
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումն իր տարածքից հանել է Ռուսաստանի Դաշնությունը: Այդ մասին գրում է Ինտերֆաքսը` հղում անելով իր հավաստի աղբյուրներին:
«Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո, որոնք վերաբերում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նրա մեղավորությանը, որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սա նշանակում է, որ Ռուսաստանի տարածքում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում: Բայց եթե Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել ու արտահանձնել Հայաստանին:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար: