Ինչու հանրապետական պատգամավորները ցավոտ ընդունեցին ընտրակաշառքը քրեականացնելը. բուռն քննարկում խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ պատգամավորների թեժ քննադատության արժանացավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախ նշենք՝ փոփոխությունները վերաբերում են ընտրական հանցագործություններին, ըստ այդմ՝ խստացում է ենթադրվում նաեւ այն հոդվածների պարագայում, որոնք նախկինում համարվում էին միայն վարչական իրավախախտում:

Հատկանշական է փաստը, որ այս նախագիծը մշակվել է ոչ թե արդարադատության նախարարության, այլ վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կողմից: Այս հանձնաժողովը, հիշեցնենք, ստեղծվել էր Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ կազմելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հունիսի 19-ին ստեղծված հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, իսկ քարտուղարն էլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Երեկ պետաիրավական հանձնաժողովի ամդամ պատգամավորների մեծ մասը քննադատում էին, բայց քննադատում էին ոչ թե ընտրակաշառքի խստացումը, այլ ոչ ճիշտ իրավական ձեւակերպումները եւ դրանց պատճառ մատնանշելով հենց այդ հանգամանքը: Չնայած, նկատենք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւս հանդիսանում է այդ հանձնաժողովի անդամ, եւ հենց դա է պատճառը, որ լրացուցիչ ուսումնասիրության այս նախագիծն արդարադատության նախարարությունում շատ թռուցիկ է անցել:
Ինչեւէ, անցնելով բուն փոփոխություններին եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների բողոքի առիթ հանդիսացած նախագծերին` նշենք, որ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ընտրակաշառք տալը նախատեսել հոդվածի առանձին մասով՝ դրանում հստակ սահմանելով հանցագործության նպատակը՝ «թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք տալու նպատակը»:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է նաեւ քրեականացնել քր.օր.-ի 154.2-րդ հոդվածով ներկայումս չնախատեսված հետեւյալ արարքները՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը: Բացի դրանից, առաջարկվում է կաշառք տալու եւ ստանալու նպատակների մեջ նշել նաեւ գործնականում հնարավոր այնպիսի նպատակներ, ինչպիսիք են մեկից ավելի անգամ քվեարկելը կամ այլ անձի փոխարեն քվեարկելը: Հենց այս փոփոխություններն էլ դարձան պատգամավորների քննադատության հիմնական թիրախը:
Նախ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե ընտրակշառքը բացառելուն ուղղված նախաձեռնություններին միանշանակ կողմ է, սակայն նրա խոսքով` կան ձեւակերպումներ, որոնք խառնաշփոթ են առաջացնում: «Ենթադրենք ընտրակեղծարարը որեւէ գյուղում թակում է քաղաքացու դուռը ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք: Տատիկը ժպտում է, ասում է՝ լավ ու դուռը փակում է։ Տատիկին դատապարտելո՞ւ ենք երեք տարվա ազատազրկման։ Բացատրեք՝ խոստումը ընդունելը ի՞նչ է նշանակում»։ Հարցի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ նախագիծը որակեց «անփույթ, շտապողականության բարձր մակարդակի դրսեւորումներով»: Հետաքրքիր է, որ նախագիծն արժանացավ անգամ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների քննադատությանը, ովքեր, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի հետ նույն թիմում են:

Մասնավորապես, Գեւորգ Պետրոսյանը նախագիծն անվանեց «չիմացության եւ երեւակայական իմացության» դրսեւորումներով եւ հավելեց, որ իր ասածը վերաբերում է ոչ թե փոխնախարարին, այլ «այն մարդկանց, ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքը աստվածաշնչյան ճշմարտություն է»: Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ հակադարձեց` համաձայն չէ անփույթի հետ, շտապողական է, քանի որ ցանկանում են, որ առաջիկա ընտրություններն ավելի լավը լինեն: ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ պատվեր է տեսնում այս նախագծում: Համաձայն է, որ վերջին շրջանում ընտրակաշառքը դոմինանտ էր եւ վատ էր, բայց դրա դեմ պետք է պայքարել, ոչ թե հավելյալ ծուղակների մեջ գցել բոլոր այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք իշխանությունների համակրանքը չեն վայելում: ՀՀԿ-ական պատգամավորների մտահոգությունն այն է, որ չեն հասցնի քաղաքացիներին իրազեկել, որ կաշառքի առաջարկին համաձայնվելն անգամ քրեականացման ենթակա է:
Առաջին հայացքից ՀՀԿ-ական պատգամավորների այսպիսի պահվածքը կարող է տարօրինակ թվալ. ի վերջո, իրենք չեն մասնակցում ընտրություններին եւ հետեւաբար կաշառք բաժանելու խնդիր չունեն, սակայն առջեւում նաեւ խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ այս դրույթները կգործեն նաեւ այն ժամանակ:
Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին եւ դա համարել քաղաքական որոշում, մյուսները՝ եւս: Հետաքրքիր է, որ Գեւորգ Պետրոսյանն էլ իր թիմակիցներին կոչ էր արել ձեռնպահ մնալ, սակայն նիստին ներկա Նապոլեոն Ազիզյանն ու Վանիկ Ասատրյանը եւս կողմ քվեարկեցին նախագծին: Իսկ ահա «Ելք» դաշինքի Էդմոն Մարուքյանն այս հարցի քննարկումը սկսելուց առաջ հեռացավ եւ չմասնակցեց քննարկմանը. թե ինչու Փաշինյանի կուսակցության հետ ԱԺ-ում դեռեւս դաշինքի մեջ գտնվող Մարուքյանն այդպես վարվեց, մնում է միայն ենթադրել: Հավելենք, որ հարցը ներառված է այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս