ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան: Թեեւ դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետեւյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի: Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու եւ այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի է արդյո՞ք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին (միգուցե նաեւ նախագահներին, եթե այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի նաեւ Սերժ Սարգսյանին): Միաժամանակ նույն դատական համակարգում շատերը կասկածում են ՍԴ անաչառությանը: Ի վերջո, ՍԴ անդամների մի մասը նշանակվել է հենց Քոչարյանի կողմից, ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն էլ նախկին ՀՀԿ-ական է եւ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար որոշակի պարտավորություններ ունի ՀՀԿ իշխանությունների առաջ: Այնպես որ, դատական համակարգում իրոք աննախանձելի վիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործի շրջանակներում դեռեւս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության եւ ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ գործով նա չի հարցաքննվել»: Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, Մելքոնյանն արդեն այս գործով հարցաքննվել է: Մինչ այդ, տեղեկացնենք, երեկ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` Էնդոկրինոլոգիայի բաժանմունք: Ինչպես հայտնի է` Գրիգորյանը թոքի քաղցկեղ ունի, եւ վերջին օրերին փաստաբանը նշում էր, որ գնալով նրա առողջական վիճակը վատանում է:
Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը, դրա հետեւանքով՝ ինքնաբավության մակարդակը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում Հայաստանում գյուղացիները նախորդ տարվա համեմատ 171 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է: Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն: Պահանջարկը բավարարելու համար վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից: Սակայն այստեղ էլ մեկ ուրիշ խնդիր կա. երկու հարեւանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Ասել է, թե մեր երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ: Սրան գումարած պատերազմական վիճակը, պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամի գերավճար, այդ թվում՝ ԱԱՀ գծով գերավճարը կազմել է 105.8 մլրդ դրամ: Ըստ ՊԵԿ-ի` այդ ընթացքում բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ԱԱՀ վերադարձի ձեւակերպում է կատարվել 16.3 մլրդ դրամի չափով, իսկ գերավճարների գումարներից այլ հարկատեսակների գծով հաշվանցվել է 1.8 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ գերավճարները կազմել են 138.2 մլրդ դրամ, այդ թվում՝ ԱԱՀ գծով 80.3 մլրդ դրամ: Այդ ընթացքում գերավճարի գումարներից ԱԱՀ գծով վերադարձվել է 12.6 մլրդ դրամ, իսկ այլ հարկատեսակների գծով՝ 2.2 մլրդ: Նկատենք, սակայն, որ ՊԵԿ-ը դեռ չի հրապարակել այս տարվա ոչ առաջին, ոչ երկրորդ եռամսյակների ցուցանիշները, եւ պարզ չէ՝ այս տարի նախորդ ու ներկա կառավարությունների օրոք որքա՞ն են կազմել գերավճարները, որոնք, ի դեպ, իրենց հերթին պետական պարտք կարելի է համարել, միայն թե տրված առանց տոկոսի:
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
ՀՀԿ-ականները բավական ծանր են տարել ԱԺ-ն լուծարելու օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մտադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե վարչապետն այսպես փորձում է պահել իր իշխանությունը, վերարտադրվել: Անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, թե վարչապետի խոսքերն օրենսդիր իշխանության նկատմամբ ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է: Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները չուշացան: «Շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն եւ հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»,- ասել է նա: Միաժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ վարչապետն ասել է, թե այդ գործընթացն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ հարցերը օրակարգից կհանեն: «Դա տարբերակներից մեկն է, կարող են լինել այլ տարբերակներ, բայց որեւէ պարագայում որեւէ գործողություն, մտադրություն, քայլ չի կարելի դուրս դնել Սահմանադրությունից»:
Մինչ կառավարությունը կորոշի` ի՞նչ տարբերակով պետք է կազմակերպել խորհրդարանի լուծարումը, արձանագրենք. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում չունի այլընտրանք: Եւ սա մի պարզ պատճառով. գործող խորհրդարանը վաղուց ի վեր չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը, չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները: ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունը գործադիր իշխանությունից համաժողովրդական ընդվզման արդյունքում հեռացված կուսակցությունն է՝ ՀՀԿ-ն: Մինչդեռ հասարակության համակրանքը հիմա միանգամայն այլ ուժի կողմն է:
Ու բացի այդ` նկատենք, որ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական սահմանադրական ճգնաժամը. ՀՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, սակայն շարունակում է մնալ օրենսդիր իշխանության ղեկին: Այս երեւույթը քաղաքագիտական, քաղաքական նոնսենս է. իրեն ընդդիմադիր հայտարարած ուժը չի կարող օրենսդիր մարմնում իշխանություն ունենալ, եւ վերջ:
Այնպես որ, սահմանադրական փոփոխությունները եւ դրանց արդյունքում արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ-ում ներքաղաքական եւ սահմանադրական ճգնաժամը լուծելուն միտված քայլեր են, որի արդյունքում շահելու է պետությունը: Ու որքան էլ ՀՀԿ-ականների համար ծանր լինի այս իրողության հետ հաշտվելը, միեւնույն է` վաղ, թե ուշ խորհրդարանը պետք է լուծարվի, ու ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է կայանան: