Ամենակարևորն այն է, որ ես երջանիկ եմ. Գուրգեն Դաբաղյանը նշանադրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը լքել է ցանկալի փեսացուների շարքը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը նշանադրվել է: Ու թեեւ երգիչը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, կիսվեց նոր կարգավիճակի հետ կապված իր զգացողություններով. «Ամենակարեւորն այն է, որ ես երջանիկ եմ: Ասեմ, որ կարգավիճակի փոփոխության հետ կապված որոշումը հեշտությամբ եմ կայացրել, ամեն բան բնականոն հունով ընթացավ»,- պատմեց նա:

Հարցին, թե նոր կարգավիճակը կխանգարի արդյոք իր գործնական ծրագրերին, երգչի կարիերային, Գուրգենը պատասխանեց. «Հակառակը, այն կխթանի ավելի լավ աշխատել»:

Գուրգենը տեղեկացրեց, որ պատրաստվում է սեպտեմբերին նոր տեսահոլովակ հանձնել հանդիսատեսի դատին. «Երգն առանձնահատուկ է ինձ համար, այն իմ հեղինակած առաջին ստեղծագործությունն է, որ հանձնում եմ լսարանին: Դա կլինի էստրադային եւ ժողովրդական ժանրերի միքս»,-մանրամասնեց երգիչը:

Մենք հետաքրքրվեցինք՝ Գուրգենն առաջիկայում Հայաստանում համերգով հանդես կգա, թե ոչ. «Ցավոք սրտի ես չեմ համերգ կազմակերպողը, իսկ Հայաստանում համերգներ հազվադեպ են կազմակերպվում: Ափսոսանքով եմ այս մասին ասում: Այնպես է ստացվել, որ դրսի հայ լսարանն ավելի է շահել, քան ներսինը: Ընդ որում, դրսում երգիչներին ավելի լավ են վարձատրում, ուստի նրանց էլ պետք է հասկանալ, եթե նախապատվությունը տալիս են դրսի համերգներին»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Գուրգենը նշեց, որ սեպտեմբերի 26-ին մասնակցելու է Սոչիում կայանալիք «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը, որը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ. «Նախորդ տարի տվյալ մրցանակին էր արժանացել իմ «Հայն է գալիս» երգը, այս տարի արդեն այդ մրցանակը կշնորհվի «Ոնց կսիրեի» երգի համար»,-մանրամասնեց Գուրգենը:

Ի դեպ, նա այս տարի հյուրախաղերով հանդես կգա նաեւ Եվրոպայում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս