ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը սոցցանցի իր էջում իրազեկում է տարածել` հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ:
Բիչախչյանը տեղեկացնում է. ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝
1. Ժամանակավոր – տրվում է 1 տարի ժամկետով,
2. Մշտական – տրվում է 5 տարի ժամկետով,
3. Հատուկ – տրվում է 10 տարի ժամկետով։
Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։
Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսինքն՝ 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք՝ «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ»։