Պաշտոնատար անձանց կողմից Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի հանցագործություները թաքցնելու մասին գործը մտավ դատարան: Ինչպես հայտնի է, Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար քրեական հեղինակությունից` Վահագն Աբգարյանից, պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Արայիկ Ներսիսյանն եղել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
Արտակ Հովհաննիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ խոշոր չափերով կաշառք է ստացել: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: