-ին եռամսյակների ընթացքում 112 դեպքում խախտել է Կանոնների 16-րդ, 19-րդ, 19.1-րդ կետերը: Ապա ՀԾԿՀ-ն որոշել է ընկերությանը տուգանել 10 մլն դրամ գումարի չափով:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով ասաց. «Մենք տեղյակ ենք, պետք է լինի հանձնաժողովի նիստ, պետք է տեղի ունենան համատեղ քննարկումներ: Ըստ այդմ էլ կորոշենք, թե ինչում ենք թերացել, որ գործը հասել է վարչական վարույթի: Մենք այս տարվա ընթացքում շատ գործ ենք արել: Մենք շարունակաբար կատարելագործում ենք սպառողների հետ մեր աշխատանքը նման բան չլինելու համար»: Ըստ ընկերության ներկայացուցչի` մատուցող ծառայությունների այդ մասը` ջրագծերի, կոյուղագծերի հետ կապված, շատ բարդ հարց է, հատկապես Երեւանից դուրս: «Թե նախագիծը վերջնական ինչ տեսք կունենա, ինչպիսի որոշում կընդունվի, «Վեոլիա ջուրը», բնականաբար, տեղյակ չէ, բայց մենք մասնակցելու ենք քննարկմանը: Հույս ունենք` համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցնենք, թե ինչ չափով ենք առաջխաղացում ապրել այս շատ բարդ բոլորիս համար կարեւոր հարցի լուծման գործում, որտեղ ունենք թերացումներ, եւ որտեղ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք դեռեւս քննարկման կարիք ունեն»,- լրացրեց Մուրադ Սարգսյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս