Երևանի քաղաքապետի թեկնածուներն իրար հերթ չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը եւ հատկապես ցուցակների առաջին համարները շատ լրջորեն են տրամադրված եւ սկսել են նախապատրաստվել դեռ ամիսներ առաջ: Նույնիսկ դեռ ընտրությունների օրը չորոշած` նրանցից շատերն արդեն այցելում էին բնակավայրեր, քննարկում խնդիրները` սոցիալական ցանցերն օգտագործելով գովազդում իրենց ուժին, քաղաքապետի իրենց թեկնածուին: Եվ այս ուժերն ու թեկնածուներն այնպիսի ջանասիրությամբ են պատրաստվում, քարոզարշավի այնպիսի ծրագրեր են մշակում, որ թվում է` առջեւում ոչ թե Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ են, այլ, օրինակ, ԱՄՆ նախագահի, ծայրահեղ դեպքում ՀՀ նախագահի ընտրություններ:
Իհարկե, թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին դեպքն է, երբ իսկապես հնարավորություն է ստեղծվել Հայաստանում անցկացնել ազատ, անաչառ ու առանց ընտրակաշառքի ընտրություններ: Համենայնդեպս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ընտրակաշառքի դեպքերը չեն ներվելու:

Հետեւաբար նաեւ ընտրություններին մասնակցող ուժերն են ոգեւորված, քանի որ առաջին անգամ հնարավորություն կա սեփական ուժերի ու ընտրազանգվածի չափն իմանալու: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին երեկ խոսելով ընտրակաշառք բաժանելու հնարավորությունների մասին` ասել է. «Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են ու աշխատանքը»:

Այդ ամենի պատճառով էլ ընտրություններին մասնակցող ուժերը չափազանց լուրջ են մոտեցել ընտրություններին:

Չնայած քարոզարշավին դեռ մեկ շաբաթ ժամանակ կա, սակայն թեկնածուներն ավելի վաղ են սկսել քարոզարշավը` անդրադառնալով քաղաքացիների ամենացավոտ հարցերին` աղբահանություն, վերելակներ, բացօթյա առեւտուր: Շատ հաճախ թաքնված քարոզարշավի եւ բնակիչների հետ հանդիպման էլ ուժերը գնում են ոչ միայն առաջին համարներով: Օրինակ` երեկ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուներից մի քանիսն այցելել էին Նոր Նորքի 9-րդ զանգված, որտեղ առկա է բացօթյա շուկա, զրուցել առեւտրականների հետ` փորձելով հասկանալ նրանց պահանջները: Նախօրեին «Լույս» դաշինքի անդամները արդեն իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ ստուգում էին վերելակների հարցերը: Ընդ որում, մինչ այս էլ այս դաշինքի ավագանու թեկնածուները, ովքեր դեռ գործող ավագանու անդամներ են հանդիսանում, կրկին տարբեր հարցերում ակտիվ էին: Բավական ակտիվ է եղել նաեւ ԲՀԿ-ն` իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ. մի քանի շաբաթ շարունակ նրա թիվ մեկ թեման էլ աղբավայրերն են եղել: Այդպես են վարվել նաեւ ընտրություններին մասնակցող մանր-մունր կուսակցություների եւ դաշինքների ցուցակները գլխավորողները, ուղղակի լայն հանրությունն ուշադրություն չի դարձրել նրանց քայլերին:

Սակայն իրականում Երեւանի քաղաքապետի պաշտոնն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրում, քաղաքապետն ունի ավելի քիչ լիազորություններ: Փոխարենը օրենսդրության համաձայն` շատ ավելի լիազորություններ ունեն ավագանու անդամները, ովքեր վերահսկում են քաղաքապետի գործունեությունը: ՀՀ Սահմանադրության 182 հոդվածի համաձայն` «Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:

Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ»:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ը սահմանում է ավագանու իրավական կարգավիճակը, որում ասվում է. «Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ»: Իսկ հոդված 12-ը սահմանում է ավագանու լիազորությունները, որոնք ավելի շատ են, քան քաղաքապետինը:

Ընդ որում, քաղաքապետն ուղիղ չի ընտրվում, այլ հենց ավագանու կողմից, հետեւաբար կարեւոր են նաեւ ավագանու թեկնածուները եւ այդ ինստիտուտը, ում էլ վերապահված է քաղաքապետի ընտրությունը: Ընդ որում, հենց ավագանու նիստում է որոշվում քաղաքապետարանի շատ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը, որոշում է ընդունում Երեւանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրերի վերաբերյալ, որոշում է ընդունում Երեւանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ եւ այլն: Այսինքն` եթե ավագանին չգործի, քաղաքապետը միայնակ ոչինչ չի կարող անել:

Իսկ ահա հոդված 41-ում սահմանվում է քաղաքապետի լիազորությունները, ըստ որի` նա ներկայացնում է Երեւանը` որպես համայնք, ավագանին եւ քաղաքապետարանն այլ անձանց եւ մարմինների հետ հարաբերություններում, ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները:
Իհարկե, Երեւանի քաղաքապետի առավելությունն այն է, որ նա ղեկավարում է ամենամեծ քաղաքը, սակայն նույն Վանաձորում եւ Գյումրիում եւս գործում է համայնքի ղեկավարի ընտրման նույն կարգը: Իսկ Սահմանադրությունը տարածվում է նաեւ մյուս համայնքների դեպքում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս