ԱՂՔԱՏՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՏՈՖԻԼ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թերսնվածության խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ: Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: Ամենատարբեր գնահատականներով Հայաստանի բնակչության մոտ 60 տոկոսը թերսնված է:

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշը, որտեղ ներկայացված է վերջին տարիներին ամսական մեկ շնչի հաշվով սննդամթերքի հիմնական տեսակների սպառումը: Բոլոր դեպքերում պատկերը խիստ մտահոգիչ է ու տխուր, որովհետեւ բոլոր տեսակի սննդամթերքի սպառումը աստիճանաբար նվազել է: Ընդ որում, սպառման նվազումը արձանագրվել է խոցելի խմբերում` գործազուրկի գլխավորությամբ եւ բազմանդամ ընտանիքներում: Լավագույն դեպքում 2013-2014 թվականներին մեկ շնչի հաշվով ամսական աճել է բանջարեղենի սպառումը, բայց արդեն 2015-2016 թթ. այն զգալի նվազել է: Կհիշեք` աղքատության մասին սկանդալային հայտարարություններով անցած տարի հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանցից Հակոբ Հակոբյանն ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: … Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Խոսրով Հարությունյանը հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միեւնույն է, գումար չունի` միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Բայց արի ու տես, որ խոցելի խմբերում անգամ կարտոֆիլի սպառումն է նվազել:
Եթե մեկ հոգին 2013 թվականին մեկ ամսում սպառել է 3.54 կգ կարտոֆիլ, ապա 2016 թվականին այն կազմել է 3.36 կգ: Բացի այս, մեկ ամսում մեկ անձը միջինը սպառել է 6.6 կգ բանջարեղեն: Օրինակ` 2013 թվականին մեկ շնչի հաշվով մեկ ամսում միջինը սպառվել է 1.91 կիլոգրամ միս, իսկ ահա 2016-ին չնչին ավելացել է` ընդամենը 1.98 կգ: Իսկ ահա կաթ ու մածունը մեկ հոգին մեկ ամսվա ընթացքում 2016 թվականին 2015-ի համեմատ նվազեցրել է` սպառելով 1.79 լիտր: Ու վերջապես, եթե 2013 թվականին մեկ շնչի հաշվով ամսական միջինը սպառվել է 11.8 կգ հաց, ապա 2016 թվականին այն նվազել է` դառնալով 11.2 կգ:
Պաշտոնական վիճակագրությամբ կարող ենք տեսնել, որ ըստ խոցելի խմբերի, օրինակ` գործազուրկի գլխավորությամբ ընտանիքում, մեկ շնչին ամսական կտրվածքով կարտոֆիլի սպառումը նվազել է. եթե 2014-ին նման ընտանիքներում մեկ շունչը սպառել է 3.20 կգ կարտոֆիլ, 2015-ին` 3.24 կգ, իսկ ահա 2016-ին` 3.08 կգ: Իսկ ահա բազմանդամ ընտանիքներում այն զգալի է նվազել: Ասել է թե` բազմանդամ ընտանիքները սկսել են տարիների կտրվածքով քիչ քանակությամբ կարտոֆիլ օգտագործել: Ի դեպ, բազմանդամ ընտանիքներում հացի սպառումն էլ է մեկ շնչի հաշվով նվազել` 2015 թվականին ամսական կտրվածքով սպառվել է 10.29 կգ, իսկ 2016 թվականին` 9.97 կգ: Իսկ գործազուրկի գլխավորությամբ ընտանիքներում մեկ շունչը տարեցտարի նվազեցրել է նաեւ ձկնամթերքի սպառումը:
Ու վերջապես` պարենային զամբյուղի մասին: Նշենք, որ պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին 2412.1 կկալ: Բայց 2016 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան` 1 շնչի հաշվով, կազմել է 2090 կկալ: Սակայն այս ցուցանիշը եւս տարիների ընթացքում զգալի նվազել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, 2013 թվականին` 2090, 2014-ին` 2043 կկալ, 2015-ին` 2058, 2016-ին` 2090 կկալ: Ըստ վիճակագրական կոմիտեի` օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը 2016 թվականին եղել է ավելի քան 60 տոկոս: Ըստ մասնագետների` Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված է: Ավելորդ է նշել, որ թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՉԳԻՏԵՆ ԲՈՒԺՈՒՄԸ
Խորհրդային տարիներին Դեբեդի հովտի այգիներից 30 հազար տոննա դեղձ էր մթերվում: Այժմ այգեգործությունը, մասնավորապես դեղձի մշակությունն այդ տարածաշրջանի զարգացման հիմնական ուղղությունն է: Սակայն խոշորացված Այրում համայնքի մաս կազմող Պտղավան, Լճկաձոր գյուղերի այգիները վարակվել են: Մասնակի կերպով վարակվել է շուրջ 20 հեկտար դեղձի այգի: Պտղաբույծները խոր էտի միջոցով փորձում են փրկել վարակված ծառերը, սակայն դա արդյունավետ չէ: Այգեգործները կարծում էին, որ Թեղուտի հանքավայրի թափոնները Դեբեդ են լցվել, գետի աղտոտված ջրերով այգիները ոռոգելու հետեւանքով են ծառերը վարակվել: Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ իրենք դիմել են գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի լաբորատոր փորձաքննության ենթարկվի վարակված այգիներից վերցված նմուշը: Փորձաքննությամբ պարզվել է, որ հիվանդության պատճառը կալիֆոռնիական վահանակիրն է: Այդ սնկային հիվանդությունը ծառի կեղեւը վնասելով` բույսը ոչնչացնում է: Այրում համայնքի ղեկավարն ասաց, որ այգեգործները ծառերի բուժումը կատարում են տարերայնորեն, միմյանցից խորհուրդ հարցնելով, թե ինչ բուժանյութեր կիրառել` հստակ չիմանալով, թե որ հիվանդությամբ են վարակված այգիները: Նրա համոզմամբ` հարկ է այդ տարածաշրջանում խորհրդատվական կենտրոն ստեղծել, որը այգեգործներին խորհուրդ կտա, թե որ հիվանդության դեմ, երբ եւ ինչ բուժանյութերով պայքարել: Ավելին, ըստ նրա` պետք է Դեբեդի տարածաշրջանում հիմնել լաբորատորիա. որտեղ փորձաքննության կենթարկվեն վարակված ծառերի արմատանյութը, կեղեւը, հողը, կպարզվի, թե ինչ հիվանդություններով են վարակված պտղատու այգիները:

 

 

ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզում տարածված երեւույթ է մինչեւ 16 տարեկան աղջիկների հետ ամուսնությունը: Նման դեպքերի մեծ մասին իրավապահներն ուշադրություն չեն դարձնում: Սակայն որոշ դեպքերում նաեւ քրեական գործ է հարուցվում, գործը հասնում է դատարան: Դատավորներն անչափահասի հետ ամուսնացած երիտասարդների նկատմամբ մեղմ են վարվում` նրանց դատապարտելով պայմանական ազատազրկման, չցանկանալով վնասել նորաստեղծ ընտանիքները: Այդպիսի եւս մեկ դեպք: Oգոստոսի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկեց Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Իսախանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ լինելով 21 տարին լրացած անձ` 2018թ. մարտի 5-ից գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ ակնհայտ 16 տարին չլրացած անձի` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակչուհի, 2002թ. հունիսին ծնված աղջկա հետ, Իջեւան քաղաքում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 141 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով: Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Դ. Իսախանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ քրեական գործով տուժող է ճանաչվել անչափահաս աղջիկը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՕՊՏԻՄԱԼԱՑՆԵԼՈՒ ԵՆ
Այս պահին սփյուռքի նախարարության կրճատման հարց չկա օրակարգում, այս մասին երեկ մամուլի ասուլիսին ասել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ նախարարությունների կրճատման հայտարարությանը: «Նման հարց չկա օրակարգում, բայց ցանկացած որոշում, որը կառավարությունը կկայացնի որեւէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այնպես էլ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:
Միաժամանակ նախարարի խոսքով, սակայն, գերատեսչությունում օպտիմալացում՝ վարչությունների կրճատում պետք է լինի: «Կառուցվածքային առումով, անշուշտ, լուրջ փոփոխությունները նախարարությունում անխուսափելի են, որովհետեւ ստորաբաժանումների գործառույթները հաճախ համընկնում են: Շուտով կիմանաք նաեւ ռեստրուկտուրիզացիայի վերաբերյալ մեր քայլերի մասին»,- հայտնել է նա:

 

 

ԿԱԼԱՇՆԻԿՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեկ «Royalsys Engineering ltd» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր` «ԸԽ-12» եւ «ԸԽ-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

 

 

ԼԱՐՎԱԾ Է
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է, թե կարեւոր են տարածաշրջանային զարգացումները, գերտերությունների փոխհարաբերությունները: «Պետք է առանձնացնել ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան եւ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները լարված են եւ դեռ շարունակում են լարվել: Նոր պատժամիջոցների ալիք է սպառնում նաեւ Իրանին՝ էներգետիկ ոլորտում, որը Հայաստանի համար եւս կարող է խնդրահարույց լինել,- ասել է նա եւ հավելել,-այս ամենը հաշվի առնելով էլ ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում իրավիճակը լարվելու է, գերտերությունների հարաբերությունները լարվելու են: Իհարկե, ՀՀ-ն տնտեսական առումով ունենալու է բավականին լուրջ խնդիրներ՝ կապված Իրանի ու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ: ՌԴ-ի հետ մենք հարյուրավոր թելերով կապված ենք՝ գտնվում են մեկ պաշտպանական ու տնտեսական համակարգի մեջ: Ակնհայտ է, որ ՌԴ տնտեսության մեջ ցանկացած վայրիվերում՝ ռուբլու տատանում, նավթի գնի տատանում, բավականին լուրջ ազդեցություն են ունենալու ՀՀ տնտեսության վրա»:




Լրահոս