Ինչպես հայտնի է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, որի կազմի մեջ են մտնում ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը եւ հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներ: Նրանցից մեկն էլ ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն է, ում հետ զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթը:
-Լուսինե՛, քաղաքականություն մուտք գործելու որոշումը վաղո՞ւց էիք կայացրել, թե՞ ամեն բան հանպատրաստից ստացվեց:
-Գիտե՞ք՝ գործունեությանս հետեւողներն ասում են, որ ամենեւին զարմացած չեն իմ այդ որոշումից, նրանց համար պարզ էր, որ վաղ թե ուշ հենց այդպես էլ լինելու էր: Ի դեպ, այնպես չէ, որ նախկինում պատրաստ չէի քաղաքական գործունեության, պարզապես առաջարկվող պայմաններն ինձ համար ընդունելի չէին: Իսկ հիմա երկրում իրավիճակ է փոխվել:
-Երեւանի ավագանիում Ձեր գործառույթը ո՞րն է լինելու, ի՞նչ ուղղությամբ եք պատրաստվում աշխատել:
-Շատ լայն եմ տեսնում գործունեության այդ շրջանակը՝ քաղաքի մաքրություն, կրթական համակարգ, մշակութային ծրագրեր, այն, ինչ մտնում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ: Այնպիսի իրավիճակ է, որ ամեն տեղ ուզում եմ իմ ներդրումն ունենալ, բայց, իհարկե, կգնանք կոնկրետացման, եւ կորոշվի, թե ով որ ոլորտում կարող է ավելի շատ օգտակար լինել:
-Շատ է խոսվում այն մասին, որ հայերս` որպես անհատներ, ուժեղ ենք, սակայն թիմային աշխատանքի պարագայում չենք հաջողում, ամեն մեկն իր մտածածն է առաջ տանում, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի դեպքում ինչպիսի՞ն է իրավիճակը:
-Իրականում մենք թերագնահատում ենք մեր կարողությունները: Թիմային աշխատանքում եւս մենք ուժեղ ենք, օրինակ՝ ես շուրջ երկու տասնամյակ է՝ աշխատում եմ մի ռադիոընկերությունում, որտեղ գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ հենց այդ թիմային կուռ աշխատանքի շնորհիվ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ իմ աշխատանքը եւս այդ պատճառով ստացվեց: Չնսեմացնելով որեւէ մեկի անհատականությունը՝ այնտեղ մեծ տեղ է տրվում թիմային մտածողությանն ու աշխատանքին: Կուսակցության ներսում շատ հետաքրքիր մշակույթ է ձեւավորվել. որեւէ պաշտոնյայի խոսք միաձայն չի ընդունվում, ծավալվում են քննարկումներ, որոնք հանգեցնում են դրական արդյունքի: Այդ նույն մշակույթը տեսնում եմ նաեւ «Իմ քայլը» դաշինքի պարագայում:
-Հիմա հաճախ են մտահոգություններ հնչում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմի սկսնակ անդամները պարբերաբար կատարում են այնպիսի հայտարարություններ, որոնք պատիվ չեն բերում այս կառավարությանն ու վարչապետին: Ի՞նչ կասեք: Տեսնու՞մ եք նման վտանգ:
-Ես այդ մասին շատ երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրահանգման, որ Փաշինյանի թիմի անդամները մեծ, զգալի, լուրջ սայթաքումներ չեն ունեցել: Իհարկե, փոքրիկ կիքսեր եղել են, որոնք ուռճացվել են: Բանն այն է, որ մարդկանց մի խումբ ինտենսիվորեն փնտրում է թերություններ, խոշորացույցով հետեւում է, թե ով որտեղ պետք է սայթաքի, եւ այդ դեպքում ուզում ես հարցնել՝ նախկին իշխանության օրոք վրիպումներ չե՞ն եղել, ամեն ինչ իդեալակա՞ն է եղել, որ հիմա այսքան մեծ դժվարությամբ ենք մարսում որեւէ մեկի «շեղումը», որն, ի դեպ, հանգիստ կարելի է շտկել: Ընդ որում, նախկինում եղել են այնպիսի սայթաքումներ, որոնք բերել են սարսափելի հետեւանքների: Իսկ, առհասարակ, կարեւոր է ոչ թե խոսքով մարդկանց ինչ-որ բան ապացուցել, այլ գործով: Փաշինյանի թիմն այդպես էլ անում է:
-Լուսինե՛, Ձեր ընտանիքի անդամները, մասնավորապես՝ ամուսինը, ինչպե՞ս ընդունեցին քաղաքականություն մուտք գործելու Ձեր որոշումը:
-Տան անդամների համար եւս զարմանալի չէր որոշումս, քանի որ 2011-ից ակտիվ հասարակական կյանք եմ վարում, եւ սա անցումային փուլ էր: Իհարկե, տանն էլ կարող ենք ունենալ հակառակ կարծիքներ, բոլորս մեկ ուղղությամբ չենք մտածում, բայց ամեն մեկը ստիպված է համակերպվել, որ ես ունեմ իմ անսասան կարծիքը, որից շեղվել հնարավոր չէ: Իհարկե, կարող եմ փոխել կարծիքս, բայց պետք է դրան ինքնուրույն հանգեմ: Միանշանակ ինձ կարող են նաեւ մտածելու տեղիք տալ հիմնավոր փաստարկներով:
-Կա՞ մտավախություն, որ քաղաքական գործունեության պատճառով կտուժեն աշխատանքները ռադիոյում եւ հեռուստատեսությունում:
-Այս նոր գործունեությունն ընտրեցի նաեւ այն պատճառով, որ այն նպաստում է չհարաժարվել այն աշխարհից, որն իմն է, որի հետ այնքան կապված եմ: Ավագանիում իմ գործունեությունը քաղաքական չէ, այլ քաղաքացիական: Ես համարում եմ սա ճիշտ ընտրություն, իսկ թե տարիների ընթացքում որքանով կաճեմ, ցույց կտա ժամանակը:
Աննա Բաբաջանյան