«ԵՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԵՄ ՆԵՏՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական կյանքի ներկայիս անցուդարձի մասին զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ: Նա անդրադարձել է Հանրապետության հրապարակից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած մեսիջներին, հանրապետականների դժգոհություններին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին առ այն, որ ինքը քաղհալածյալ է: Գագիկ Գինոսյանը հիշեցրել է՝ ինքը հենց Քոչարյանի նախագահ եղած ժամանակ քաղաքական մի հայտարարության հետ կապված հայտնվել է ԱԱԾ նկուղում, սակայն չի պնդում, թե քաղհալածյալ է եղել:

-Պարո՛ն Գինոսյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը եւ Հանրապետության Հրապարակից մի շարք ուղերձներ հղեց: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք:
-Միանշանակ, այս 100 օրվա ընթացքում գրանցվել են էական փոփոխություններ, բայց եւ անելիքները շատ են: 100 օրը քիչ է հիմնարար փոփոխությունների համար:
-Հանրապետականները պնդում են, որ Փաշինյանը մատ թափ տվեց այլ կարծիք արտահայտողների վրա: Այդպե՞ս է:
-Այնպես չէ, որ իրենից առաջ մատ թափ չէին տալիս: Ով քծնող է, իշխանամետ ու կոմֆորմիստ, բոլոր ժամանակներում էլ այդպիսին է մնալու, իսկ ով տեսակ եւ սեփական տեսակետ ունի, մատ թափ տան, թե ոչ, նրան սաստել չեն կարող: Գուցե մատ թափ տալու միտում կար… Ամեն դեպքում ես չեմ կարող ասել, որ կար: Նիկոլ Փաշինյանը խիստ կեցվածք ունի, որովհետեւ շատերը կասկածի տակ են առնում բարեփոխումները: Իսկ այն, որ Հայաստանում իրավիճակ, բարոյական մթնոլորտ է փոխվել, ակնհայտ է: Գուցե պետք է խիստ խոսել, որ որեւէ մեկը դա կասկածի տակ չառնի:
-Փաշինյանը խոսեց անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների մասին եւ քննադատվեց սեփական իշխանությունը պահելու նպատակով նախորդ իշխանության ուղով գնալու համար: Ի՞նչ կասեք:
-Այն, որ մեր Սահմանադրությունն իդեալական չէ, կարծում եմ՝ բոլորի համար է ակնհայտ: Մենք միշտ ունեցել ենք ամեն նախագահի վրա «կարված» Սահմանադրություն: Ամեն նախագահ իր իշխանությունն ավելի հիմնարար դարձնելու համար իր փոփոխություններն է արել: Եթե բազկաթոռն ունեցել է 4 ոտք, 8-ն են սարքել, որ հանկարծ չընկնեն: Այնպես որ, ներկայիս Սահմանադրությունը լավագույնը չէ եւ «կարված է» վարչապետի վրայով՝ Սերժ Սարգսյանի ձեռամբ: Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, կարող է Սերժ Սարգսյանի ստեղծած Սահմանադրությունն օգտագործել եւ հավերժացնել իր իշխանությունը: Եթե դա պետք է կանխվի, փոփոխությունները ողջունելի են:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ նշեց, որ Փաշինյանի կողմնակիցներն ամենեւին էլ մեծամասնություն չեն կազմում: Նա նաեւ բազմաթիվ անգամներ նշել է, որ իր հանդեպ ներկայիս իշխանության կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում: Կցանկանայի այս առնչությամբ լսել Ձեր տեսակետը:
-Անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի օրոք հայտնվել եմ ԱԱԾ-ի նկուղում զուտ այն բանի համար, որ Ջավախքում հայ տղայի սպանության հետ կապված հայտարարություն եմ արել՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները անգործության են մատնված: Ինձ վրա գործ է «կարվել»: Բայց ես ոչ մի տեղ չեմ հայտարարել, որ իր օրոք քաղհալածյալ եմ եղել: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմնակիցների մեծամասնություն լինել-չլինելուն՝ որպես անկուսակցական եւ մեկը, ով ոչ մի իշխանության կողմնակից չի եղել, կարող եմ վստահաբար ասել, որ ժողովուրդը հավատում եւ սատարում է իրականացվող փոփոխություններին: Ես մարտահրավեր եմ նետում Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին, որոնք ասում են, թե ներկայիս իշխանությանը սատարողները մեծամասնություն չեն: Թող իրենց կողմնակիցներով հավաքվեն մի տեղ եւ ցույց տան իրենց քանակը, թող ապացուցեն, որ իրենք են մեծ թիվ կազմում: Ես անձամբ ներկա կգտնվեմ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հրավիրած հանրահավաքին: Իրենք մոռացել են, որ նախորդ իշխանությունների օրոք դպրոցներից երեխաներին պարտադրաբար նախընտրական քարոզարշավների էին տանում: Եվ եթե ինձ պես մի ուսուցիչ ասում էր, որ դա անբարոյականություն է, լուրջ խնդիրներ էր ունենում: Ինքս էլ մեծ մտահոգություններ ունեմ ներկայիս կառավարության հետ կապված եւ չգիտեմ, թե վաղը ինչ կլինի, բայց գոնե այսօր չկա մեկ այլ ուժ, որը կարող է Փաշինյանի կողմնակիցների 10 տոկոսի չափով ժողովուրդ հավաքել հրապարակում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

«ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԷԻՆՔ, ՈՐ ՌԵԿՈՐԴ ԿԳՐԱՆՑԵՆՔ»

Դերասան Ռաֆայել Երանոսյանի համար աշունը թեժ է լինելու: Նա պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել իր սթենդ-ափ ներկայացումը, նաեւ հանդես գալ իրանահայ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի նոր ներկայացման մեջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Ռաֆայելը:

Դիտարկմանը, որ դերասանը խոստացել էր սթենդ-ափ ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնել ավելի վաղ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխություն եղավ, այն կորցրեց իր արդիականությունը, ուստի սցենարական նոր աշխատանքներ են տարվում: Սեպտեմբերի վերջին դրանք ավարտված կլինեն: Ներկայացման ընթացքում արծարծվելու է հայի տեսակը՝ իր առավելություններով եւ թերություններով: Միեւնույն է` մենք տարբերվում ենք մյուս ազգերից, քանի որ մեր լավն ու վատը խառնելով իրար՝ ստանում ենք մի համով բան»:
Ինչ վերաբերում է Սեդրակ Գոջամանյանի ներկայացմանը, այն եւս արծարծելու է ազգային թեմա: Հայն ինքնաթիռով տարբեր ժամանակահատվածներում եւ իրավիճակներում է հայտնվելու եւ փորձելու է իրեն դրսեւորել:
Մենք հետաքրքրվեցինք՝ Ռաֆայելն ունի՞ արդյոք գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու հրավերներ. «Մանկական ֆիլմում հանդես գալու առաջարկ ունեմ, սեպտեմբերին եմ նկարահանվելու, իսկ անիմացիոն մի ֆիլմում արդեն իսկ նկարահանվել եմ: Այս փուլում այնպես է ստացվել, որ մանկական նախագծերում եմ ընդգրկվել»,-տեղեկացրեց դերասանը:
Մենք նաեւ հարցրինք՝ ինքը եւ Անդրանիկ Հարությունյանը պատկերացնում էին արդյոք, որ «Լեդի Քոբուլեթի»-ի տեսահոլովակը կարող է դիտումների թվի առումով ռեկորդ գրանցել. 20 օրվա ընթացքում՝ մոտ 7.5 միլիոն. «Այո, պատկերացնում էինք, հենց նման ակնկալիք էլ ունեինք: Ուրախ ենք, որ այն, ինչին ուրիշները հասնում են տարիների ընթացքում, մենք հասանք մի քանի օրում: Դա հումորային նախագիծ է եւ առաջիկայում կայանալիք «Դեպուտատի շոու» ներկայացման մի մասն է կազմելու»,-եզրափակեց Ռաֆայելը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ԸՆԴԳՐԿՎԵԼ Է
Whoscored.com-ի վարկածով Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Չելսիի» դեմ արտագնա հանդիպման արդյունքում Մխիթարյանը ստացել է 8.5 գնահատականը: Հիշեցնենք, որ «Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով: «Արսենալի» կազմում անցկացրած Պրեմյեր լիգայի 13 խաղերում Հենրիխ Մխիթարյանը ներգրավված է եղել 8 գոլերում` դառնալով 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
«Ուրախ եմ, որ դարձյալ կարող եմ խաղալ: Այսպիսի մեծ ընդմիջումից հետո Նյու-Հեյվենի մրցաշարին մասնակցելը հրաշք է: Իհարկե, ֆիզիկապես դեռ իդեալական մարզավիճակում չեմ: Պետք է ջանասիրաբար մարզվեմ ամեն օր, որպեսզի ավելացնեմ»,- ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն այսպես է մեկնաբանել ծնկի 3 վիրահատություններից հետո իր վերադարձը կորտ՝ նշելով, որ իր գլխավոր նպատակը նախկին խաղամակարդակին վերադառնալն է: Հիշեցնենք, որ օրերս Մարգարիտա Գասպարյանը չէր կարողացել նվաճել թենիսի ամերիկյան Նյու-Հեյվենում անցկացվող Premier շարքի մրցաշարի հիմնական փուլի ուղեգիր: Որակավորման վերջին փուլում 23-ամյա թենիսիստուհին 3 սեթում պարտվել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պունգին եւ լքել պայքարը:

 

 

ՉԻ ՀԵՌԱՆԱ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կշարունակի աշխատանքն անգլիական ակումբում՝ ի հեճուկս նրա հեռանալու մասին լուրերին: BBC-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը լիովին վստահում է պորտուգալացի մասնագետին եւ մտադիր չէ այս մրցաշրջանի ընթացքում բաժանվել նրանից: Անգլիական ակումբը չի դիտարկում Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հրավիրելու տարբերակը: Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն 2016 թվականից գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հուլիսը:




Լրահոս