ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցին ՊՆ-ում անլուրջ վերաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացրել: Ըստ նրա` «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) դարձել է առաջին կազմակերպությունը, որտեղ ստուգում է իրականացրել վարչապետին կից պետական վերահսկողական ծառայությունը: Արդյունքում բազմաթիվ խախտումներ, ուռճացված ծախսեր ու պետբյուջեին պատճառված միլիոնների վնաս է հայտնաբերվել. «Այսօր եւս մի տրանսֆորմատորի դեպքում դատախազությունը կստանա մեր կողմից եւս մի գրություն: Նախնական եմ ասում` մոտ 300 միլիոն արժողությամբ տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 միլիոնով լիկվիդացրել էին:

Ոստիկանների հետ համատեղ մենք գտանք «Միկմետալ» ընկերությունում էդ տրանսֆորմատորը աշխատելուց: Բայց նախնական տվյալը հետևյալն էր, որ վերանորոգման ենթակա չէ»:
Դավիթ Սանասարյանն առայժմ անուններ չի հնչեցնում` պատճառաբանելով, որ իրենց բացահայտումները հիմա իրավապահների տիրույթում են: Կուսումնասիրեն, եթե պետք լինի, քրեական գործ էլ կհարուցեն:
Ավելին, պարզել են, որ ԲԷՑ-ի աշխատակիցները շինարար են դարձել ու տնօրեններից մեկի համար տուն կառուցել․«ԲԷՑ-ի տնօրեններից մեկը իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի հաշվին, ԲԷՑ-ի աշխատողների միջոցով»:

Հիշեցնենք, որ երբ Դավիթ Սանասարյանը ստանձնեց ՊՎԾ պետի պաշտոնը, հայտնել էր, որ առաջին ստուգումը սկսելու է ՊՆ-ից, սակայն այսօր ստուգման գործընթացը կասեցված է: Անդրադառնալով ստուգման գործընթացի կասեցմանը` Սանասարյանն ասաց. «ՊՆ-ում մեր լինելը տրամաբանական չէ, այնտեղ քրեական գործեր են հարուցված, եւ մենք հիմա սպասում ենք, որ իրավապահ մարմիններն իրենց գործը վերջացնեն, եւ նոր միայն մենք մեր աշխատանքը կիրականացնենք: Ի դեպ, նշենք, որ սա միակ ոլորտը չէ, որ վերահսկողական ծառայությունը չի կարող ստուգում իրականացնել եւ սպասում է իրավապահները իրենց գործը վերջացնեն» :

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական վերահսկողության ծառայության շուրջ առաջացած խնդիրների մասով զրուցեց Դավիթ Սանասարյանի հետ:

-Պարո՛ն Սանասարյան, Դուք նշեցիք, որ որոշ գերատեսչություններում ստուգումներ չեք կարող իրականացնել, քանի որ այդտեղ իրավապահներն են ներկայումս քննություն կատարում: Ստեղծվել է մի իրավիճակ, որ իրավապահ համակարգը մրցավազքի մեջ է, բոլորը ցույց են տալիս իրենց արած գործերը, իսկ վերահսկողական ծառայությունը սպասում է: Հնարավո՞ր է վերջում պարզվի , որ այս կառույցը ընդհանրապես ոչ պիտանի կառույց է:

-Նախ ողջունելի է, որ կա մրցավազք, եւ պետական վերահսկողական ծառայությունը որեւիցե կառույցի հետ մրցավազքի մեջ դուրս չի գալիս:

– Միգուցե մրցավազքի դուրս չի գալիս, բայց դուք անելիք ունե՞ք:

-6 ուսումնասիրություն ներկայացրեցի, այնքան գործ կա, որ այդ մրցավազքերն էլ հերիք չի անի, որ այդ գործերը ավարտին հասցնեն: Ասածս հետեւևյալն է, ես նպատակ եմ դրել, որ մի որոշ պրոցես անցկացնելուց հետո, երբ նախկին համակարգը թափ կտանք, կմաքրվի ամբողջ համակարգը, պետական վերահսկողական ծառայության լիազորությունները թուլացնեք մի քիչ ավելի: Բայց այս պահին այնքան գործ կա անելու , որ մենք առհասարակ ժամանակ չունեք մտածելու, թե այլ կառույցները ինչով են զբաղվում:

-Ներկայումս գնահատական են տալիս, թե վերահսկողական ծառայությունը ոչինչ չի անում:

-Ոչ պրոֆեսիոնալ կարծիք է, մենք համաձայն չենք, քանի որ այն աշխատանքը, որ պետական վերահսկողության աշախատակիցներն են անում, ահռելի աշխատանք է, որին քննչական մարմինները տվել են շատ բարձ գնահատական: Բարձր պրոֆեսիոնալիզմով փաստաթուղթ է ստեղծվել, ցանկացած կետ մանր ծամվել է, ինչը ցույց է տալիս, որ քննչականին ուղղակի քիչ բան կմնա անել:

-Դուք երբ նշանակվեցիք այս պաշտոնին, ասացիք, որ առաջին ստուգումը սկսելու եք Պաշտպանության նախարարությունից, սակայն հայտնի դարձավ, որ առայժմ ստուգում չեք անելու, քանի որ իրավապահներն են այնտեղ հիմա աշխատում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այլ խնդիր կա: Մասնավորապես, երբ Ձեր ղեկավարությամբ վերահսկողականի աշխատակիցները մտել են ՊՆ-ն, անտեղ անլուրջ են մոտեցել աշխատողներին եւ ասել են, թե դուք անելիք չունեք, դրա համար եք դուք կասեցրել ստուգումները:

-Առհասարակ, վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ խոսելուց վերահսկող օբյեկտի աշխատողները ոտքի են կանգնում եւ պետք է ոտքի կանգնեն եւ նոր խոսեն, այնպես, որ անլուրջ է:

-Տեղեկություն կա, որ Ձեր աշխատակիցներն են Ձեզ դժգոհել, որ իրենց անլուրջ են ընդունում, չե՞ն դժգոհել:

-Մեր աշխատակիցները որտեղ որ մտնում են, ոտքի կանգնելու պրոսեցը տեղի է ունենում` անկախ նրանից` ինչ պաշտոնյաներ են, այնպես որ մեզ անլուրջ վերաբերվելը… մենակ մտածում եմ, որ հոգեբուժարանում մեզ կարող են անլուրջ վերաբերվել նախկին պաշտոնյաներ:

-Տեղեկություններ ունենք, որ վերահսկողական ծառայությունը մարզպետարաններում է ստուգումներ իրականացնում, եւ կոնկրետ համայնքի ղեկավարների մասով չարաշահումեր կան: Մասնավորապես տեղեկություններ կան, որ, օրինակ, Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը, որ նախկին ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի մտերիմն է, չարահումներ է թույլ տվել:

-Տարբեր մարզպետներ խնդրանքով մեզ դիմում են, որ այս կամ այն համայնքում նման խնդիր ունեն, եւ մենք սերտ համագործակցություն ունենք տարածքային կառավարման նախարարության հետ, բայց ես նշեցի, որ ռեսուրսները քիչ են, եւ մենք մեծ ծավալով չենք կարող անել այդ աշխատանքը:

-Հայտարարեցիք, որ մոտ 300 միլիոն արժողությամբ տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 միլիոնով լիկվիդացրել էին եւ ոստիկանների հետ համատեղ գտանք «Միկմետալ» ընկերությունում այդ տրանսֆորմատորը աշխատելիս: «Միկմետալը» ընդունո՞ւմ է իր մեղքի բաժինը, ի՞նչ ճանապարհով է այն ձեռք բերել:

-Նախաքննությանը կպատասխանի «Միկմետալ» ընկերությունը:

-Իսկ Ձեզ չե՞ն պարզաբանել:

-Իրենք ստորագրել են այն, ինչ մենք իրենց մոտ տեսել ենք:

-Այսինքն ընդունե՞լ են:

-Ստորագրել են մեր արձանագրության տակ, մնացածը կպատասխանեն դատախազությանը կամ այլ իրավապահ մարմնի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս