ԱՄՆ-ում շարունակվում է նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ քաղաքական ճգնաժամը։ Այժմ էլ ակնկալվում է, որ մեղադրանք է առաջադրվելու նախագահի նախկին փաստաբանին՝ Թրամփի պաշպանությունն իրականացնելիս գործած մի շարք ապօրինությունների համար։ Հետաքրքիր է, որ Թրամփի շրջապատի բազմաթիվ ներկայացուցիչներ են ցայսօր դատապարտվել, սակայն ոչ ոք ուղիղ չի մեղադրվել ռուսական շրջանակների հետ գործակցության համար։
Նախագահ Թրամփի քարոզչական շտաբի անդամների դեմ քրեական գործերի շարքը սկսվեց նախագահի անվտանգության գծով հատուկ խորհրդական, պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինի պաշտոնանակությամբ ու քրգործում ներգրավելու ժամանակ։ Ենթադրվում էր, որ Թրամփի քարոզչական շտաբը ակտիվորեն համագործակցել էր ռուսական շրջանակների հետ եւ ստացած տեղեկատվությունն օգտագործել Հիլարի Քլինթոնին պարտության մատնելու համար։ Համառ տեղեկությունների շրջանառության հետ մեկտեղ իրավիճակն ավելի էր լարվում Թրամփի հայտարարություններով ու գործողություններով, որոնք ավելի էին խորացնում կասկածները ռուսական շրջանակների հետ գաղտնի կապերի մասին։ Եվ ահա, երբ Թրամփը պաշտոնազրկեց ՀԴԲ-ի տնօրենին, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից՝ ինքնաբերաբար ակտիվացնելով անկախ իրավապահ համակարգի պաշտպանիչ մեխանիզմները։ Ռուսական հետքի քննությունը վստահվեց միայն այդ գործի համար նշանակված հատուկ դատախազին, որը սկսեց հարցաքննությունների մի մեծ շարք Թրամփի քարոզչական շտաբի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ։ Այդ համատեքստում հարցաքննվեցին ինչպես Թրամփի նախընտրական շտաբի պետերը, նախագահի վարչակազմում բարձրաստիճան պաշտոններ ստանձնած անձինք, նախագահի որդին ու փեսան։ Այդ համատեքստում մեղադրանքներ առաջադրվեցին բազմաթիվ անձանց՝ ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու, փողերի լվացման, հարկերը թաքցնելու եւ այլ մեղադրանքներով, սակայն մինչ այժմ որեւէ մեկը չի դատապարտվել ռուսական շրջանակների հետ գաղտնի հարաբերությունների ու ԱՄՆ դեմ դավադրությանը մասնակցելու համար։
Այդ պատճառով է, որ Թրամփը իր շրջապատի դեմ ընթացող գործընթացը անվանում է «վհուկների որս», որը միտված է նախագահության հաջողությունները խաթարելուն։ Թրամփի խոսքերին կարելի էր մեծ վերապահումներով մոտենալ, սակայն փաստը, որ մինչ օրս ապացույցների մակարդակով չի հաստատվել Թրամփի քարոզչական շտաբի ու ռուսական շրջանակների կապերը, արդեն իսկ խոսուն է։ Այսօր էլ նախագահին ընդդիմադիր մամուլը տարածում է «հավաստի տեղեկություններ», թե իբր Թրամփը «խուճապի մեջ է» իր ավագ որդու նկատմամբ ՀԴԲ-ի հետաքրքրությունից։ Դեռ նախընտրական շրջանում Թրամփի ավագ որդին հանդիպել էր ռուսական մերձկառավարական մի խմբի հետ՝ քննարկելով Հիլարի Քլինթոնի դեմ վարկաբեկող նյութեր ձեռք բերելու հարցը։ Սկզբում Թրամփի քարոզչական շտաբը ժխտեց տեղեկությունները, սակայն հետո ստիպված եղավ ընդունել հանդիպման փաստը։ Բայց եւ հայտարարվեց, որ հանդիպումն ավարտվել է ապարդյուն՝ Քլինթոնի վերաբերությամբ նման նյութերի բացակայության պատճառով։ Թրամփն այսօր հերքել է անհանգստության մասին լուրերը՝ նշելով, թե հանդիպումը դեռեւս ոչինչ չի նշանակում, եւ իր շտաբի անդամներն ու որդին որեւէ իրավախախտում թույլ չեն տվել։ Ըստ նրա՝ նախընտրական քարոզչության շրջանում մրցակցի վերաբերյալ նման նյութերի որոնումը նորմալ պրակտիկա է։ Իրավամբ, եթե ԱՄՆ իրավապահներն այլ մանրամասներ չկարողանան բացահայտել այս հարցում, Դոնալդ Թրամփ Կրտսերի արարքի մեջ իրավական առումով սխալ չկա։ Այլ հարց է, որ բարոյական առումով ու ԱՄՆ ազգային-պետական շահերի տեսանկյունից նման գործողությունը չի կարող հարիր լինել ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդի համար։
Իրավիճակն այս շաբաթ լարվեց նաեւ իրավական դաշտում, երբ հայտնի դարձավ, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին։ Վերջինս մեղադրվում է բանկային ու հարկային կեղծարարության, նախընտրական քարոզարշավի շրջանում ֆինանսական մեքենայությունների, Թրամփի սիրուհիներից մեկին լռեցնելու համար 130 հազար ԱՄՆ դոլարի վճարում կատարելու համար։ Առանձին քննության առարկա է նաեւ Քոենի՝ 20 միլիոն դոլարի ստացած վարկերի հարցը, քանի որ կասկած կա, որ Քոենը այդ վարկերը ստացել է կեղծ փաստաթղթեր ներկայացնելով։ Նկատելի է, որ Քոենի ձերբակալությունը նոր խթան կարող է հաղորդել հատուկ դատախազի հետաքննությանը, քանի որ նա համարվում է Թրամփի մերձավոր շրջապատի կարեւոր ներկայացուցիչներից մեկը։ Հատկանշական է, որ Քոենը արդեն իսկ ընդունել է կոնկրետ հարցերով իրեն առաջադրված մեղադրանքն ու անգամ հայտարարել, որ վերոնշյալ վճարումը կատարել է նախագահի ցուցումով։
ԱՄՆ-ում Թրամփի փաստաբաններին հաճախ են գամում անարգանքի սյունին՝ փաստերը կոծկելու ու Թրամփի նեղ անձնական շահերը սպասարկելու մեղադրանքով։ Իսկ այս դեպքում անգամ մեղադրանք է առաջադրվում կոնկրետ հանցագործությունների համար, ինչը անխուսափելիորեն քաղաքական ազդեցություն է ունենալու Թրամփի վրա։
Հայաստանում նույնպես փաստաբանների հանդեպ հանդուրժողականությունը պատշաճ մակարդակի չէ։ Վերջին շրջանում խիստ դժգոհություն կա նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դեմ, ինչից անգամ վերջիններս էին բողոքում։ Հատկանշական է, որ նույնիսկ ՀՀ արդարադատության նախարարը ստիպված եղավ հանրությանը հիշեցնել, որ փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ ու միատեսակ վերաբերմունք տածել նրանց նկատմամբ։ Սակայն Հայաստանում իրավիճակը դեռ բարեբախտաբար չի հասել ամերիկյանի կրիտիկական կետին, երբ փաստաբաններին պատասխանատվության են կանչում պաշտպանյալի ապօրինի գործերը գիտակացաբար կոծկելու ու օրենքը շրջանցելու մեղադրանքներով։ Սա գուցե թե նաեւ զսպող մեխանիզմ կլինի, որ փաստաբանները պաշտպանեն իրենց վստահորդների իրավական շահերը բացառապես օրինական հարթության մեջ՝ զերծ մնալով օրենքի շրջանցման գայթակղություններից։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՄԱՐԱԼԻԿԻ ՀՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ «ՍՏՈՒԳՎՈՒՄ Է»
Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է ե՛ւ Շիրակի մարզպետարանի, ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեսադաշտում: Պատճառը քաղաքացիների կողմից ստացած բողոք-նամակներն են: Յուրաքանչյուր անգամ բողոք-նամակ ստանալիս` գերատեսչությունների աշխատակիցները շտապում են Մարալիկ: Նշենք, որ անցած տարի Անիի տարածաշրջանի համայնքները խոշորացվել են, իսկ վարչական կենտրոնը Մարալիկն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդեն Անիի քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի հետ:
-Պարո՛ն Գեւորգյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, Շիրակի մարզպետարանը պարբերաբար բողոք-նամակներ են ստանում` կապված Ձեր գործելաոճի հետ…
-Ես արդեն 15 տարի է, ինչ համայնքի ղեկավար եմ, 5 անգամ վերընտրվել եմ: Իսկ տարիների ընթացքում այն ներկայացուցիչները, ովքեր չեն կարողացել հաջողության հասնել, այսօր մտածում են, որ նոր քաղաքական ժամանակաշրջանում փորձեր են անում: Իշխանափոխությունից հետո այս փոփոխությունների մեջ փորձում են ենթատեքստերով, ժողովրդի լեզվով ասած` պղտոր ջրում ձուկ որսալ: Գրվել, ջնջվել են տարբեր կարգի տեղեկություններ, տարբեր կառույցների անուններ հոլովելով, բայց չկա հարուցված քրեական գործ, չկա որեւէ խնդիր: Եթե կա, ապա ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել:
-Այսինքն` մաքո՞ւր եք աշխատել…
-Աշխատանքի մեջ մտահոգվելու որեւէ խնդիր ոչ մի ժամանակում չեմ ունեցել: Մտածում են` իրենք հնարավորություն կստեղծեն եւ կկարողանան լոբբինգ անելով փորձել այս իրավիճակում քաոս առաջացնել եւ այդպես տանտեր կանգնել: Չի լինելու այդպես, ես լեգիտիմ ճանապարհով եմ ընտրվել:
-Ո՞ր գերատեսչությունների կողմից են քաղաքապետարանում ստուգումներ իրականացվում:
-ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, Շիրակի մարզպետարանից: Եկել են, ուսումնասիրությունները կատարել են ու գնացել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ` 2 ՍԵՆՅԱԿՈՒՄ
2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Խոշորացված Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Այրումի համայնքապետարանը տեղակայված է տեղի մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում: Նույն հարկում է գործում նաեւ քաղաքի երաժշտական դպրոցը, իսկ շենքի երրորդ հարկում մանկապարտեզի մի խումբն է գործում: Տավուշի մարզխորհրդի 2017թ. հուլիսի 27-ի նիստում նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Ա. Պարանյանին առաջարկեց համապատասխան մասնագետներ ուղարկել Այրում քաղաքի մուտքի մոտ գտնվող կիսակառույց շենք, որպեսզի տանիքը կառուցելու համար կազմեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Կիսակառույցը շահագործման հանձնելուց հետո Այրումի համայնքապետարանի աշխատակազմը պետք է տեղափոխվի այդ շենքի առաջին հարկ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո պետք է գտնվեին կիսակառույցի շինարարությունն ավարտին հասցնելու համար ֆինանսական ներդրողներ: Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ կիսակառույցի մի մասնաշենքի տանիքի կառուցման, այդ մասնաշենքը գործարկելու համար ֆինանսական ներդրողներ են գտնվել, այդ մասնաշենքում պետք է գործեին Այրումի երաժշտական դպրոցը եւ համայնքապետարանը, սակայն նրանց պահանջներից մեկը այն է, որ երաժշտական դպրոցի համար պետք է լինի 100 քառակուսի մետր մակերեսով դահլիճ, ինչն այդ շենքում հնարավոր չէ ապահովել: Այդ պատճառով ներդրողները հրաժարվել են գումարներ ներդնելուց: Այրում համայնքի ղեկավարն անկնալում է, որ կառավարությունն այդ հարցում կաջակցի Այրումի համայնքապետարանին: Ա. Պարանյանն ասաց, որ համայնքապետարանում առկա է սոցիալական աշխատողի հաստիք, սակայն աշխատողի համար տարածք չունենալու պատճառով աշխատողին չեն ընդունում:
ՔԱՐՈՒՔԱՆԴ
Վերջերս հորդ անձրեւներից առաջացած սելավները մեծապես վնասել են Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի ճանապարհները: Գերեզմանատուն տանող ճանապարհը դարձել է կիսաքանդ: Գյուղի ծայրամասեր, հողատարածքներ, անտառներ տանող ճանապարհներին քարակույտեր, անհարթություններ են: Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ համայնքի սուղ բյուջեում միջոցներ չկան` վնասված ճանապարհները նորոգելու համար, իրենք այդ ճանապարհների վերաբերյալ համայնքային հանձնաժողովի կազմած ակտը` ճանապարհների լուսանկարներով, ներկայացրել են Տավուշի մարզպետարան, սակայն այդ նպատակով ֆինանսական օգնություն չեն ստացել: Ա. Վիրաբյանն ասաց, որ համայնքի ուժերով արդեն իսկ նորոգել են մի թաղամասի վնասված ճանապարհը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ