Հնարավոր է վերադառնամ հայրենիք և մնամ ընդմիշտ. Պապին Պողոսյանը ոգևորված է հեղափոխությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխության, Հայաստանում առկա նոր իրավիճակի, սփյուռքի արձագանքի եւ մշակույթի նախարարության անելիքների մասին զրուցել է ամերիկաբնակ երգիչ Պապին Պողոսյանի հետ։ Նա չի բացառել, որ եթե ամեն բան լավ ընթանա, ինքը կվերադառնա հայրենիք արդեն մշտական բնակության նպատակով։

-Պարո՛ն Պողոսյան, վստահ ենք, որ Գլենդելից հետեւել եք հայաստանյան վերջին կես տարվա իրադարձություններին։ Ի՞նչ տպավորություն եւ ի՞նչ սպասելիքներ ունեք ներկայիս կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից։

-Մենք ոչ միայն հետեւել ենք, այլեւ մեր լուման ենք ունեցել վերջին զարգացումներում։ Նախկինում, երբ Գլենդելի հայերը որեւէ բան էին նախաձեռնում, քիչ թվով մարդիկ էին միանում նրանց, բայց այս անգամ այդ մարդկանց թիվը բավական մեծ էր։ Աննախադեպ էր նաեւ այն, որ հայերը Գլենդելում փողոցներ էին փակում։ Իհարկե, ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում եւս շրջանառվում են տարբեր կարծիքներ, տիրում են տարբեր տրամադրություններ։ Շատերը շտապում են եւ ցանկանում են անմիջապես արդյունքներ տեսնել, ուզում են ամեն բան միանգամից լինի, այնինչ ժամանակ է հարկավոր, որպեսզի տեսանելի դրական տեղաշարժեր գրանցվեն։ Ամեն դեպքում, այստեղի ժողովրդի ոգեւորությունը բավական մեծ է։

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը կամ ո՞վ է թավշյա հեղափոխության թիվ մեկ թշնամին։ Ի՞նչը կարող է վտանգի տակ դնել այն, ինչ ձեռք բերեց ժողովուրդը։

-Հոռետեսությունը։ Կան մարդիկ, որոնք լավը չեն տեսնում։ Դա տեսակ է։ Մենք պետք է իրար ավելի շատ սիրենք, վստահենք, այդպես կարող ենք պետություն դառնալ։

-Նիկոլ Փաշինյանի, կառավարության գործունեության մասին ի՞նչ կարծիք ունեք։ Դուք վստահու՞մ եք այս թիմին։

-Իհարկե, եթե չվստահեի, հանրահավաքներին չէի մասնակցի։ Անձամբ ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, հավանում եմ նրա մոտեցումները, մտածելակերպը եւ հույս ունեմ, որ այն, ինչ ժամանակին կորցրինք, հիմա կարող ենք ետ բերել։

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, այս մասին ի՞նչ եք մտածում։

-Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ եւ կդժվարանամ դատողություններ անել, բայց ինձ թվում է՝ ինքը չի հասկանում, որ ժողովուրդը նախկինը չէ։

-Դուք տարբեր առիթներով ահազանգել եք եթերի՝ անորակ երաժշտությամբ ողողված լինելու մասին։ Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հույս ունե՞ք, որ այս խնդիրը վերջապես կարող է լուծում գտնել։

-Հեռուստա եւ ռադիոընկերությունները շարունակում են գործել նախկին ոճով, եւ դա շատ վատ է։ Պետք է քայլեր ձեռնարկել եթերը մաքրելու համար։ Որպեսզի դա արվի, կառավարությունը պետք է լինի պետականամետ, ունենա ազգային մտածելակերպ, մոտեցումներ։ Պետք է կարողանանք ժողովրդին վերադարձնել բարձր ճաշակի զգացողությունը։ Կա եւս մեկ խնդիր, որի մասին կցանկանամ բարձրաձայնել։ Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպումներ կազմակերել հայաստանցի ու սփյուռքի մտավորականների, արվեստի գործիչների հետ։ Ընդ որում, այդ հանդիպումների ժամանակ պետք է բարձրացվեն ոչ թե նեղ անձնական, այլ ընդհանուրին, ազգին, պետությանը վերաբերող լուրջ հարցեր։ Այս դեպքում գուցե կարողանանք լուծել մեզ հուզող խնդիրները։ Իսկ եթե ամեն մեկն իր խնդիրը առաջ բրդի, ոչնչի չենք հասնի։

-Պարո՛ն Պողոսյան, եւ վերջին հարցը՝ հնարավո՞ր է հեղափոխության բերած ոգեւորության տակ որոշեք վերադառնալ հայրենիք եւ այս անգամ արդեն ընդմիշտ։

-Այո, ինչո՞ւ ոչ։ Նախորդ տարի եմ եղել Հայաստանում, այս տարի, ցավոք, չեմ կարող գալ, արդեն հաջորդ տարի կլինեմ հայրենիքում, եւ հնարավոր է, որ մնամ։ Առաջ Աստված։

Աննա Բաբաջանյան




Լրահոս