Ոչ, գովազդն էրոտիկ բնույթի չէ, դրա հիմքում սերն է և գեղեցկությունը. Դելոն Հայաստանում է և նոր նախագծում նկարահանվելու առաջարկ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում, արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը Դելոյի հետ զրուցել է նրա գործնական ծրագրերի եւ հայրենիքի հետ կապված պլանների մասին։

Դերասանը մեզ տեղեկացրեց, որ աշխատում է նոր նախագծի շուրջ՝ դեռեւս զերծ մնալով մանրամասներ հայտնելուց․ «Շուտով հանրությունը կտեսնի, թե խոսքն ինչի մասին է»,- ասաց նա։

Հարցին, թե հումորային կերպար մարմնավորելու առաջարկ ստացել է, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ոչ, չեմ ստացել։ Գովազդային հոլովակում նկարահանվելու առաջարկ ունեմ, այդ նախագծի շրջանակում հանդես եմ գալիս նաեւ որպես պրոդյուսեր։ Ասեմ, որ ոչ ստանդարտ գովազդ է լինելու»։

Տարիներ առաջ համացանցում տարածվել էր Դելոյի մասնակցությամբ էրոտիկ գովազդ, որը եթեր չէր հեռարձակվել։ Ուստի հետաքրքրվեցինք՝ գուցե այս անգամ եւս մեր զրուցակիցը նկարահանվել է նմանատիպ գովազդում․ «Ոչ, գովազդն էրոտիկ բնույթի չէ, դրա հիմքում սերն է եւ գեղեցկությունը (ծիծաղում է)»,-հավաստիացրեց նա։

Մենք մի փոքր էլ զրուցեցինք քաղաքական թեմաներից։ Դելոյին հարցրեցինք՝ հետեւում է արդյոք հայաստանյան ներքին իրադարձություններին եւ ինչ տպավորություններ ունի․ «Ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, շատ թեթեւ եմ վերաբերվում ամեն ինչին, առհասարակ, էությամբ թեթեւ մարդ եմ։ Հույսս միայն ինձ վրա եմ դնում, այն չեմ կապում որեւէ իշխանության հետ»,-մեկնաբանեց դերասանը։

Նրա խոսքով՝ ինքը բնակության վայրը չի փոխել, պարզապես երկարատեւ բացակայել է հայրենիքից։ Հարցին, թե որտեղ է տեսնում իր երեխայի ապագան՝ ԱՄՆ-ում, թե Հայաստանում, հումորիստը պատասխանեց․ «Բնականաբար, երեխայիս ապագան էլ, ներկան էլ անմիջականորեն կապված է Հայաստանի հետ։ Ամեն դեպքում, չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք։ Կարեւորը՝ պետք է լինել ուրախ, պոզիտիվ ամեն հարցում, այդ դեպքում ամեն բան լավ կլինի»։

Անի Անտոնյան




Լրահոս