Ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով Բագրատաշենի մաքսային կետում հայտնաբերեցին ԻԻՀ քաղաքացիներ Լեիլա Դուստկանին և Ֆահրադ Սոլեյմանին։ Ոստիկանությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանց մոտ թմրամիջոց կար։ Զննության արդյունքում պարզվեց, որ Լեիլա Դուստկան մարմնում պահել էր տարբեր գույների պոլիէթիլենային թաղանթներով փաթեթավորված, հերոինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 260 գրամից ավելի։
Տարբեր գույների պոլիէթիլենային թաղանթներով փաթեթավորված և դարձյալ հերոինի նմանվող երկու զանգված էլ հայտնաբերվեց Ֆարհադ Սոլեյմանի զննությամբ՝ ընդհանուր 200 գրամ։ Նախնական տվյալներով՝ նրանք պետք է ուղևորվեին Վրաստանի Հանրապետություն, ինչը իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։