ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանձն է առել Հայաստանում զարգացնելու կաթնարտադրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծվել է կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիրը մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն էլ գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Այդ խմբում ներառված են նաեւ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարները եւ այլոք: Եւ Տ. Ավինյանը, եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է ներկայացնի կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկություն:
Հատկանշական է, որ հուլիսի 17-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավինյանին հանձնարարել էր նաեւ Սեւանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակի, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպման, ապօրինի շինությունների առկայության վերաբերյալ հարցերի շուրջ գերատեսչությունների հետ կազմակերպել քննարկում եւ զեկուցել դրանց արդյունքների մասին: Բայց այս հանձնարարկանը դեռ հորով-մորով չարած` Ավինյանը անցում է կատարել մեկ այլ`կաթնարտադրության ոլորտ: