ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից ու ազատ արձակվելուց հետո առաջացած քաղաքական նոր իրավիճակում շարունակում է օդում կախված մնալ նրան առնչվող գլխավոր հարցերից մեկը. ի վերջո ի՞նչ ունեցվածք ունի Քոչարյանը եւ ի՞նչ է սպասվում նրան պատկանող 4 մլրդ դոլար ունեցվածքին, որը նա ձեռք է բերել ՀՀ նախագահ աշխատած տարիների ընթացքում:
Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ` դեռեւս 2010 թվականին, ընդդիմադիր ուժերի ձեռամբ ռուսական լրատվամիջոցներից մեկում՝ versia.ru կայքում, հայտնվեց Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունների ցուցակը:
Ըստ ցանկի` Քոչարյաններին են պատկանում
1. Արցախբանկը,
2. ՄԱՊ (50%). ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:
3. Արէկսիմբանկ (համասեփականատեր)
4. «Յունիբանկ» (համասեփականատեր)
5. ABB բանկ (համասեփականատեր)
6. Renko Construction
7. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)
8. Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)
9. Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)
10. «Կապուտակ Սեւան» համալիր (100 տոկոս)
11. Նաիրի» բժշկական կենտրոն
12. Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci եւ այլն)
13. «Բիշին» շինարարական ընկերություն (100 տոկոս)
14. «Դաունթայն Երեւան» շինարարական ընկերություն (ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի միջոցով)
15. Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)
16. SAS խանութների ցանց (50 տոկոս)
17. «Սթար» խանութների ցանց (30 տոկոս. Սեդրակ Քոչարյանի միջոցով)
18. «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
19. «Զվարթնոց» օդանավակայան` 50 տոկոս
20. «Հայփոստ» 50 տոկոս
21. Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին
22. Մեծ առեւտրի կենտրոն՝ Մոսկվայում
23. Խաղատուն՝ Մոսկվայում
24. «Ղ-տելեկոմ»: Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում:
25. Ագրո-ձեռնարկություն ՍՊԸ (1870 հա)
26. Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն:
27. Գոլդեն Փալաս հյուրանոց 83 տոկոս
28. «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
29. «Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի միջոցով)
30. Նա նաեւ ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի:
Ահա այս, 30 անուն բիզնեսի ճյուղերից ստացված եկամուտների մոտավոր հաշվարկով էլ որոշվել էր Քոչարյանի 4 մլրդ դոլար կարողությունը:
Իսկ ո՞րն է իրականությունը:
Պարզվում է, որ 2010 թվականի հունվարի 29-ին հրապարակված այս ցանկն իրականում լուրջ խմբագրման է ենթակա, քանի որ 8 տարիների ընթացքում նշված ընկերությունների իրական սեփականատերերը մեկը մյուսի հետեւից հերքել են Քոչարյանների առնչությունը իրենց բիզնեսին:
Հերքում 1. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը հայտնում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր ընտանիքի անդամները կամ իր հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում եւ երբեւիցե չեն հանդիսացել ՎիվաՍել-ՄՏՍ (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) սեփականատեր կամ բաժնետեր: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, եւ լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը»:
Հերքում 2. «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ընտանիքի անդամները երբեւէ չեն հանդիսացել «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ բաժնետեր: Ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հարություն Մաքսիմի Քուշկյանը:
Հերքում 3. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը հայտնել է, որ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետեր չեն հանդիսացել եւ չեն հանդիսանում:
Հերքում 4. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը ընկերությունում որեւէ բաժնեմաս չունի եւ երբեք էլ չի ունեցել: Ավելին՝ նրանք պատրաստ են այս փաստը հաստատելու համար հաշվապահական հաշվառման գրքերը եւ գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար։
Հերքում 5. «Յունիբանկ»-ը եւս հերքել է Քոչարյանների առնչությունը բանկի հետ՝ հայտնելով, որ բանկի հիմնադիր սեփականատերերն են Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը:
Հերքում 6. «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն եւս հերքել է Քոչարյանների կապը ընկերության հետ:
Հերքում 7. «Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը հայտնել է, որ բանկի բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն, ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Բանկի 95 տոկոս բաժնեմասի վերջնական շահառուն՝ առաջին երկու ընկերությունների միջոցով, հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանը: Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները եւ հարազատներն ուղղակի եւ անուղղակի որեւէ մասնակցություն երբեւէ չեն ունեցել եւ չունեն Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում:
Հերքում 8. «Արդշինբանկ» ՓԲԸ մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նրա հետ փոխկապակցված անձինք երբեւէ չեն հանդիսացել Արդշինբանկի բաժնետոմսերի սեփականատեր:
Հերքում 9. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը հայտնել է, որ Քոչարյանները կամ նրանց հարազատները չեն հանդիսանում եւ երբեւիցե չեն հանդիսացել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի բաժնետերեր: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Վիտալի Սարգսի Գրիգորյանցը:
Հերքում 10. «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ից ընկերության տնօրեն Ղուկաս Խաչատրյանը հայտնել է, որ իրենք զբաղվում են տարբեր ապրանքանիշերի ապրանքների վաճառքով, որոնց ցանկում են նաեւ Emporio Armani-ն (Emporio Armani-ն ապրանքանիշ է, ոչ թե խանութների ցանց): ՍՊԸ-ի հիմնադիր եւ միակ բաժնետերը Ղուկաս Խաչատրյանն է, ով որեւէ ազգակցական կապ չունի ՀՀ որեւէ պետական պաշտոնյայի հետ:
Հերքում 11. Քոչարյանները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք երբեւէ չեն եղել ««Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ հիմնադիրների կամ մասնակիցների կազմում: Այս մասին հայտարարել է հյուրանոցի գլխավոր տնօրեն Արտաշես Ավետիսյանը:
Սեփականություն, իհարկե Քոչարյանն ունի, բայց վերը թվարկված 31 ընկերությունների մեծ մասը, որոնք տարիներ շարունակ հասարակական գիտակցության մեջ ասոցացվել են Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականում նրա հետ որեւէ առնչություն չունեն:
Այս ընթացքում միայն երկու ընկերություն է հաստատել բիզնես առնչությունը Քոչարյան ընտանիքի հետ:
«Կապուտակ Սեւան»-ը՝ «Արթ Բիլդ» ՍՊԸ-ն, որտեղ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2010թ. հունվարի 25-ից 50 տոկոս բաժնետեր է, եւ «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, որտեղ 2006 թվականից սկսած՝ Սեդրակ Քոչարյանը 30 տոկոս բաժնեմաս ունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը AFK «Սիստեմա» կորպորացիայում 0,0228 տոկոս բաժնեմաս ունի, որտեղ նա նաեւ անկախ տնօրեն է:
Նոր բացահայտումների անհրաժեշտությունը
Հիմա նոր Հայաստանում ուղղակի հրամայական է քաղաքականություն վերադառնալու եւ ՀՀ միակ քաղբանտարկյալը դառնալու պատրաստակամություն հայտնած Ռոբերտ Քոչարյանի իրական ունեցվածքի բացահայտումը: Թերեւս հայրենի իրավապահները, ինչպես նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որի ղեկավարը դե յուրե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, պարտավոր են ուսումնասիրել այս ցանկը եւ տալ սպառիչ պատասխան, բայց պատասխաններ առայժմ տվել են հենց ցանկում առկա ընկերությունները: Հիմա մնացել է սպասել եւ տեսնել, թե ինչ ճակատագիր է սպասվում Քոչարյանի ընտանիքի բիզնեսներին քաղաքական պայքարի ելեւէջներում:
Քնար Մանուկյան