ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ միջոցներով է Արթուր Աղաբեկյանը ձեռք բերել հանգստի գոտին. գեներալը մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է գեներալ Արթուր Աղաբեկյանը:

-Սեպտեմբերի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, որտեղ խոսեց Ձեզ մեղադրանք առաջադրելու մասին: Նշված է, որ Մարտիկ հիմնադրամի միջոների մի մասը ծախսվել է հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40%-ը պատկանել է Արթուր Աղաբեկյանին: Ի՞նչ 40% բաժնեմասի մասի է խոսում իրավապահ մարմինը, երբ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, եւ առհասարակ ի՞նչ ռեստորանային ծախսերի մասին է խոսքը:

-Անկեղծ ասած` ընդամենը չորս ամիս առաջ եմ իմացել, որ այդ հանգստի գոտում ունեմ 40 տոկոս բաժնեմաս: Ինձ թվում էր, թե ես 100 տոկոս բաժնեմաս ունեմ. շատ հետաքրքիր պատմություն է. 1989թ․ այդ տարածքը մենք 20 ընկերներով ազատագրել ենք ազերիներից: Այդտեղ եղել է խորհրդային միությանը հարիր հանգստի գոտի, պոպոկի մեծ այգի, ծառերի տակ սեղաններ, եւ այդ հանգստի գոտուց օգտվում էին հիմնականում Ֆիզուլի քաղաքի ադրբեջանցիները: Բայց այդ տարածքը դարձել էր լուրջ խոչընդոտ հայ բնակչության տեղաշարժի առումով, քանի որ 7-8 գյուղ խաչմերում էր, եւ այդ գյուղերը շփվել կարող էին միայն այդ խաշմերուկում: Ղարաբաղյան շարժում, խոչընդոտներ, ճանապարհներ փակել, բռնության գործադրում, այս ամենից հետո քսան ընկերներով որոշեցինք այդ տարածքը ազատագրել: Օրը ցերեկով հարձակվենցինք, ջարդեցինք ամեն ինչ, եւ այլեւս ոչ մի հնարավորություն չտվեցինք, որ Ֆիզուլիից կարողանան բարձրանալ եւ այդ տարածքում հանգստանալ: Տարածք, որն ընդամենը 2,5-3 կմ հեռավորության վրա է գտնվում Տող գյուղից, որտեղ բնկաչության կեսը ազերիներ էին, կեսը մեր ժողովուրդն էր: Տարածքը ազատագրելուց հետո քսան ընկերնեով երդում ենք տալիս, որ այստեղ ամենքս մի տուն ենք կառուցելու: Բայց էնպես ստացվեց, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ իրադրությունը զարգացավ այնպես, որ ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ երբեւիցէ խորհրդային միությունը կփլուզվի, որ մենք կդառնանք ընդհատակի զինվորներ, որ մենք կստեղծենք բանակ, կազատագրենք այն տարածքները, որտեղից ժամանակին ազերիները գալիս եւ հանգստանում էին:

Եվ ռազմական գործողություններն ավարտված էին 1994թ․ աշունն էր, ես եւ մարտական, ընդհատակի եւ հետո գործընկեր Վիգեն Ավետիսյանը տեսանք, որ այդ քսան հոգուց տասնութը զոհվել են, մնացել ենք ընդամենը երկուսս, եւ որոշեցինք կատարել ժամանակին մեր տված երդումը: Եկանք տարածք, նայեցինք, տեսանք ամեն ինչ ավիրված, մտածեցինք ինչ անել: Գյուղ սարքելու անհրաժեշտություն չկար, միայն մնում էր մտածել մի այնպիսի միջավայր ստեղծելու մասին, որը կդառնա ծաղկուն միջավայր: Փորձեր արեցինք բիզնես անել՝ տախտակի արտադրություն, փայտամշակման փոքր արտադրամաս, երիկի արտադրամաս, սակայն ոչ մեկ չստացվեց: Տարածքը գտնվում է բավականին հեռու: Խոսակցությունը մնաց մինչեւ 2000թ․: Այդ ժամանակ ես ու Վիգենը նորից մտածեցինք ինչ անել, եւ հասկացանք, որ ճիշտը հանգիստի գոտի սարքելն է: Եկանք այն եզրակացության, որ մեր ընկերների չապրած կյանքին նվիրենք այդ հանգստի գոտին եւ անունը դրեցինք «Կյանք»: Գնացինք եւ գրանցեցինք «Կյանք» ՍՊԸ, եւ սկսեցինք բզբզել: Մտածում էինք` ինչ ստեղծենք: Մեզ հյուր եկավ մեր մարտական ընկեր Սուրեն Հայրյանը…:

Եվ մենք սկսում ենք երեքով խոսել այս ծրագրի մասին: Նա ասում է` ես տասնութի փոխարեն միայնակ կմիանամ այդ ծրագրի իրականացմանը: Ես գումար չունեմ, Վիգենը` չունի, Սուրենը` ունի: Մենք սկսեցինք Սուրենի գումարները էնտեղ ծախսել: Առաջին նախաձեռնությունում մտածեցինք մի լողավազան սարքել: Այդ ժամանակ Արցախում իշխանության էր եկել Բակո Սահակյանը, վարչապետը Արայիկ Հարությունյանն էր, որը նախաձեռնող մի հետաքրքիր մարդ է: Եվ մի օր առիթ ունեցա, խոսեցի հետը, որ այսպիսի նախաձեռնություններ ունենք: Նա ասեց, որ կառավարությունը պատրաստակամ է ձեզ աջակցելու, եթե դուք ցանկություն ունենաք վարկային ռեսուրսներից օգտվել, մենք ունենք փոքր միջին բիզնեսի առաջկցության ծրագրեր, եւ եթե ցանկանաք սուբսիդավորված վարկ վերցնել, կառավությունը հաճույքով կտրամադրի: Բիզնես ծրագիր գրեցինք եւ սկսեցինք վարկային ռեսուրսներից օգտվել: Սկզբում 300 հազար դոլարի վարկային ռեսուրս ստացանք, հետո եւս հայուր հազար դոլար, հետո երկու հարյուր հազար: Ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը․ հանգստի գոտի, որտեղ պետք է լինի առանձին ռեստորային ծառայություն, առանձին հյուրանոցային ծառայություն, սնունդի առաձին կետեր, խանութ եւ լողավազան:

Մենք մեկ նպատակ ունեինք, իրականացնենք այդ ծրագիրը, որը երդվել էինք երբեւիցե իրականցնել: Ու այս ամենի կողքին մենք առանձին հող գնեցինք եւ քսան տուն նախագծեցինք, որպեսզի մեր երազած այն քսան տունը կառուցենք, որը դեռ մնում է միայն երազանք: Ահա ամբողջ բիզնես-ծրագիրը, այն քառասուն տոկոս բաժնեմասը: Եվ ինչու եմ կատակում, թե վերջերս եմ իմացել, վարկային ռեսուրսները, որի մասին ես խոսեցի: Իրականում դրանք մարել ենք մեր եկամուտներից, ոչ այդ տարածքում ձեւավորված բիզնեսից, այլ ընդհանրապես կողքից` այլ եկամուտներից: Տարեկան 13 մլն դրամ ես առանձապես իմ անձնական եկամուտից վարկ էի փակում, որը որեւէ առնչություն չունի դրա հետ: Եվ տարիներ առաջ հասկանալով, որ այս ծրագիրը իրականում այն, ինչ սկզբում մտածում էինք սոցիալական ծրագիր, այն երբեք չի կարելի դիտարկել բիզնեսի տիրույթում: Մայիս ամսին վերջին տրանշը Արցախ բանկում 13 մլն դրամը վճարելուց հետո, երբ այլեւս տարածքը գրավադրած չէր եւ տարածքն արդեն ազատ էր, ու հնարավորություններ կար փոփոխություններ կատարելու, ասեցի` Վիգեն ես փաստացի ոչ մի առնչություն չունեմ այդ տարածքի հետ, տարածքի ամբողջ կառավարումն ու պատասխանատվությունը քո վրա է մնում: Ուզում եմ այդ բիզնեսը նվիրել քեզ, ու նույն պետք է Սուրենին խնդրեմ: Որպեսզի մենք առնչություն չունենանք: Հետո Վիգենից տեղեկացանք, որ բաժնեմասերը բաշխված են հետեւյալ կերպ․ 30, 30 Վիգենն ու Սուրենն ունեն, իսկ քառասուն տոկոսը` ես: Որոշեցի իմ ամբողջ քառասուն մասնաբաժին կարողությունը նվիրել Վիգեն Ավետիսյանին` իմ մանկության ընկերոջը:

-Դուք նշեցիք վարկի եւ 13 մլն դրամը վճարելու հետ կապված: Հարց է առաջանում, Դուք մշտապես եղել եք պետական պաշտոններ զբաղեցնող անձ, որտեղի՞ց այդքան գումար այդ ամենը կառուցելու համար:

-Վարկային ռեսուրսները տրամադրվել է իրականում հանգստի գոտուն անվամբ, բայց ռեսուրսների մարողը եղել եմ անձնապես ես: Եվ ճիշտ այնքան վարկային ռեսուրս ենք վերցներ, որչափ որ Սուրենը տրամադրել է այդ ծրագիրն իրականացնելու համար: Իրականում, ես ունեմ այլ եկամուտներ, բավականին մեծ գյուղատնտեսական ծրագրեր եւ աշխատանքներ եմ իրականացնում: Ունեմ լավ գործընկերներ, հենց Վիգեն Ավետիսյանի հետ միասին ազատագրված տարածքում հացահատիկ ենք աճեցնում: Ունեմ լավ գործընկեր Գորիսում` Սպարտակը, որի հետ միասին 1995թ. ի վեր ընդլայնել ենք մեր գյուղատնտեսական ծրագրերը, որոնք բավականին հաջող են: Այդ եկամուտներից ես միշտ ամեն տարի նախատեսել եմ, որ ոչ պակաս քան 10 մլն դրամը պետք է պատրաստեմ այդ «Կյանքի իմաստ» ներկայացնող ծրագրում ներդնելու համար: Մեր 3 ընկերների` իմ, Վիգենի եւ Սուրենի խոսակցության հիմքում միշտ եղել է իմ երաշխիքը, որ ես պատրաստակամություն եմ հայտնում, որ այս վարկային ռեսուրսների մարման հետ կապված ո՛չ Վիգենը, ո՛չ Սուրենը որեւէ առնչություն չեն ունենալու: Միայն մեկ օր տեսնեմ իմ գերագույն նպատակը, որ այնտեղ փոքր գյուղ ունենանք, գոնե 20 տուն լինի: Այս է ամբողջ ծրագրի իմաստ:

-Կցանկանայի խոսել հյուրասիրությունների հետ կապված. ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել ինչ-որ հյուրասիրությունների եւ ծառայությունների մասով: Ինչի՞ մասին է խոսքը:

-Պետք է մերժեմ այդ հարցի պատասխանը, որովետեւ, ի վերջո, քննչական ծառաությունը քննություն է անցկացնում, պետք է դեռ հարցաքննվեն վկաներ, այլ ներգրավված անձինք, դրա համար յուրաքանչյուր խոսքս բխելու է իմ ցուցմունքից: Չեմ ուզում բացել այդ ամենը, բայց վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու արտահայտությունները իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի տոկոսներից, եւ իրականացրել եմ բացառապես կանոնադրության շրջանակում

-Ամեն դեպքում ՔԿ-ն տարածում է հաղորդագրություն, որ տվյալներ են ձեռք բերվել, իսկ Դուք հակառակն եք պնդում, եւ վստահեցնում ենք, որ առաջադրված մեղադրանքը չեք ընդունում: Հետագան ինչպե՞ս եք պատկերացնում:

-ՔԿ-ն իրականում, հարցաքննությունը, փաստերի մակերեսային ուսումնասիրությունը, քանի որ ինձ ընդամենը հարցաքննելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել, շատ դժվար բան է: Առավել եւս, մինչեւ ինձ հարցաքննելը ՔԿ-ն նաեւ փաստաթղթային ուսումնասիրություններ է կատարել, եւ փաստի առթիվ ինձ մեղադրանք է առաջադրված որպես բացառապես իմ իրավասության շրջանակներում, իմ գործողությունների համար: Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը եւ պետք է հնարավորություն ընձեռնեմ քննչական կոմիտեին իմ ցուցմունքներքվ ու մանրամասնելով ամեն ինչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս