Այս տարվա 7 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 696 հազար 903, իսկ ժամանել` 734 հազար 648 ուղեւոր:
Ասել է թե` այս օդանավակայանով ուղեւորափոխադրումների դրական հաշվեկշիռը կազմել է 37 հազար 745 հոգի: Որոշ մասնագետների համոզմամբ` մեկնողների թվի նվազումը պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ: Շատերը նոր իշխանության հետ հույսեր են կապում եւ առժամանակ ետ են կանգնել հայրենիքը լքելու մտքից, շատերն էլ ուղղակի վերադառնում են ՀՀ: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 47 հազար 239, իսկ ժամանել` 46 հազար 747 ուղեւոր: Այսինքն` յոթ ամիսների ընթացքում այս օդանավակայանով 492 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել:
Իսկ ընդհանուր առմամբ օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների դրական մնացորդը կազմել է 37 հազար 253 քաղաքացի: