«Բեյբի բում»-ի մեկնարկի հետքերով. ծնելիությունը հետևողականորեն նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է նպաստել ծնելիության աճին` ֆինանսապես խրախուսելով այն: Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարությանը ներկայացրեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը:

Ըստ այդմ` որոշումն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի մեկին, որից օգտվելու են այն ընտանիքները, որոնց երեխան կծնվի այս տարվա հոկտեմբերի մեկին կամ դրանից հետո: Իսկ մինչ այդ, գործող օրենքով ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամ է: Ըստ Մանե Թանդիլյանի` այս նախագծով հնարավոր կլինի ժողովրդագրական վիճակը բարելավվել, որը իր հերթին կնպաստի ծնելիության աճին:

Փաստ է, որ Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է, եւ հիմա մեր երկիրը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի: Նախկին իշխանությունները բացի կենացի մակարդակի ելույթներից ու խոստումներից որեւէ իրական քայլ չեն արել այդ ուղղությամբ: Մինչդեռ, ծնելիության աճին նպաստելու համար պետք են ռեալ քայլեր՝ երեխա ունենալը ֆինանսապես խրախուսել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 189, անցած տարվա նույն ժամանակահատվածում`17 հազար 171, իսկ 2016 թվականի հունվար-հունիսին` 18 հազար 393:

Այսինքն` այս տարվա հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 982-ով պակասել է: Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 2204-ով: Նշենք, որ այս տարվա ծնելիության ցուցանիշները վերջին տասը տարիների մեջ ամենացածրն են: Վիճակագրության համաձայն` 2014-2016թթ. գրանցվել է երկրորդ երեխայի ծննդյան հետեւյալ պատկերը՝ 16 հազար 51, 15 հազար 850, 15 հազար 032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 7500 է եղել: Ասել է թե` ընտանիքները գնալով սկսել են ավելի քիչ երկրորդ երեխա ունենալ:

Ի դեպ, Մանե Թանդիլյանը, առիթից օգտվելով, կառավարության նիստին ընտանիքներին կոչ արեց երկրորդ երեխայի ծննդին պատասխանատու վերաբերվել: Բացի այս, առաջարկվեց զույգ երեխաների ծննդի դեպքում կրկնապատկել հատկացվող նպաստի չափը, ինչը մեծ ոգեւորությամբ ընդունվեց: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով եւ մյուս նիստին խմբագրված ներկայացնել: Ապա արձագանքեց`«Բեյբի բում»` ծնելիության կտրուկ աճ ենք ակնկալում եւ կոչ անում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս