Սահակ Ա Պարթեւը եղել է Հայոց կաթողիկոսության՝ Գրիգոր Լուսավորչի տոհմից վերջին ներկայացուցիչը: Ծնվել է 348 թ© սեպտեմբերի 29-ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, մի քանի տարի անց Հայոց կաթողիկոս ձեռնադրված Ներսես Ա Մեծ Պարթեւի եւ Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի ընտանիքում:
Դեռ մանուկ հասակում կորցրել է մորը, իսկ հոր՝ հռոմեական կայսրություն ուսումնառության մեկնելուց հետո դաստիարակվել է մորական պապի՝ Վարդան Մամիկոնյանի տանը: Հոր կաթողիկոսական աթոռ բարձրանալուց հետո փայլուն կրթություն է ստացել Կեսարիայի, Ալեքսանդրիայի եւ Կոստանդնուպոլսի նշանավոր ուսումնագիտական կենտրոններում: Տիրապետել է հունարենին, ասորերենին եւ պարսկերենին, եղել է հմուտ հայկաբան: Հոգեւորական ձեռնադրվելով՝ աչքի է ընկել առաքինությամբ, իր շուրջն է հավաքել մայրաքաղաքների սպուդեների (նշանակում է փութաջան, գործունյա. այսպես էր կոչվում արեւելահռոմեական կայսրությունում կրոնական մի կարգ, որի անդամներն ուխտում էին անդադար աղոթել, աղքատ ու ժուժկալ կյանքով ապրել եւ զբաղվել հայրախոսական գրականությամբ) նմանությամբ 60 աշակերտների, որոնք հագել են մազեղեն հանդերձներ, պատված են եղել երկաթով ու միշտ ոտաբոբիկ շրջել նրա հետ՝ եկեղեցական պաշտամունք կատարել անապատականների նման եւ հոգ տարել երկրին աշխարհիկների նմանությամբ:
Ասպուրակես Մանազկերտցի կաթողիկոսի մահից հետո հայոց Խոսրով Դ Վերջին թագավորի կողմից նշանակվել է Հայոց կաթողիկոս՝ առանց պարսից արքայից արքայի համաձայնության: Մեծապես աջակցել է հայ Արշակունի վերջին նշանավոր գահակալին Մեծ Հայքի վերամիավորման քաղաքականությունը կենսագործելիս:
388 թ.՝ Խոսրով Դ-ի ձերբակալությունից հետո, հայոց թագավորի կողմից կաթողիկոս նշանակված Սահակ Պարթեւը եւ այլեւայլ պաշտոններ ստացած նախարարները մնացին իրենց պաշտոններում, եւ պարսից արքունիքը, խիստ անհանգստացած հայերի դիմադրությունից եւ Խոսրով Դ-ի մեծ ժողովրդականությունից, ստիպված եղավ անգամ հանդուրժել վերամիավորված Մեծ Հայքի թագավորության գոյությունը: Ավելին. Սահակ Պարթեւի ջանքերով ու միջնորդությամբ՝ նրա փեսա Համազասպ Մամիկոնյանը պարսից արքա Վռամ Գ Կրամանի կողմից ստացավ հայոց սպարապետի պաշտոնը, Մամիկոնյանների տունը՝ պատվավոր հինգերորդ գահը, իսկ Կամսարական ու Ամատունի ընտանիքները, որոնք մեղադրվում էին պարսից արքունիքի կողմից Խոսրով Դ թագավորին աջակցելու համար, վերականգնվեցին իրենց իրավունքների մեջ եւ արժանացան ներման:
Մեծ է եղել Սահակ Պարթեւի դերը հայոց գրերի գյուտի եւ թարգմանական ու հայկական ինքնուրույն գրականության ստեղծման գործում: Նրա եռանդուն ջանքերով հայոց Վռամշապուհ թագավորը Մեսրոպ Մաշտոցին ցույց տվեց համակողմանի օժանդակություն հայ գրերի գյուտի գործում, իսկ դրանց ստեղծումից հետո նա եւ Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ եղան իրենց աշակերտների հետ հայկական դպրոցներ հիմնելուն եւ կրթական գործի զարգացմանը: Դեռեւս Մաշտոցի դեպի Աղվանք կատարած լուսավորական առաքելության շրջանում Սահակ Պարթեւը ձեռնամուխ եղավ ասորերենից Աստվածաշնչի թարգմանությանը:
Նա եւ Մեսրոպ Մաշտոցը դարձան հայ թարգմանչական գրականության հիմնադիրները: Նրանց եւ նրանց աշակերտների ջանքերով հունարենից թարգմանվեց ոչ միայն Աստվածաշունչը, այլեւ հույն եւ ասորի հեղինակների բազմաթիվ հայրախոսական, իմաստասիրական, պատմագիտական եւ այլ բնույթի աշխատություններ: Երբ 408 թվին բյուզանդական արքունիքը վերամիավորված Մեծ Հայքի թագավորությունից ետ պահանջեց 387 թ. բաժանումով կայսրությանն անցած արեւմտյան հատվածը, իսկ Արեւելյան Հայաստանում թագավորած պարսից արքայազն Շապուհի օրոք (415-419) բռնություններ սկսվեցին, եւ 419-422 թթ. բռնկվեց Ներսես Ճիճրակեցու ապստամբությունը, Սահակ Պարթեւը տեղափոխվեց Մեծ Հայքի բյուզանդական մասը՝ չգտնելով սակայն իր արժանիքին համապատասխան ընդունելություն:
Նա կայսեր մոտ ուղարկեց Մեսրոպ Մաշտոցին եւ իր թոռանը՝ Վարդան Մամիկոնյանին՝ իրենց ընդունելու եւ բյուզանդական հատվածում հայկական դպրոցներ հիմնելու խնդրանքով: Մի նամակով էլ նա դիմում է Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին՝ խնդրելով նրան բարեխոսել կայսեր առաջ: Արեւելքում բյուզանդական զորավար Անատոլիոսը, ստանալով բյուզանդական արքունիքի համաձայնությունը, Մելիտենե քաղաքի Ակակ եպիսկոպոսի մոտ պահելով Մեսրոպ Մաշտոցի աշակերտներին՝ նրանց գլխավորի՝ Ղեւոնդի հետ, Մաշտոցին եւ Վարդան Մամիկոնյանին Դերջանի եպիսկոպոս Գինդի հետ մեծ պատիվներով ուղարկում է Կոստանդնուպոլիս:
Թեոդոս Փոքր կայսրը Սահակ Պարթեւին ընդառաջեց բոլոր հարցերում՝ մեղադրելով միայն նրան այն խնդրում, որ Մաշտոցը, արհամարհելով հույն ճարտարներին, ինչ-որ ասորիների մոտ է որոնել իմաստության գյուտը: Այսուհանդերձ, կամենալով հակակշռել պարսից արքունիքին եւ ուժեղացնել բյուզանդական ազդեցությունը Հայաստանում, կայսրը կարգադրեց՝ Սահակ Պարթեւին ընդունել մեծ պատվով, եւ Կեսարիայի արքեպիսկոպոսի նման՝ նրա սննդի եւ մնացած ծախսերը հոգալ արքունի գանձարանից: Կայսերական հրովարտակով կարգադրվեց կառուցել Թեոդոսուպոլիս (Կարին) քաղաքը: Վարդան Մամիկոնյանը նշանակվեց ստրատելատ, իսկ Մաշտոցը մտցվեց ուսուցիչների շարքը: Իր հերթին Ատտիկոսը գրում էր, որ կայսեր թույլտվությամբ կարելի է հայկական դպրոցներ բացել բյուզանդական Հայաստանում, եւ պահանջում էր դարձի բերել բորբորիտոնների աղանդին կամ հալածել իր վիճակից: Ատտիկոսը եկլեսիաստիկոս ձեռնադրեց Մաշտոցին:
419-422 թթ. ապստամբությունը ճնշվեց պարսից արքունիքի կողմից, սակայն վերջինս շուտով համոզվեց, որ երկիրը հնազանդ պահելու համար անհրաժեշտ է լեզու գտնել ոչ միայն հայ նախարարների, այլեւ հոգեւորականության հետ: Պարսից Վռամ Ե Գոռ թագավորը Սմբատ ասպետի միջոցով բանակցություններ է սկսում նախարարների հետ: Սահակ Պարթեւն էլ, արեւմտյան բաժնում թողնելով Մեսրոպ Մաշտոցին եւ Վարդան Մամիկոնյանի եղբայրներին, որոնց հանձնարարեց դարձի բերել բորբորիտոններին, գալիս է Այրարատյան երկիր, հավաքում է բոլոր նախարարազուններին եւ Սմբատ ասպետին ու իր թոռ Վարդան Մամիկոնյանին եւ բանակցելու համար ուղարկում պարսից արքունիք: Վռամ Ե Գոռը հատուկ հրովարտակով մոռացության տվեց հայ ապստամբ նախարարների մեղքերը եւ Սահակ Պարթեւի խնդրանքով Արեւելյան Հայաստանի թագավոր ճանաչեց Վռամշապուհի որդի Արտաշեսին, որին տրվեց Արտաշիր անունը:
Վերջինս Հայաստան եկավ առանց պարսիկ վերակացուի եւ թագավորեց 6 տարի: Արեւելյան Հայաստան վերադարձած Մաշտոցն ու Սահակ Պարթեւն իրենց աշակերտներին ուղարկում են Միջագետքի Եղեսիա քաղաքը (Հովսեփ եւ Եզնիկ Կողբացի)՝ թարգմանելու հայրախոսական գործերը եւ այնուհետեւ անցնելու Կոստանդնուպոլիս (Բյուզանդիա)՝ հմտանալու հունարենի մեջ եւ թարգմանելու եկեղեցու հույն հայրերի երկասիրությունները: Բյուզանդիա են մեկնում նաեւ Ղեւոնդը, Կորյունը, Հովհանն ու Արձանը:
428 թ. պարսից արքունիքը, ժամանակը հարմար սեպելով, որոշեց վերացնել հայոց թագավորությունը: Մի քանի նախարարների խոստանալով տիրույթները դարձնել ժառանգական՝ պարսից արքունիքը նրանց հորդորեց հանդես գալ Արտաշես թագավորի դեմ եւ պահանջել նրա գահընկեցությունը:
Փորձ արվեց այդ գործի մեջ ներքաշել նաեւ Սահակ Պարթեւին՝ խոստանալով նրան տիրույթներ եւ թոռանը՝ Վարդան Մամիկոնյանին, դարձնել հայոց սպարապետ՝ հակառակ դեպքում սպառնալով նրան ձերբակալել եւ նրա ունեցած տիրույթները հարքունիս գրավել: Սահակ Պարթեւը ցուցաբերեց մեծ հայրենասիրություն եւ հրաժարվեց պարսից արքունիքի ձեռքին գործիք դառնալուց, սակայն պարսից արքունիքը, այնուամենայնիվ, Արտաշես թագավորին գահընկեց արեց, Սահակ Պարթեւին զրկեց կաթողիկոսական աթոռից եւ հարքունիս գրավեց նրա տիրույթները: Պարսից արքան կաթողիկոս նշանակեց ոմն Սուրմակի, որ համագործակցել էր պարսիկների հետ եւ ամբաստանել թագավորին:
Սուրմակին եւ նրան հաջորդած՝ ազգությամբ ասորի Բրքիշոյին հայ նախարարները զրկեցին կաթողիկոսական աթոռից եւ Սահակ Պարթեւի ձերբակալությունից չորս տարի անց դիմեցին պարսից Վռամ Ե արքային՝ խնդրելով կաթողիկոս նշանակել մեկ այլ մարդու, որը շարժվեր իրենց կրոնի օրենքներով, կամ էլ վերադարձնել Մեծն Սահակ կաթողիկոսին: Վերջինիս օգտին հանդես էին գալիս Ապահունյաց տեր Մանեճը, Արշարունյաց տեր Սպանդարատը՝ իրենց կողմնակիցներով: Գործին միջամտեց բյուզանդական Անատոլիոս զորավարը, որը կուկայառիճեցի Հավուկին ուղարկեց պարսից արքունիք՝ խնդրելով, որ եթե պարսից թագավորը չի հաճում նրան իր բաժնում պահել, ապա թող թույլատրի գնալու բյուզանդական կամ հունական բաժին:
Հայաստանի եպիսկոպոսներն էլ Մեսրոպ Մաշտոցի եւ եկեղեցու բոլոր պաշտոնյաների հետ նույն խնդրանքով պարսից արքունիք ուղարկեցին Վանանդի Ձորիշատ գյուղից Մովսեսիկի որդի Տիրուկ քահանային: Վռամ Ե թագավորն արտաքնապես երկու կողմի խնդրանքն էլ կատարեց: Կաթողիկոս նշանակվեց Շամվել ասորին, որը որպես Մեծն Սահակի ընդդիմադիր եւ հակաթոռ՝ իրավունք ուներ ընկերանալու մարզպանին, վերահասու լինելու պահանջվելիք հարկերի բաշխմանը, դատաստաններին եւ աշխարհական այլ գործերի:
Իսկ Սահակ Պարթեւին թողնվեց նրա կաթողիկոսական աթոռից ընդամենը մի քանի գյուղ, թույլ տրվեց նստել իր վիճակում, ուսուցանել սովորական ուսմունքը եւ ձեռնադրել նրանց, որոնց համար համաձայնություն կտար Շամվելը: Հայրենիք վերադառնալիս Սահակ Պարթեւը պարսից արքայից խնդրեց հաստատել հայոց նախարարների գահնամակն այնպես, ինչպես սահմանվել էր Արտաշիրի (իմա՛ Արտաշես) կողմից, եւ պարսիկ մարզպաններն էլ իրավունք չունենային կամայականորեն փոփոխելու այն: Նրա միջնորդությամբ վերադարձվեց Հրահատի որդի Գազավոն Կամսարականի տիրույթը, եւ նրան էլ ավելի ստորին աստիճանով ընդգրկեցին նախարարների կարգի մեջ: Մամիկոնյան տոհմի տիրության մեջ հաստատվում է կաթողիկոսի թոռ Վարդան Մամիկոնյան ստրատելատը:
Շամվել կաթողիկոսի հնգամյա աթոռակալությունից հետո բոլոր նախարարները փորձեցին համոզել Մեծն Սահակին՝ վերադառնալու կաթողիկոսական գահին եւ պարտավորվում էին ճանաչել նրա թոռների ժառանգական իրավունքը հայրապետական իշխանության նկատմամբ: Սահակ Պարթեւը հանձն չէր առնում, սակայն հոգեւոր իշխանությունը մնաց նրա ձեռքին մինչեւ իր մահը: 439 թ. մահացավ Վռամ Ե-ն, եւ գահն անցավ Հազկերտ Բ-ին, որը վերսկսում է պատերազմը Բյուզանդիայի դեմ՝ հարձակվելով Մծբնի մերձակայքում գտնվող կայսերական զորքերի վրա եւ կարգադրելով Ատրպատականի զորքերին մուտք գործել հայոց մարզպանություն: Վերջինները հասան Բագրեւանդ եւ բանակ դրին Բագնաց ավանի մոտ: Այդ օրերին ծանր հիվանդացավ Սահակ Պարթեւը:
Աշակերտները, խուսափելու համար պարսից հալածանքներից, նրան բերեցին Բլուր գյուղ, որտեղ էլ նա մահացավ 51 տարի հովվապետելուց հետո՝ նավասարդ ամսվա վերջին, իր ծննդյան օրը, 439 թվի սեպտեմբերի 7-ին: Նրա դին աշակերտների եւ հարսի՝ ստրատելատ Վարդան Մամիկոնյանի տիկին Դստրիկի հետ սարկավագապետ Երեմիան փոխադրեց Տարոն գավառի Աշտիշատ գյուղ եւ հողին հանձնեց: Եկեղեցին Սահակ Պարթեւին դասեց սրբերի կարգը եւ նրա հիշատակի օրը մտցրեց տոնացույցի մեջ:
Սահակ Պարթեւը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի եւ օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաեւ գրել եւ եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ եւ պատարագամատույց: Ինչպես արդեն նշվեց, մեծ է եղել նրա դերն Աստվածաշնչի՝ հունարենից հայերեն թարգմանելու եւ կանոնացման գործում:
Համաձայն Ղազար Փարպեցու՝ Մեսրոպ Մաշտոցը եւ մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթեւի օգնությանը, որը փայլուն տիրապետելով հունարենին՝ կատարելապես տիրապետում էր ոչ միայն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլեւ քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը:
Սահակ Պարթեւի անունով մեզ են հասել մի քանի դավանաբանական թղթեր՝ ընդդեմ բորբորիտոնների, նեստորականության եւ մծղնեական աղանդավորների, եւ ոչ մեծ թվով նամակներ՝ ուղղված Թեոդոս Բ կայսրին, Անատոլիոս զորավորին, Պրակտոս եւ Ատտիկոս պատրիարքներին ու Ակակիա եպիսկոպոսին: