Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Վերջին օրերին տպավորություն է, թե հայ-ռուսական հարաբերությունները լարված են` նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Միխայիլ Հարությունյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ մարտի 1-ի գործով քրեական հետապնդում սկսելու պատճառով: Տեսակետ կա, որ ռուսական կողմի համար ցանկալի չէին այդ իրադարձությունները, որ Հայաստանը նման քայլի է գնացել առանց իրենց համաձայնության: Այդ համատեքստում Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը բնականաբար կարեւոր է: Ի վերջո, շատ բան կախված է նրանց ձեռք բերած պայմանավորվածություններից: Փաշինյան-Պուտին հանդիպումը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հայաստանյան, այլեւ ռուսական մամուլի կողմից: Եվ պատահական չէ, որ այս օրերին Փաշինյան-Պուտին հանդիպման շուրջ թեմաները չեն դադարում ամենապահանջվածը համարվելուց հենց ռուսական մամուլում:
«EADaily» կայքը երեկ հոդված է հրապարակել «Երեք ընկերական խորհուրդ Փաշինյանին Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին» վերնագրով: Հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Նշվել է, որ այդպիսով Պուտինը «խաղադրույք է կատարել Քոչարյանի վրա» եւ հրաժարվել տեսնել Փաշինյանին՝ որպես ՀՀ-ի երկարաժամկետ ղեկավարի:
Ըստ հոդվածի` «Թավշյա հեղափոխության» առաջնորդը փորձում է հարթել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում հանկարծակի հայտնված սուր ծայրերը: Մոսկվայի հետ հարաբերությունների սրեցումն այժմ խստիվ հակացուցված է: Այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ աճող փոխադարձ անվստահության միտումը տագնապալի է. մի բան, որ նախկինում երբեք չի եղել: Նշվում է, որ Մոսկվայում ոչ ոք չի ցանկանում հանդուրժել նոր իշխանությունների սխալները երկար ժամանակ: Եվ այդ առումով հոդվածում Փաշինյանին խորհուրդ է տրվում ուշադիր լինել յուրաքանչյուր քայլի, որը անմիջականորեն կամ անուղղակիորեն ազդում է Ռուսաստանի շահերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի իմիջին: Որպես ամփոփում՝ Փաշինյանին խորհուրդ է տրվում Ռուսաստանի մայրաքաղաք կատարելիք շատ կարեւոր այցից առաջ կուրորեն չհավատալ եւ չվստահել Արեւմուտքին:
Regnum գործակալությունը զրուցել է փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, եւ վերջինս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը Հայաստանի մասին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները, հեղափոխությունից հետո նախկին ղեկավարության հետ հաշիվներ մաքրելով, Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի վակուում են ստեղծել, ինչը լցրել է Ադրբեջանը՝ հաշվի առնելով, թե որքան արդյունավետ էր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը:
«Նեզավիսիմայա Գազետա»-ն իր հոդվածում ընդգծում է, որոչ միայն ՌԴ-ում, այլ ՀԱՊԿ-ի որոշ այլ անդամ երկրներում կարծում են, որ ՀՀ նոր իշխանությունների գործողությունները լուրջ վնաս են հասցնում կազմակերպությանը։
Տեսակետ կա, որ ռուսական մամուլում նման հոդվածները տպագրվում են ՀՀ նախկին իշխանությունների պատվերով, նրանց ֆինանսական «ներդրումների» արդյունքում: Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի իշխանության օրոք վատացել են ՀՀ ղեկավարի մեղքով, եւ մամուլի արձագանքներն այնտեղի իշխանությունների տրամադրություններն են արտացոլում:
Հետաքրքրական է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ «Սպուտնիկ Արմենիա» ընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե լարվածություն չի տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Նա վստահ է` Պուտին-Փաշինյան հանդիպումը անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ «Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարեւոր է Հայաստանի համար, մասնավորապես՝ ՌԴ նախագահի հետ»,- պնդել է նա
Հիշեցնենք, որ սա Փաշինյան –Պուտին երրորդ հանդիպումն է: Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց օրեր անց՝ մայիսին 14-ին, Սոչիում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այնուհետեւ հունիսի 13-ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
Նաիրա Հովհաննիսյան