ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾԸ ԿԳՆԱ՞ ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Դատախազության բողոքն արդեն մուտքագրվել է Վճռաբեկ դատարան:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` ՀՀ վճռաբեկ դատարանում քննարկումներ են այն մասին, թե ինչ անեն, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պատասխանատվությունն իրենց վրայից գցեն, ուստի չի բացառվում, որ Վճռաբեկ դատարանը գնա կտրուկ որոշման:
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը 2008թ. մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց Ռ. Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Եվ ահա վերաքննիչ որոշումը բեկանելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան` ցանկանալով կրկին կալանքի վերցնել ՀՀ երկրորդ նախագահին:
Դեռեւս հայտնի չէ` ՀՀ վճռաբեկ դատարանի որ դատավորին է մակագրվելու այս գործը: Փոխարենը մեզ հայտնի դարձավ, որ չնայած գործը մակագրվելու է մեկ դատավորի, սակայն բողոքի քննարկմանն այն վարույթ ընդունել կամ չընդունելու հարցին մասնակցելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի բոլոր անդամները, ինչպես նաեւ պալատի անդամների փորձագետները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` անգամ որոշում է կայացվել` դատավորը, որ քննելու է այս գործը, բողոքի ողջ էության մասին տեղեկություններ է տրամադրելու ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի բոլոր անդամներին, որպեսզի վերջիններս ամբողջությամբ ծանոթանան բողոքի բովանդակությանը: Կա տեսակետ, որ սա այն դեպքն է, երբ բոլորը պետք է մասնակցեն, եւ քրեական պալատի բոլոր դատավորների կարծիքն էլ պետք է հաշվի առնել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս պրակտիկան հիմնականում կիրառվել է հնչեղություն ստացած գործերում, եւ հիմա նույնը սպասվում է մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությանը:
Այս որոշումից հետո ՀՀ վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցի շուրջ քննարկումները նոր փուլ են թեւակոխել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանում քննարկել են հարցը կասեցնելու եւ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Սահմանադրական դատարան ուղարկելու տարբերակը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում կարծիք են հայտնել, որ, ի վերջո, բոլորին էլ հայտնի է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հիմնական կետը, որի վրա աշխատելու է, ՀՀ սահմանադրության 140 հոդվածն է, որը վերաբերում է Հանրապետության նախագահի անձեռնմխելիությանը, մասնավորապես` «1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: 2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»:
Ուստի մտահոգություն է հայտնվել այն մասին, թե որքանով է ճիշտ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը եւ որոշում կայացնի ՀՀ սահմանադրության նորմի մասին: Ըստ այդմ, հարց է հնչել՝ արդյոք ճիշտ չէ, որ ՀՀ սահմանադրության հոդվածը մեկնաբանի հենց ՀՀ սահմանադրական դատարանը եւ, ի վերջո, ինքը տա գնահատականը` անձեռնմխելիությունը տարածվում է երկրորդ նախագահի վրա, թե ոչ, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանը այս կերպ կխուսափի ավելորդ հասարակական ճնշումից եւ պատասխանատվության ողջ բեռը չի վերցնի իր վրա:
Ինչ արդյունք կտան այս օրերին ՀՀ վճռաբեկ դատարանում հնչած կարծիքները, դժվար է ասել, սակայն հնչեցված կարծիքներին զուգահեռ` դատավորներից ոմանք նաեւ մեկ այլ խնդիր էլ են բարձրացրել: Ըստ մեզ հասած լուրերի` եթե որոշվի, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կասեցնում է բողոքի քննությունը եւ այն ուղարկում է ՀՀ սահմանադրական դատարան, ապա ի՞նչ է սպասվում ՀՀ սահմանադրական դատարանում:
Բանն այն է, որ դատավորներից ոմանք կարծիք են հնչեցրել, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է, որը նախկին իշխանությունների առաջ պարտավորվածություններ ունի: Այս դեպքում խիստ կասկածի տակ է ՍԴ-ի օբյեկտիվությունը: Նախ՝ ՍԴ անդամների մի մասը նշանակվել է Քոչարյանի կողմից: Բացի այդ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ ժամանակին ՀՀԿ-ական է եղել, ինքն էլ իր հերթին կախված է նախկին իշխանություններից, եւ դեռ առիթ չի հանդիսացել, որ իր քայլերով «շնորհակալություն» հայտնի նախկին իշխանությանը՝ այս բարձր պաշտոնին նշանակվելու համար:
Ինչեւէ, ըստ էության դատական համակարգում ստեղծվել է մի իրավիճակ` չնայած նրան, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել ՀՀ գլխավոր դատախազության բողոքի մասով, կարծես թե ցանկություն ունի գործը ուղարկել սահմանադրական դատարան` ողջ բեռը գցելով Սահմանադրական դատարանի վրա` այդ կերպ ազատվելով ավելորդ գլխացավանքից: Իսկ թե որքանով ցանկությունը իրականություն կդառնա, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր սնանկության գործերով դատարանի շուրջ աղմուկի մասին: Ինչպես հայտնի է` նոր ստեղծվելիք դատարանում դատավոր աշխատելու համար թեկնածուներից ոչ բոլորն էին արժանացել Բարձրագույն դատական խորհրդի դրական գնահատականին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ մրցույթից «դուրս մնացած» դատավորներից Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին վերացնել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թ. օգոստոսի 6-ի որոշումը, անվավեր ճանաչել դրա հետեւանքով «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թ. օգոստոսի 10-ի որոշումը: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին: Ասել է, թե դատավորներն արդեն դիմել են դատարան` իրենց իրավունքները պաշտպանելու համար, մնում է ՀՀ վարչական դատարանը որոշում կայացնի` բավարարի՞ դատավորների հայցը, թե՞ ոչ:
Սակայն նկատենք` չնայած արդեն հայտնի է, թե որ դատավորին է մակագրվել այս գործը, բայց հիմնական հարցը մնացել է օդից կախված: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն` ըստ դատական համակարգում տարածված խոսակցությունների` ՀՀ վարչական դատարանը դեռեւս դատավորների դիմումը վարույթ չի ընդունել, եւ դեռ հարց է` արդյո՞ք կհամարձակվի դուրս գալ ԲԴԽ-ի դեմ եւ ընդունել վարույթ դատավորների հայցը: Ավելին` ըստ դատական համարգում տարածված խոսակցությունների` դատավորները մինչ այս ԲԴԽ-ի որոշումները չեն բողոքարկել դատարանում, քանի որ ներքին վախ են ունեցել: Մինչդեռ հիմա գտնվել է երկու դատավոր, որ համարձակություն են ունեցել դիմել դատարան եւ անվավեր ճանաչել տալ ԲԴԽ-ի որոշումը: Մնում է սպասել, թե ՀՀ վարաչական դատարանի դատավորը կունենա՞ համարձակությունը վարույթ ընդունելու հայցը: Ու մինչ ՀՀ վարչական դատարանը լռում է, դատավորները շունչները պահած` սպասում են, թե արդյո՞ք նախադեպ կստեղծվի, եւ դատավորներն առանց վախի կարող են պաշտպանել իրենց իրավունքները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ: Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Հովիկ Խաչատրյանը` ազատվելով ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից: ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Ավագյանը:

 

 

ՆՈՐ ՔՐԳՈՐԾ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում երեկ ստացվել եւ վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։ Քրգործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից 22.01.2008 թ. տրված ՏԿՈւ 00223 եւ 05.11.2009 թ. տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ Աբովյան-Երեւան-Աբովյան եւ Չարենցավան-Երեւան-Չարենցավան ուղղություններով: Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղեւորափոխադրումներ, որի հետեւանքով «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները կրել են մեծ ֆինանսական կորուստներ: Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետեւ ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քր. օր. 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մրցակցությունը սահմանափակելը, որն ուղղված է տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, 2018թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրգործ եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ նախկին ոստիկանապետի եղբորը` Կարեն Գասպարյանին, օգոստոսի 17-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա սպանության սպառնալիքներ է տվել Ավետիք Սարգսյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:30-ի սահմաններում, Կ. Գասպարյանի եւ Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Սարգսյանի դստեր կողմից Կ. Գասպարյանի ավտոմեքենան Վարդավառ տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ: Վիճաբանության շուրջ պարզաբանումներ կատարելու եւ հաշտվելու պատրվակով նույն օրը Կ. Գասպարյանը Ա. Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների եւ այլոց ներկայությամբ Ա. Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Ա. Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Կ. Գասպարյանն իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Ա. Սարգսյանը տեղի է տվել Կ. Գասպարյանի նվաստացնող պահանջին եւ ծնկի գալով ներողություն խնդրել նրանից: Կ. Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս