ԳՅՈՒՂԱՑԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀՈՂ ՄՇԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է: Մինչդեռ ցորենը, ինչպես հայտնի է, ռազմավարական առումով կարեւորագույն բնամթերքներից մեկն է: Որոշ մասնագետներ մտահոգված են` Հայաստանն արդյո՞ք կարող է իր բնակչությանը ապահովել իր արտադրած ցորենով: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է ապացուցում:

Հայաստանի նախորդ կառավարությունները գյուղատնտեսության նախարարների շուրթերով մշտապես խոստացել են բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը: Բայց խոստումները ոչ միայն չեն իրականացվել, այլեւ տարեցտարի մեր երկրում ցորենի բերքատվությունը նվազել է: Այս իրավիճակը մտահոգիչ է, եթե մյուս կողմից հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու հարեւանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Ասել է, թե մեր երկիրը շարունակում է շրջափակման մեջ մնալ: Սրան գումարած պատերազմական վիճակը, պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին:
Գյուղատնտեսության նախարարությունը մշտապես կարեւորել է հացահատիկի արտադրության ավելացումը: Ավելին` նախորդ կառավարությունը հայտարարել էր, որ ցորենի ինքնաբավության մակարդակը 30 տոկոսից ավելացել է` անցնելով 50 տոկոսը: Բայց վիճակագրական կոմիտեն այլ տվյալներ է ներկայացնում:
Պաշտոնապես Հայաստանում անցած տարվա ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է: Իսկ ահա անցած տարի, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն: Գաղտնիք չէ, որ այս պակասը լրացնելու նպատակով վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրում է ՌԴ-ից:
Ասել է, թե սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են, ոչ թե արտադրվում: Մինչդեռ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները եթե ոչ ինքնաբավ երկիր դառնալու, ապա ցորենի պահանջարկի զգալի մասն ապահովելու համար: Չէ՞ որ ե՛ւ հողատարածքներն են բավարար, ե՛ւ գյուղացիների ցանկությունը: Ինչպես հայտնի է` ներկրված ցորենի գինն ավելի ցածր է, քան տեղականինը: Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեն ներկրել, ոչ թե ցանել ու հավաքել: Իսկ էժան գնով ցորեն ներկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ: Այս ամենի արդյունքում գյուղացին հող չի մշակում, ցորեն չի ցանում, որովհետեւ այն այլեւս ձեռնտու չէ:
Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նվազել է նաեւ կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ` եթե 2016 թվականին կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, ուղիղ 58 հազար 900 տոննայով պակաս: Մինչդեռ 2012 թվականին Հայաստանում հավաքվել է 647 հազար 200, 2013 թվականին` 660 հազար 500, 2014-ին` 696 հազար 100, 2015-ին` 607 հազար 700 տոննա կարտոֆիլ: Համաձայնեք, որ այս պատկերը խիստ մտահոգիչ է: Եթե այս տեմպերով գնա, ապա հաջորդ տարի գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել: Դժվար չէ կռահել, որ այս ամենի արդյունքում Հայաստանը կսկսի մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել:
Կարտոֆիլից բացի` սարսափելի պատկեր է գրանցվել նաեւ բանջարանոցային մշակաբույսերի մասով: Այս դեպքում անցած տարի, 2016 թվականի համեմատ, 107 հազար 600 տոննայով պակաս է բանջարանոցային մշակաբույս հավաքվել: Եթե 2016 թվականին հավաքվել է 968 հազար 600 տոննա բանջարանոցային մշակաբույսեր` լոլիկ, վարունգ, կաղամբ, բողկ, գազար եւ այլն, իսկ անցած տարի` 861 հազար տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականից սկսած գյուղացիները սկսել են քիչ մշակել բանջարանոցային մշակաբույսեր: Եւ զարմանալի չէ, քանի որ գյուղացիներն անցած տարի ոռոգման ջրի պահանջով անգամ ճանապարհներ փակեցին: Ավելին` գյուղացիների մեծ մասի ցանած լոլիկը, սմբուկը, վարունգը արեւի տակ չորացան, որովհետեւ ջուր չկար:
Բոստանային մշակաբույսերը` սեխը, ձմերուկը եւս անցած տարվա ընթացքում, 2016 թվականի համեմատ, 20 հազար 300 տոննայով քիչ է հավաքվել: 2016 թվականին հավաքվել է 236 հազար 100, իսկ 2017-ին` 215 հազար 800 տոննա բոստանային մշակաբույս: Ընդ որում, բերքատվության նվազումը արձանագրվել է 2015 թվականից սկսած:
Փոխարենը անցած տարի խաղողի բերքատվությունն է աճել. վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում 2016 թվականին հավաքվել է 178 հազար 800, իսկ 2017-ին` 210 հազար տոննա խաղող: Բայց այս տարի հնարավոր է խաղողի բերքատվությունը թեկուզ չնչին, բայց նվազի: Քանի որ որոշ հողօգտագործողների խաղողի վազերը հիվանդացել են օիդիում, միլդյուն տեսակի հիվանդություններով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՌԸ ԴԱՏԵՑ, ԴԱՏԱՐԿ ՆՍՏԵՑ
Օգոստոսի 18-ին եւ 19-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում կարկուտը մեծ ավերածություններ է գործել: Սառնաղբյուր, Լանջիկ, Ազատան, Ախուրյան, Վահրամաբերդ, Մարմաշեն համայնքները ենթարկվել են կարկտահարության: Գյուղացիների պնդմամբ` այս տարին կարկտահարության առատությամբ աննախադեպ էր: Գյուղացիները չեն էլ հիշում` վերջին 10 տարվա ընթացքում երբ էր նման տեւողությամբ եւ հաճախականությամբ կարկուտ տեղացել: Շիրակի մարզում 20 օրից բերքահավաքն էր մեկնարկելու, բայց բուսականությունը, ըստ գյուղաբնակների, «դեռ աշխատելու տեղ ուներ»: «Այս տարի որոշեցինք ավելի շատ կաղամբ ու կարտոֆիլ ցանել: Հույս ունեինք` բերքը կվաճառեինք ու ձմռանը կնախապատրաստվեինք: Մեր հույսերը ջուրը լցվեցին: Ընդամենը մի քանի վայրկյան, ու գյուղացին այլեւս ոչինչ չունի»,- ասում է Սառնաղբյուրի բնակիչներից մեկը:
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրն արդեն երրորդ անգամն է կարկտահարվում: Վնասված են բոլոր բանջարաբոստանային կուլտուրաները: Գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ բնակիչներին առավել հուսահատեցրել է այն, որ գյուղացին չէր հասցրել տուն բերել հացահատիկը. «Մոտ 20 հա հացահատիկ մնաց դաշտերում: Դա է առավել խնդրահարույց: Այժմ գյուղում հատուկ հանձնաժողովն է աշխատում: Հաշվարկում ենք` ով ինչքան վնաս է կրել: 10 ահազանգ էլ ունենք, որ տներ են վնասվել՝ պատուհաններ ու կտուրներ: Մենք կներկայացնենք Շիրակի մարզպետարան: Թե ինչ արձագանք կլինի, չեմ կարող ասել: Բայց այն, որ գյուղացին այսօր այլեւս այլ ելքեր չունի, հստակ է»,-ասաց վարչական ղեկավար Գեւորգ Աճեմյանը:
Գյուղացիները վար ու ցանք կատարել են վարկերի միջոցով: Հիմա ինչպես է փակելու վարկերը, չգիտի. «Ամեն օր ապահովագրությունից են խոսում: Թող գան, ապահովագրեն, որ գոնե իմանանք` ինչ-որ փոխհատուցում կլինի: Մենք որեւէ մեկին այլեւս չենք վստահում: Ամեն տարի էլ գալիս, գրում ու գնում են: Փոխհատուցում գյուղացին երբեւէ չի տեսել»,- ասում է Անի համայնքի բնակիչներից մեկը:
Շիրակի մարզում լուծված չէ հակակարկտային կայանների խնդիրը: Գյուղացիները շատ են լսել հակակարկտային ընդհանուր ցանցի կառուցման մասին ծրագրերը՝ տարբեր նախարարների ներկայացմամբ: Սակայն Շիրակի մարզում ծրագիրը խոսքից գործի այդպես էլ չվերածվեց:
Այժմ Շիրակում վնասներն են հաշվարկում: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից էլ հայտնեցին` 10-ից ավելի համայնքում վնասի չափը հասնում է 100 տոկոսի: Հստակ թվեր առաջիկայում կներկայացվեն: Գյուղացին էլ փոխհատուցման ակնկալիքով ստիպված է սպասել:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՀԱՐՄԱՐԱՎԵՏ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը երեկ մամուլի ասուլիսում ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի հետ անհամաձայնությունների պատճառով իր ներկայացրած հրաժարականի դիմումին եւ պատասխանելով լրագրողի հարցին` նա ասել է. «Այո, հարմարավետ եմ զգում: Իմ հրաժարականը կապ չի ունեցել հարմարավետ չզգալու հետ»: Հարցին, թե արդյո՞ք խոսքը քաղաքական հարմարավետության մասին է, Թանդիլյանը պատասխանել է. «Խնդիր չի եղել այդ առումով ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա: Ես այն ժամանակ էլ եմ եղել «Լուսավոր Հայաստանից», այսօր էլ եմ: Կառավարությունում կան բազմաթիվ անդամներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չեն: Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք հարմարավետության հետ որեւէ առնչություն չունեն: Դու կամ աշխատում ես, կամ ոչ: Եթե աշխատում ես, ուրեմն հարմարավետ ես»:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՀՀ-ԻՆ
Ճապոնիայի կառավարությունից 2019 թվականի փետրվարից Հայաստանին տրամադրվելու է 40 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա խոսքով` այդ մեքենաները բաժանվելու են նաեւ մարզային փրկարարական վարչություններին: Նախարարը տեղեկացրել է, որ Մոսկվայում ՌԴ նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ որոշում է կայացվել աշխատանք տանել նոր ծրագրեր ներդնելու ուղղությամբ: Ըստ այդմ, այս տարի կունենանք 10 միլիոն դոլարի աջակցություն գույքային տեսքով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայումս նախապատրաստվում է նոր կառուցվածքային փոփոխություններ կատարել սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: «Փրկարար ծառայությունում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, միավորվել են իրենց գործառույթներով կրկնվող ստորաբաժանումները: Օպտիմալացման արդյունքում ծառայությունից ազատվողներ չեն եղել»,- ասաց Ռոստոմյանը:

 

 

ԴԱՐՁՅԱԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Երեկ Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել վթար. բախվել են «Mercedes» մակնիշի ուղեւորափոխադրող (վարորդը` Հ. Օ.) եւ «ԹԸի 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետեւանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից: «ԹԸի 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները` Ս. Ս.-ն եւ Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» եւ «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները` Ա. եւ Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:




Լրահոս