Ո՞վ է մեղավոր վիեննական օրակարգի տապալման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ԼՂ հարցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանը: Լինելով ՀՀ արտաքին քաղաքականության ամենառացիոնալ մեկնաբաններից մեկը` Շահնազարյանը, սակայն, փաստերը ներկայացնում է այնպես, որ ստացվում է, թե նախկին իշխանությունների օրոք բանակցությունները տարվել են հայանպաստ ուղղությամբ, մինչդեռ ներկայումս իրավիճակը ի վնաս Հայաստանի է:

Հարցազրույցի առաջին ուշագրավ հանգամանքը վերաբերում է նոր իշխանությունների սպասողական մարտավարությանը, որը Շահնազարյանն անվանում է time out-ի քաղաքականություն: Բացասական գնահատելով այդ մարտավարությունը` նա միաժամանակ նկատի է առնում հանգամանքը, որ այն պսակվել է անարդյունավետությամբ` հաշվի առնելով Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով կայացած հանդիպումը: Փաստական առումով սույն պնդումն, իհարկե, ճիշտ է, սակայն այդ time out-ի քաղաքականությունը հարկ է դիտարկել որպես հակամարտության նրբություններին ու բանակցությունների մանրամասներին ծանոթանալու տեսանկյունից: Դժվար է պատկերացնել, որ երբեւէ իշխանության մեջ չեղած ուժը փողոցի ճնշման արդյունքում ստանձնի պետության կառավարումը եւ անմիջապես ձեռնամուխ լինի արտաքին քաղաքականության հարցերի լուծմանը:

Բայց եւ այնպես, Փաշինյանը նույնիսկ հենց պաշտոնավարման առաջին օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում ներկայացրեց բանակցությունների վերաբերյալ իր պատկերացումները: Դրանք, բնականաբար, պետք է դեռ մարսվեին միջազգային խաղացողների համար եւ դառնային քննարկման առարկա: Ուստի կարելի է պնդել, որ նոր իշխանությունների time out-ի մարտավարությունը ոչ թե վերաբերել է բանակցությունները ձգձգելուն, այլ խնդիրը համալիր պատկերացնելուն այդ թվում նաեւ ներգրաված միջազգային գործընկերներին ծանոթանալու համար: Ի վերջո, թե՛ Փաշինյանը, թե՛ Մնացականյանը ոչ միայն երբեւէ ԼՂ հարցով բանակցային գործընթացում ներգրաված չեն եղել եւ օրինաչափորեն տեղեկատվության չեն տիրապետել, այլեւ թերեւս անձամբ ծանոթ չեն եղել միջնորդական առաքելություն իրականացնող դիվանագետներին:

Դժվար թե կարելի լինի ժխտել անձնական ծանոթության ու հանդիպումների արդյունքում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման կենսական նշանակությունը դիվանագիտության մեջ: Արդ, կարելի է փաստել, որ ՀՀ նոր իշխանությունը ոչ թե time out է վերցրել բանակցությունները ձգձգելու համար, այլ դանդաղեցրել է բանակցային գործընթացի տեմպը դրան համակողմանիորեն իրազեկ լինելու համար: Ի դեպ, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կողմերը բարձր մակարդակի հանդիպումներ էին ունենում ամենամսյա ձեւաչափով: Բավական է հիշել, որ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2017թ. հոկտեմբերի 16-ին` 2016թ. հունիսի 20-ի Սակնտ Պետերբուրգի հանդիպումից մոտ 15 ամիս անց:

Հաջորդ եւ թերեւս ամենակարեւոր հարցը վերաբերում է Դ. Շահնազարյանի այն պնդմանը, որ «նախկին իշխանությունները հասել էին նրան, որ բանակցությունների սեղանին կար միայն մեկ օրակարգ, եւ դա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգն էր, որը վերաբերում է շփման գծում զինադադարի պահպանման ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը»: Ըստ նրա` դատելով Մինսկի խմբի համախանագահության հայտարարություններից` ՀՀ նոր իշխանությունների սխալի պատճառով նշյալ օրակարգը չեղարկվել է` տեղը զիջելով առարկայական բանակցություններին (substantive negotiations), որը հայկական կողմի շահերից չի բխում: Նախ հարկ է արձանագրել, որ հետաքննության մեխանիզմների ներդրման վիեննական օրակարգը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով գործնական առումով չեղարկել էր ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանը: Նա ժամանակին, քանիցս հրաժարվելուց հետո ի վերջո համաձայնեց հանդիպել Ալիեւի հետ Պուտինի միջնորդությամբ, ինչը երկրորդայնացրեց վիեննական օրակարգը, ըստ էության: Իսկ գործնական առումով արդեն 2017թ. հոկտեմբերի 16-ին` Ժնեւում Սարգսյան-Ալիեւ բանակցություններից հետո, վիեննական օրակարագի մասին որեւէ բառ չխոսվեց: Մինսկի խմբի հայտարարության մեջ արձանագրված էր, որ հանդիպումը ընթացել էր կառուցողական մթնոլորտում, իսկ նախագահները համաձայնել էին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ինտենսիվացման եւ հավելյալ քայլեր իրականացնել շփման գծում լարվածության նվազեցման ուղղություններով: Այսինքն` զրո բառ վիեննական օրակարգի մասին: Հետեւաբար, հանուն արդարության պետք է այդ կորուստը բարդել ոչ թե նոր իշխանությունների վրա, այլ արձանագրել, որ վիեննական օրակարգը վերանայվել է Ժնեւի բանակցություններում, իսկ դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

«Առարկայական բանակցություններ» (substantive negotiations) եզրույթի կիրառության հարցում Շահնազարյանի վատատեսությունը նույնպես տարակուսելի է: Նախ, ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահության ս.թ. հուլիսի 12-ի հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները սոսկ մտքեր են փոխանակել առարկայական բանակցությունների վերսկսման հաջորդ քայլերի ու պարամետրերի շուրջ: Եվ եթե անգամ ելնենք այն հանգամանքից, որ առարկայական բանակցություններն Ադրբեջանի համար ենթադրում են միայն «տարածքների վերադարձ», ապա մի՞թե բանակցային սեղանի շուրջ սպասարկվում է միայն Ադրբեջանի շահը: Չէ՞ որ Հայաստանի համար էլ այդ նույն առարկայական բանակցություններն Արցախի հստակ կարգավիճակի համար են: Ի վերջո, հայտարարության մեջ կրկին շեշտվում է լարվածության նվազեցման մասին` միաժամանակ հղում կատարելով Հելսինկյան վերջնական ակտին ու ուժի կիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքներին: Ըստ էության, հայտարարությունը կրկնում է նախորդ նույնաբնույթ հայտարարությունների բառապաշարը: Անշուշտ, առարկայական բանակցությունների (substantive negotiations) մասին հիշատակությունը կարող է մեկնաբանվել ինչպես դրական, այնպես էլ բացասական համատեքստում, սակայն դա դիտարկել որպես ներկա իշխանությունների թուլություն կամ վրիպում, անարդար է` հատկապես, երբ լղոզվում է պատասխանատվությունը անիրական վերագրումների միջոցով:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս