2008 թվականի հունիսի 6-ին ստեղծվեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»՝ ՀՀԿ֊ական Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։ Այն բաղկացած էր 15 անդամներից։ Հանձնաժողովն աշխատեց մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 15-ը։ Դրա աշխատանքի արդյունքում հրապարակվեց 140 էջանոց «Եզրակացություն 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» վերնագրով փաստաթուղթը։
Նշենք, որ հանձնաժողովի կազմում ի թիվս այլ պատգամավորների ընդգրկված էր Գուրգեն Արսենյանը։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքի եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արսենյանի հետ, ով ներկայում պատգամավոր չէ, բայց շարունակում է ակտիվ լինել քաղաքական դաշտում եւ հետեւել իրադարձությունների զարգացմանը։
֊Պարո՛ն Արսենյան, «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»֊ն ի՞նչ դեր կատարեց, արդյոք արդարացրե՞ց իրեն։
֊Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Հանձնաժողովը ստեղծված էր այդ հարցին անդրադառնալու համար։ Այդ հանձնաժողովը հիմնականում բաղկացած էր այն ուժի ներկայացուցիչներից, ովքեր այդ իրադարձությունների արդյունքում իշխանություն էին դարձել։ Ես իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ իշխանություններն են մեղավոր, սա իշխանությունների մեղքով է առաջին հերթին։
֊Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրը կատարե՞ց, թե՞ ոչ։
֊Այն խնդիրը, որ հանձնաժողովի առջեւ էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված եւ հասարակությանն էր անհանգստացնում։
֊Հանձնաժողովը գլխավորող Սամվել Նիկոյանը նշել էր, որ գործին առնչվող փաստաթղթերը հանձնվել էին իրավապահներին։ Այս մասով ի՞նչ է Ձեզ հայտնի:
֊Մենք բոլոր փաստաթղթերը, որ ստացել ենք քննչական մարմիններից, հետ ենք ուղարկել։ Մենք ստացել էինք արձանագրություններ, ստացել էինք փորձագիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկանքներ, բացատրություններ եւ այլն։ Կարող եմ ասել, որ հսկայական փաստաթղթային բազա կար։ Բայց էականն այդ փաստաթղթային բազան չէր։ Խնդիրն այլ էր. իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, եւ վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց։
֊Հիմա՝ նոր իրավիճակում, երբ մարտի 1֊ի գործը վերաբացվել է եւ նաեւ երկրորդ գործն է հարուցվել, Դուք տեսնո՞ւմ եք գործի ամբողջական բացահայտման հնարավորությունը։
֊Ես կարծում եմ, որ այն ժամանակ էլ կարող էին գործը բացահայտել, բայց, իհարկե, ցանկության դեպքում։ Հիմա էլ դա կարող է լինել, եթե ցանկությունը լինի բացահայտելու, թե ովքեր են մարտի 1֊ի կազմակերպիչները, իրականացնողները, ովքեր են եղել ներգրավվածները, ովքեր են եղել անօրինական կերպով ներկաներ, մասնակիցներ եւ այլն։ Այդ ամբողջ ծաղկեփունջը եղել է պետության ձեռքին, դա պետության կողմից իրականացված խնդիր է։ Եվ պետության կողմից իրականացված գործողությունները եղել են իրենց փիլիսոփայությունից ելնելով։ Իրենք չէին համարում, որ մարդիկ կարող են բողոքել առանց իրենց թույլտվության։ Այդպես են մտածել։
֊Հիմա, քանի որ գործը վերաբացված է, Դուք նոր իշխանությունների մոտ տեսնո՞ւմ եք կամքն ու պատրաստակամությունը դրա լիովին բացահայտմանը չխոչընդոտելու եւ մինչեւ վերջ աջակցելու հարցում։
֊Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, եւ մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ։
֊Բայց այս պահի դրությամբ արդեն իսկ բավական թվով անձինք հարցաքննվել են, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, այս համատեքստում չե՞ք տեսնում գործի շրջանակում առաջընթաց։
֊Ասեմ հետեւյալը. այս պահի դրությամբ այն, ինչ կատարվում է, այդ ամենին ես չեմ տիրապետում, որովհետեւ դա գործընթաց է, որն ընթանում է հատուկ ծառայության՝ Քննչական ծառայության ներսում։ Եվ հանրությանն առանձնապես տեղյակ չի պահվում, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր առմամբ մեկ բան է ընդամենը տեղյակ պահվել խափանման միջոցի հետ կապված։ Ուրիշ ոչինչ։ Մանրամասներ չգիտենք։
֊Ըստ ձեզ՝ մարտի 1֊ի գործն ամբողջությամբ կբացահայտվի՞, թե՞ ոչ։
֊Ես կարծում եմ եւ հուսով եմ..։
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ