Օրեր առաջ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ փլուզվել է ՀՀ Շիրակի մարզի Հայրենյաց համայնքում գտնվող, «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների» պետական ցուցակում ընդգրկված, 6-7 դդ. թվագրվող Հովհան Օձնեցի եկեղեցու հարավային պատը: Փլուզումը տեղի է ունեցել բնական գործոնների ազդեցության հետեւանքով: Այս մասին ՊՈԱԿ-ը տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանից հետաքրքրվել է՝ ինչ է ձեռնարկել գերատեսչությունը եկեղեցու տվյալ հատվածի փլուզումը կանխելու ուղղությամբ, արդյոք առաջիկայում կան տվյալ եկեղեցին վերականգնելու ծրագրեր, առհասարակ, նախարարությունը մշակում է արդյոք նոր մեխանիզմներ՝ հուշարձանները պահպանելու ուղղությամբ:
Փոխնախարարը մեզ պատասխանել է, որ մշտադիտանցման արդյունքներն առաջիկայում կամփոփվեն. «Տեղեկացնում ենք ձեզ, որ փլուզված հատվածը կառուցված է ոչ թե 6-7-րդ դարերում, այլ ավելացված է ուշ շրջանում եւ չի վնասել կառույցը: Միաժամանակ հայտնում ենք, որ հուշարձանը հաշվառվել է առավել վտանգված հուշարձանների ցանկում, եւ դրա վերականգնումը կքննարկվի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրում»,-ասել է նա:
Տիգրան Գալստյանը հայտնել է, որ հուշարձանների պահպանության ուղղությամբ նախարարությունը համագործակցում է պետություն-մասնավոր շրջանակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտական շրջայցերի միջոցով հսկողություն են իրականացնում հուշարձանների նկատմամբ:
Մենք հետաքրքրվել ենք՝ հուշարձանների պահպանության ոլորտում նախարարությունն ինչ սկզբունքներ է որդեգրել. «Նախարարությունը որդեգրել է նվազագույն միջամտության սկզբունքը. հիմնականում իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Նախատեսվում է նաեւ իրականացնել մշտադիտանցում հուշարձանների տեխնիկական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ՝ ըստ յուրաքանչյուր մարզի (2-3 հուշարձան)՝ առաջնահերթությունը տալով առավել արժեքավոր հուշարձաններին»,-ասված է նախարարի տեղակալի պատասխանում:
Աննա Բաբաջանյան